Հուսահատությունից ծնված խոսքեր

Հուսահատությունից ծնված խոսքեր

Լեռնային Ղարաբաղի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի կարծիքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը «հուսահատությունից» ծնված խոսքեր էին: Սարգսյանը կշտամբել էր դաշնակից պետություններին Լեռնային Ղարաբաղի հարցում քար լռություն պահպանելու, Հայաստանին աջակցություն չհայտնելու եւ ադրբեջանական ագրեսիային որեւէ կերպ չարձագանքելու համար, խոսքը ՀԱՊԿ պետությունների մասին է: Խանումյանի խոսքով՝ այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի հեղինակությունը բավական ցածր է։



«Ընդ որում՝ ղեկավարները բացահայտորեն ոչ հարգալից են խոսում Սերժ Սարգսյանի նկատմամբ, հետեւաբար, չեմ կարծում, թե այդ կշտամբանքը կարող է ինչ-որ բան փոխել»,- ասում է նա ու նկատում․ «Ժամանակի ընթացքում բոլորիս համար է պարզ դարձել, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ հայկական հարցերի վերաբերյալ՝ եթե չասենք թշնամական, ապա ոչ բարեկամական դիրքորոշում են ունեցել, որն արտահայտվել է տարբեր ամբիոններում իրենց քվեարկություններով, թե հրապարակային ելույթներով, հետեւաբար, նման դաշնակիցներ ունենալն առնվազն խնդիրների տեղիք է տալիս: Այդ հարաբերությունները պետք է ժամանակին հաշվի առնվեին, եւ ժամանակ առաջ չվազեին նույն կազմով Տնտեսական միություն, ինչպիսին է ԵՏՄ-ն»: Եթե այդ խոսքերը տասը տարի առաջ ասվեին, Խանումյանի խոսքով, գուցե ազդեցություն ունենային, բայց հիմա՝ ոչ:



«Միակ քայլը, որն արտաքին գերատեսչությունը պետք է կատարի, Արցախի ճանաչման շուրջ հստակ աշխատանքներ տանելն է: Հունաստանի խորհրդարանն այսօր, օրինակ, Պաղեստինը որպես պետություն ճանաչեց, այսինքն՝ մենք ամեն օր ականատես ենք լինում նախադեպերի, հետեւաբար, մեր աշխատանքներն էլ այս ուղղությամբ պետք է լինեն»: