Քանդելով էստակադան՝ ոչնչացնում են օդանավակայանը

Քանդելով էստակադան՝ ոչնչացնում են օդանավակայանը

Երեւանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ Այդ մասին երեկ հայտարարությամբ հանդես եկավ ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը, մասնավորապես նշելով. «Նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության եւ միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որեւէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում։ Կաշառքի դիմաց ազգային արժեքներ ոչնչացնողն ազգի թշնամին է։ Ուստի, «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի եւ Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին»։ 



Անահիտ Թարխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախօրեին շատ հանկարծակի իմացել է, որ շինթույլտվությունը՝ քանդման աշխատանքներն սկսելու համար, արդեն տրված է նոր օդանավակայանի սեփականատիրոջը, ինչի առիթով շատ վրդովված է եւ առաջիկայում մի քանի ճարտարապետների հետ հանդես կգա միասնական հայտարարությամբ, ինչպես նաեւ կլինի հանդիպում-քննարկում Հանրային խորհրդում այդ հարցի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է այն բանին, որ միայն էստակադայի մասն է քանդվում, ապա, ըստ Թարխանյանի, օդանավակայանը միասնական համալիր է, էստակադան կազմում է այդ համալիրի անբաժան մասը, եւ, քանդելով էստակադան, կտրուկ փոխվում են ընդհանուր ծավալատարածական լուծումները. «Ամենակարեւորը՝ քանդելով էստակադան, ոչնչացնում են օդանավակայանը որպես այդպիսին, այլեւս գործել որպես օդանավակայան նա չի կարողանա, կարող է գործել, ասենք, որպես բիզնես-կենտրոն, բայց այսօրվա լարված քաղաքական իրավիճակում գնալ այդպիսի ռիսկի ու զրկել սեփական ժողովրդին միակ միջոցից, որն ապահովում է շրջափակումից դուրս գալու ելքը, դա անմտություն է եւ թեթեւսոլիկություն»։ Ըստ ճարտարապետի, ապամոնտաժումը, միանշանակ, պայմանավորված է կոռուպցիոն շահով, որովհետեւ Նոր տարուց առաջ շատ երկար քննարկում է եղել գլխավոր ճարտարապետի հետ, որտեղ քաղաքապետարանը վստահեցնում էր, որ քանդելու որեւէ շինթույլտվություն չի տրամադրվի կոնցեսիոներին, ապամոնտաժում չի լինի, բայց մի քանի օրվա մեջ պարզվում է, որ տրվել է շինթույլտվությունը։



Հարցին, թե այս պայմաններում, երբ արդեն կա թույլտվությունը, եւ սկսված է ապամոնտաժումը, ի՞նչ հնարավոր կլինի անել, ապա, Թարխանյանի կարծիքով, պետք է բոլոր քայլերն արվեն, որպեսզի դադարեցվի եւ անվավեր ճանաչվի շինթույլտվությունը։ Իսկ այդ ճանապարհին հանրային քննարկումները, մամլո ասուլիսները, որ առաջիկայում կհրավիրեն, կարծում է՝ մեծ ազդեցություն կունենան։



Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որը նույնպես ընդգրկված էր կոնցեսիոների հետ քննարկումների խմբի մեջ, մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ էր այդ որոշման մասին, բայց չէր սպասում, որ այդքան արագ կլինի, որովհետեւ հարցը դեռ քննարկման փուլում էր, եւ ճարտարապետներն Էռնեկյանի խմբի հետ միասին պետք է հարցը վերջնական քննարկեին, ապա նոր աշխատանքներն սկսվեին. «Ապամոնտաժում են մեջտեղի էստակադան միայն, շենքերին ձեռք չեն տալիս, սկսել են էստակադայի ապամոնտաժման աշխատանքները, բայց մենք՝ Ճարտարապետների միությունը, ճարտարապետները, վախենում ենք, որ այդ մասնակի քանդումները հանկարծ բերեն ավելի մեծ քանդումների, երբ հարցը համակողմանի՝ մեր եւ իրենց ճարտարապետների կողմից չի քննարկվել, պայմանագիր չի արվել, թե այս կամ այն քանդման հետ կապված ինչ պետք է փոխվի, ինչ մնա, ինչ նոր շենք պետք է լինի։ Հույս ունենք, որ վերջնական քննարկում կանենք, որովհետեւ էստակադան նույնիսկ հեղինակների առաջարկների մեջ չկար՝ հանված էր»։



Անօրինական չե՞ն այս գործողությունները, հատկապես որ վերջնական քննարկում եւ որոշում չեն եղել։ «Գիտեք, այդ կոնցեսիոներն անընդհատ պնդում է, որ ինքն ուշանում է որոշակի ժամկետներից՝ հետագա նոր օդանավակայանի հետ կապված խնդիրներ ունեն եւ ուզում են իրենց ծրագրերի մեջ մտնեն, բայց, իհարկե, դա պետք է վերջնականապես քննարկվեր ու նոր արվեր, երեւի կառավարությունը, քաղաքապետարանը, հաշվի առնելով, որ շենքին ձեռք չի տրվում, թույլ է տվել»։



Ստացվում է, որ իրենց ամիսների քննարկումներն անարդյունավե՞տ էին՝ Մինասյանն այդպես չի կարծում, որովհետեւ նախնական տարբերակում կոնցեսիոները ներկայացրել էր, որ ընդհանրապես պետք է այդ շենքն՝ աշտարակով հանվի, բայց իրենց քննարկումների արդյունքում եկան այն համոզման, որ աշտարակը եւ փոքր կոր կառույցը թողնեն. «Հիմա մեր խնդիրն է նաեւ այն, որ մեծ կորը պահպանվի եւ ընդգրկվի այսօրվա նոր կառույցների հետ»։ Այսինքն՝ բավարար կարելի՞ է համարել այն արդյունքը, որին քննարկումների ընթացքում հասան։ «Դեռ ոչ, որովհետեւ այդ քննարկումները պետք է շարունակվեն, որպեսզի պահպանենք շենքն ամբողջությամբ»։ Ինչպե՞ս կարող են քննարկումները շարունակվել, երբ ապամոնտաժումն արդեն սկսվել է։ «Դա էստակադան է, ճիշտ է՝ դա վախեցնող հանգամանք է, բայց ես կարծում եմ, որ պետք է զուգահեռ տանել նաեւ ճարտարապետների հետ համագործակցությունը, որպեսզի հնարավորինս պահպանվի հին շենքը, եւ նոր կառուցվող շենքի հետ միասին կարողանան ակտիվ աշխատել»։ Իսկ թե ինչ-որ կերպ փորձելո՞ւ են երաշխիքներ ստանալ, որ էստակադայից բացի այլ հատված կոնցեսիոները չապամոնտաժի, ապա պայմանագիրը կազմելու ժամանակ հիմնական կետերի մեջ պետք է ամրացվեր այդ խնդիրը. «Օրինակ ասենք, որ ինչ-որ բաներ, իհարկե, պետք է քանդվեն, հին շենքերը կոնսերվացված վիճակում, այն էլ այդպես ակտիվ զոնայում, դժվար են մնում, եւ մենք ուզում էինք այդպիսի կետերով ամրագրեինք, որ եթե այս ճանապարհն էստակադան խանգարում է, ու դա կարելի է հանել, դա երբեք չպետք է վնասի հիմնական շենքի ամբողջականությանը»։ Թե որքանով հույս կա, որ այդ կետերը կամրագրվեն պայմանագրի մեջ, ապա Մինասյանը կարծում է, որ քննարկումները կշարունակվեն, եւ կկարողանան դրան հասնել։