Քննարկումները վերսկսել են կոնցեսիոների հետ

Քննարկումները վերսկսել են կոնցեսիոների հետ

Ամռանը Հանրային խորհրդում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղեւորային համալիրի վերաբերյալ տեղի ունեցած մի քանի թեժ քննարկումներից հետո Հանրային խորհուրդը որոշեց դիմել ՀՀ կառավարությանը՝ կոնցեսիոներին առաջարկելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման խնդրի լուծմանը ներգրավել նաեւ կառույցի հեղինակներին: 



Այս հարցի հետ կապված՝ երկար ժամանակ պատասխան արձագանք չկար կոնցեսիոների կողմից, բայց, ինչպես տեղեկացանք Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից, կոնցեսիոներն արձագանքել է, եւ հիմա սկսել են բանակցությունները, նորից են նայվում նախագծերը, քննարկումներն ընթացքի մեջ են, բայց դեռ որեւիցե բան հստակեցված չէ։



Այն հարցին, թե հեղինակներին ընդգրկե՞լ են քննարկումներում, Մինասյանը նշեց, որ այստեղ նման խնդիր չկա. «Հեղինակներից մեկը Ֆրանսիայում է գտնվում, եւ նա իր առաջարկներն ուղարկել է, հիմա պետք է քննարկվի խնդիրը, եւ այդ հարթությունում եւ մի քիչ ավելի բարձր հարթությունում տեսնենք՝ ընդհանրապես ինչ է ստացվելու»։ Թե ինչն է խնդիրը, որ ամռանը պահանջում էին քննարկումներին մասնակից դարձնել նաեւ հեղինակներին, իսկ հիմա՝ ոչ, Մինասյանը նշեց. ««Հայնախագիծը», որպես այդ նախագծի հեղինակ, տեր է կանգնում ու իր առաջարկներն է անում, ասում է, թե ինչ տարբերակների վրա կանգ առնել, ինչ ուղղությամբ մտածել, որն է ճիշտը մեր կարծիքով, որոնք են իրենց ցանկությունները եւ հնարավորությունները»։



Թե ինչպես կգնահատի քննարկումների ընթացքը՝ կոնցեսիոները հակվա՞ծ է զիջումների եւ «Զվարթնոցի» հին շենքը պահպանելուն, ապա. «Իրենք նախկինում արված քննարկումից հետո եկել են պահպանման ինչ-որ մի որոշակի աստիճանի, որը մեզ դեռեւս այդքան չի բավարարում, այսինքն՝ մենք կուզենայինք, որ միջուկը աշտարակի հետ միասին հետագա ընդարձակման հետ միասին ընդգրկվեր ամբողջ օրգանիզմի մեջ»։ Ճարտարապետների միության նախագահը մեր հարցին ի պատասխան նշում է, որ չեն շտապում հարցը նորից քննարկման դնել Հանրային խորհրդում, որովհետեւ Հխ-ում մեծ մասը չի հասկանում խնդրի էությունը, նույնիսկ կարող են խանգարել, իսկ հիմա իրենք զուտ մասնագիտական քննարկումներ են վարում. «Մենք հիմա աշխատում ենք, որ թե ինստիտուտը, թե մասնագետները մի հատ իրար հետ ընդհանուր հայտարարի գան, որից հետո տեսնենք ինչ է լինում»։



Թե կողմերից քանի հոգի է ընդգրկված քննարկումներում, ապա կազմն անընդհատ փոփոխվում է, կախված նրանից, թե քննարկման այս փուլում մասնագիտական ինչ կազմ է անհրաժեշտ։ «Լուրջ քննարկումների ժամանակ այդ կազմն ավելի է ընդարձակվում»,-նշեց Մինասյանն ու հավելեց, որ հունվարի կեսերից պարզ կլինի, թե ինչ փուլ կմտնի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հարցը։