Վերջնախաղի մեկնարկը՝ ուրբաթ

Վերջնախաղի մեկնարկը՝ ուրբաթ

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստանի» հերթական հանրահավաքն էր հրավիրել Ազատության հրապարակում: Հավաքը խիստ սակավամարդ էր: Րաֆֆին իր ելույթում նորից հիշեցրեց, որ պայքարն ի վերջո հանգեցնելու է հաղթանակի, Սերժ Սարգսյանին հորդորեց հրաժարական տալ հանուն Հայաստանի ապագայի, հետո խոսեց եկեղեցուց, որ պետք չէ հավատը խառնել քաղաքականությանն ու թույլ տալ, որ այն ենթարկվի իշխանությանը: Անդրադարձավ նաեւ ՀՅԴ-ին` նշելով, որ 125-ամյա կուսակցությունը հեռացել է ժողովրդից, եւ ինքն ակնկալում է ՀՅԴ-ից իրենց դիրքորոշման եւ արժեքների վերանայում, որ վերադառնան ժողովրդի գիրկը, սակայն, այդուհանդերձ, ինքն ուրբաթ օրը, ժամը 7-ին ներկա կգտնվի ՀՅԴ 125-ամյակին: Վերջում նա դիմեց պայքարի իր գործընկերներին` նշելով, որ ոչ մեկը ժողովրդի հաղթանակն իրավունք չունի սեփականաշնորհելու, ու կոչ արեց դեկտեմբերի 10-ին միանալ Մարդու իրավունքների օրվա հետ կապված միասնական երթին։ Ուրբաթ օրվանից, ըստ նրա, կսկսվի այս ամենի վերջնախաղը: