«Human Rights Watch»-ն էլ է իրազեկված Գեւորգ Սաֆարյանի մասին

«Human Rights Watch»-ն էլ է իրազեկված Գեւորգ Սաֆարյանի մասին

2016-ը մեկնարկեց ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ հետապնդումներով եւ բռնություններով:



Իր քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար հերթական անգամ ոստիկանների կողմից բռնությունների ենթարկվեց Վարդգես Գասպարին, որոնց մասին նա մանրամասն նկարագրեց Ֆեյսբուքյան իր էջում: Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, որ ակցիաներ իրականացնելիս դառնում է ոստիկանների թիրախը, մտահոգություն է հայտնում այն մասին, որ, եթե իր հետ, որպես քաղաքացիական ակտիվիստի, ոստիկանական բաժանմունքներում այդպես դաժան են վարվում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես են վարվում այլ՝ ոչ հայտնի ՀՀ քաղաքացիների հետ:
Իր տան մոտ բռնության ենթարկվեց «Նոր Հայաստան» շարժման աջակից Սյուզի Գեւորգյանը: Երեւանի Կոմիտասի պողոտայում 24-ամյա աղջկա վրա հարձակվել եւ դաժան ծեծի էին ենթարկել երկու տղամարդ, որից հետո նրանք դիմել էին փախուստի: Բժշկական հետազոտությամբ Սյուզի Գեւորգյանի մոտ հայտնաբերվեց ուղեղի ցնցում:
Անցած ութ օրերի ընթացքում հասցրեցինք ունենալ նաեւ հերթական քաղբանտարկյալը:
«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամները հունվարի 1-ին Ազատության հրապարակում ցանկացել էին տոնածառ տեղադրել, սակայն ոստիկանության աշխատակիցներն արգելել էին դա անել և տապալել էին այն: Ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցած բախումներից հետո Գևորգ Սաֆարյանին և 4 ակտիվիստների բերման ենթարկեցին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Գևորգ Սաֆարյանի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանության հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչները պնդում են, որ Սաֆարյանի վրա վնասվածքների հետքեր են եղել, նրա նկատմամբ բռնություն են կիրառել ոստիկանները։
Հունվարի 3-ի դատարանի վճռով Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Մնացած ակտիվիստներն ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել էր նաեւ անցյալ տարի, ապրիլի 24-ից առաջ՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով, ապա ազատ արձակվել ստորագրության դիմաց։
Սաֆարյանին քաղբանտարկյալ են համարում Հայաստանի մի շարք իրավապաշտպաններ, իսկ Հայ ազգային կոնգրեսը, համարելով, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան:
Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ հետապնդումների մասին իրազեկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը, եւ որ նրանք հետեւում են Սաֆարյանի գործին: Առայժմ, սակայն, կազմակերպությունից որեւէ արձագանք չկա:



Թագուհի Հակոբյան