2015-ի մշակույթն ու Հայոց ցեղասպանության 100-ամյակը

2015-ի մշակույթն ու Հայոց ցեղասպանության 100-ամյակը

2015 թվականը մշակութային կյանքում եւ ողջ հայության համար նշանավորվեց նախեւառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով, որի շրջանակներում Հայաստանում եւ աշխարհի 35 երկրում 376 միջոցառում անցկացվեց, իսկ ապրիլի 22-24-ին Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներն ուղիղ հեռարձակմամբ հնարավորություն ունեցավ դիտել 1 մլրդ․ 300 մլն․ մարդ։ Անշուշտ, այդ 376 միջոցառումներից շատ քչերը դարձան մշակութային իրադարձություն։ 



Թերեւս տարվա գլխավոր իրադարձությունը, եւ ոչ միայն մշակութային, ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում System of a Down ռոք խմբի համերգն էր, որն անցնում էր «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրի ներքո եւ նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն, ինչ կատարվեց այդ օրը Երեւանում, հորդառատ անձրեւի տակ, աննկարագրելի էր, իսկ այն միասնականությունն ու ոգեղենությունը, որ կային համերգի ժամանակ, զարմացրել էին նաեւ խմբի անդամներին ու Սերժ Թանկյանին։ Հաջորդ մասշտաբային իրադարձությունն ապրիլի 23-ին աշխարհի ավելի քան 43 երկրների 100 երաժիշտներից բաղկացած մեծ ֆիլհարմոնիկ երգչախմբի յուրօրինակ համերգն էր, երգչախումբ, որը հատուկ ժամանել էր Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ կատարելու այս 100 տարիների ընթացքում ապրած հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այդ ընթացքում անմոռուկը, իբրեւ մեր մշակութային իդենտիկության անբաժան մաս, մտավ հանրակրթական դպրոցներ, դարձավ առուծախի առարկա, իսկ ապրիլքսանչորսյան միջոցառումներից հետո հայտնվեց մարդկանց ոտքերի տակ՝ Ծիծեռնակաբերդի ճանապարհին։



Հաջորդ փորձը՝ աշխարհի ուշադրությունը սեւեռելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի վրա, «Եվրատեսիլն» էր, որը, մեղմ ասած, չաշխատեց, չնայած որ ձեւաչափը հետաքրքիր էր ընտրված՝ ազգությամբ հայ 6 արտիստները ներկայացնում էին երկրագնդի 5 աշխարհամասերը եւ Հայաստանը, որոնց իրար հետ կապում է ծագումնաբանությունը՝ Genealogy-ն։ Թեեւ երգի անվանումը փոխվեց՝ «Մի ժխտիր»-ը դարձավ «Առերեսվիր ստվերին», բայց, ինչպես հետո պարզ դարձավ, դա էլ չօգնեց․ Եվրոպան չցանկացավ առերեսվել Հայոց ցեղասպանության խնդրին, եւ խիստ քաղաքականացված այդ մրցույթում այս անգամ քաղաքականությունը խաղից դուրս մնաց։



Ռոքին, փոփին հաջորդեց էրոտիկան, այլ կերպ ասած՝ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան։ Սա այն դեպքն էր, երբ միջազգային մամուլը, անգամ ամենածանրակշիռ պարբերականները սիրահոժար ցանկացան առերեսվել Քիմի հետույքին եւ Հայոց ցեղասպանության հարցին՝ ժամ առ ժամ ներկայացնելով նրա եւ ընտանիքի տեղաշարժը Հայաստանում։ Ապրիլի 24-ի նախօրեին Քարդաշյանի անունն արդեն ներկայացվում էր ոչ թե շոուբիզնեսային, այլ քաղաքական ենթատեքստով։ Իսկ նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի հանպատրաստից համերգն ու ինքնամոռաց ցատկը Կարապի լճում կեսգիշերն անց ոտքի էր հանել ոչ միայն ողջ Երեւանն ու միջազգային մամուլը, այլեւ 2-րդ շնչառություն էր բացել 100-ամյակը շալակած 21-րդ դարում ապրող հայ երիտասարդության մոտ։



Միջազգային մասշտաբի, բայց արդեն կինոաստղերի՝ դերասանուհիներ Օռնելլա Մուտիին եւ Նաստասյա Կինսկիին հյուրընկալեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ովքեր մի քանի օր շարունակ կինոյի եւ հմայքի «դասեր» տվեցին հայ հանդիսատեսին։ Անկախ իր աստղային հյուրերի կազմից, վստահաբար կարելի է ասել, որ «Ոսկե ծիրանը» մեր երկրում 12 տարի շարունակ մշակութային իրադարձություն ստեղծող փառատոն է, որը մեկ շաբաթով տոն է պարգեւում Երեւանին։



2015-ին Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված նաեւ մի շարք ֆիլմեր ստեղծվեցին. «1915», «Մեր Ատլանտիդան», «Փրկության քարտեզ», «Մի խենթ պատմություն», անգամ Ճոյտը ֆիլմ նկարեց, որը հասցրեց միայն նախացուցադրություն ունենալ, իսկ պրեմիերային ընդառաջ մերօրյա «Սփիլբերգին» ձերբակալեցին, ֆիլմն էլ Յութուբից հանեցին։ Բայց այդ օրերին թերեւս ամենաքննարկվածը թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմն էր, որի ֆինանսավորման հարցում իր բաժինն էր ունեցել նաեւ հայկական կողմը, բայց ֆիլմի երեւանյան ցուցադրությունից հետո այն միանգամից որակվեց հակահայկական։ Հասկանալի պատճառներով, թուրք ռեժիսորը, ինչպես հայ հանդիսատեսը կուզենար տեսնել, չէր խորացել եւ ավելորդ ինֆորմացիայով, մեղմ ասած, չէր «ծանրաբեռնել» ֆիլմը, նա ընդամենը ցույց էր տվել ցեղասպանության հետեւանքով մարդկային ցավի, կորստի ճանապարհը եւ փորձել էր ապրումակցել նրանց: Շատ է, թե քիչ 100 տարի անց տեսնել այդ ապրումակցումը, դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ էր. ֆիլմում շատ սիմվոլիկ ձեւով թուրք ռեժիսորը համրացած հայի կերպարում ցույց էր տվել սեփական երկրի եւ ամբողջ աշխարհի կողմից 100 տարվա լռության մատնված հայ ժողովրդի վիճակը:



Այս տարի կառավարությունը հետ վերցրեց 2005թ․ ընդամենը 350 մլն․ դրամով վաճառված «Հայֆիլմ» կինոստուդիան, քանի որ սեփականատերը չէր կատարել պարտավորությունները։ Այդ քայլը դրական որակվեց ու հույսեր արթնացրեց «Հայֆիլմի» փառահեղ անցյալով ապրողների մոտ։ 2015-ին նոր ընթացք տրվեց նաեւ «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծին, նախագահի հանձնարարականով եւ մշակույթի նախարարի հրամանով «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակման մասնագիտական հանձնաժողով ստեղծվեց, որում ընդգրկվեցին կինոոլորտի մի շարք մասնագետներ՝ քննարկելու այն հարցերը, որոնք առանցքային են կինոարտադրության համար եւ պետք է արտացոլվեն օրենքի մեջ։ Թե որքանով «Հայֆիլմի» վերադարձը եւ «Կինոյի մասին» օրենքի ընդունումը կնպաստեն կինոոլորտի զարգացմանը, դժվարանում են կանխատեսել անգամ մասնագետները։



Տարվա ամենաքննարկվող թեմաներից մեկն Օձունի եկեղեցու վերականգնման հարցն էր։ Ողջ տարվա ընթացքում ԶԼՄ-ներն անանուն նամակներ էին ստանում, որտեղ ոչ միայն մանրամասներ էին ներկայացվում սխալ վերականգնման, ֆինանսական չարաշահումների հետ կապված, այլ նաեւ պահանջում էին մշակույթի նախարարի եւ փոխնախարարի հրաժարականը։ Թեեւ փոխնախարարն իր պարզաբանումների մեջ նշում էր, որ Օձունի վերականգնման աշխատանքները կատարվել են նախագծով հաստատված նախահաշվով, եւ որակի հետ կապված խնդիր չկա, բայց տեղում արված լուսանկարները, ինչպես նաեւ համայնքապետը, վերականգնող ճարտարապետը, հոգեւոր հովիվն այլ բան էին ասում։ Այս պատմության մեջ տարօրինակորեն լռում էր Օձունի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանը, նա, ով ամենամեծ դժգոհությունն ուներ վերականգնումից եւ ինչ-ինչ պատճառներով դադարեցրեց եկեղեցու վերականգնման ֆինանսավորումը։



«Ճարտարապետության քաղաքականությունը եւ քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանի հետ հանդիպմանը մի քանի հարյուր երիտասարդներ էին ներկա, հիմնականում՝ ուսանողներ։ Երկար ժամանակ լռություն պահպանած Մեսչյանն այդ օրը մի քանի ժամ խոսեց եւ խոսեց սրտացավորեն՝ ոգեւորելով ներկաներին. «Պետք է արվի այն, ինչ որ արդեն սկսել է արվել՝ դուք եք, իսկ դուք ապագա Հայաստանի վերնախավն եք։ Դա այն է, որի բացակայության դեպքում երկիրը, որպես երեւույթ, չի գոյատեւում, քանդվում է։ Իսկ ո՞նց է ստեղծվում վերնախավը՝ կառավարության որոշումներո՞վ, միտինգներո՞վ, տարբեր կուսակցություններին հարել կամ չհարելո՞վ․ ստից բաներ են դրանք բոլորը։ Վերնախավն սկսվում է նրանով, որ ամեն մեկն իր տեղում մանրամասն, ազնվությամբ, շնորհքով ու տաղանդով կատարում է իր գործը։ Սկսում ենք շատ պարզ, 1-ինը՝ սկսում ենք լավ սովորել, 2-րդ՝ լիքը բան կարդալ, եւ 3-րդ՝ ամենակարեւորը, ստեղծում ենք միջավայր, որովհետեւ վերնախավն ու ազնվականությունն առաջին հերթին միջավայր է»։ Մեսչյանի խոսքերը եւ նրա հետ հանդիպումն ամենասպասվածներից էին, որի խոսքը System of a Down-ի երեւանյան համերգի էֆեկտն ունեցավ երիտասարդների վրա։



Երկրորդ տարին անընդմեջ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում խմորումները չեն դադարում։ Եթե 2014-ին դրանք ծավալվեցին Օպերայի տնօրենի նշանակման շուրջ, ապա 2015-ին օպերային թատրոնն անսպասելի կերպով՝ ի դեմս Գեղամ Գրիգորյանի, ունեցավ թատրոնի գեղարվեստական ղեկավար, որը մի քանի ամիս անց՝ տարեվերջին, նույնքան անսպասելի ձեւով կրճատեց գլխավոր դիրիժորի հաստիքը՝ հեռացնելով Կարեն Դուրգարյանին թատրոնից։ Այս դեպքում նույնպես անանուն նամակներ հղվեցին ԶԼՄ-ներին, եւ կուլիսային խոսակցություններ ծավալվեցին, որոնք մի բանի մասին էին փաստում, որ Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Սմբատյանի կողմից կատարվող այդ փոփոխությունները միտված են Սմբատյաններից կրտսերին՝ Սերգեյ Սմբատյանին Օպերային թատրոն բերելուն։ Գլխավոր դիրիժորի կարգավիճակով։



Ինչ խոսք, 2015-ի մշակութային կյանքը՝ լավ թե վատ, միայն այսքանով սահմանափակված չէ, բայց սրանք թերեւս այն իրադարձություններն են, որ հանրային հնչեղություն ստացան եւ մանրակրկիտ լուսաբանվեցին։