ՄԻՊ աշխատակազմից ազատման դիմում է գրել միայն խոսնակը

ՄԻՊ աշխատակազմից ազատման դիմում է գրել միայն խոսնակը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ, կատարելով օրենքի պահանջը, երկրորդեց իր հրաժարականը։ Ի տարբերություն առաջին դիմումի, այս անգամ օմբուդսմենը փորձել է ինչ-որ կերպ բացատրել հրաժարականը եւ գրել է․ «Եթե 2016-ին էլ հենց ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարեւորագույն ինստիտուտն այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»: Նկատենք, որ այս հայտարարությունն էլ առանձնապես լույս չսփռեց նրա հրաժարականի պատճառների վրա։



ՄԻՊ գրասենյակում Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո երեկ անորոշ տրամադրություն էր տիրում։ Աշխատակազմից առայժմ հրաժարական է ներկայացրել միայն օմբուդսմենի խոսնակը՝ Շուշան Դանիելյանը, որը, ըստ հաստիքացուցակի, աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։ Մյուսներին նախկին ՄԻՊ-ը հրահանգել է աշխատել մինչեւ նոր ղեկավարի գալը։ Քաղաքացիներին, ովքեր դիմում են գրասենյակ, աշխատողներն այս օրերին կարող են զուտ իրավական խորհրդատվական օգնություն ցուցաբերել, քանի որ, ըստ ՄԻՊ մասին օրենքի, «Առանց գործող Պաշտպանի առկայության որեւէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները։ Իրենց իրավունքներն Օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր Պաշտպանի ընտրվելուց հետո»։ Այս մասին ՄԻՊ աշխատակազմը երեկ հաղորդագրություն էր տարածել։ Այցելուներ այս օրերին գրասենյակում շատ չէին։ Առհասարակ, վերջին շրջանում ՄԻՊ գրասենյակի աշխատանքը բավականին բարդացել էր, աշխատակազմը հայտնվել էր չհայտարարված պատերազմի եւ «շրջափակման» վիճակում։ Մեր հավաստի տեղեկություններով, պետական մարմինները դժկամությամբ էին սկսել պատասխանել ՄԻՊ գրություններին, հաճախ պատասխաններում նշվում էր, որ տվյալ խնդիրն օմբուդսմենի ոլորտից դուրս է։ Արագ հակազդման խմբի անդամներին չէին թողնում կալանավորված կամ ձերբակալված անձանց մոտ։ Կարեն Անդրեասյանին «փակելու» միտումներ կային նաեւ մեդիադաշտում։



Հեռուստատեսությունը նրան առաջվա չափ հաճախ չէր նկարում։ Եվ, հաշվի առնելով այն, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմը հիմնականում ձեւավորվել է Կարեն Անդրեասյանի կողմից, եւ հաջորդ օմբուդսմենն ամեն ինչ անելու է նրա ճակատագրին չարժանանալու համար, ուստի կարելի է սպասել, որ աշխատակազմը հիմնովին կփոխվի։



Այս պահին ՄԻՊ թեկնածուի մի քանի անուն է նշվում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյան, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան։ Երեկ շրջանառվեց նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդական Արամ Վարդևանյանի անունը, որը Կարեն Անդրեասյանի օրոք մի կարճ շրջան աշխատել է ՄԻՊ գրասենյակում։ Կարեն Անդրեասյանի գրասենյակի ղեկավար կազմը 6 հոգուց է կազմված, որոնցից երկուսը՝ Նորա Ալավերդյանը եւ Արմինե Պողոսյանը, աշխատում էին դեռեւս առաջին օմբուդսմենի՝ Լարիսա Ալավերդյանի հետ։ Գենյա Պետրոսյանը եւ Ռուբեն Մարտիրոսյանը, որոնք Անդրեասյանի տեղակալներն էին, իրենց դիմումների համաձայն, հեռացել են 2014 թվականին։ Մյուս տեղակալը՝ Երանուհի Թումանյանցը, աշխատում է Արմեն Հարությունյանի ժամանակից։ Հարությունյանի օրոք գործի էին ընդունվել նաեւ վարչության պետի տեղակալ Ռուզան Բադալյանը, Սյուզի Սարգսյանն ու Ռուզան Ղազարյանը, այլք։ Կարեն Անդրեասյանը ՀՀ օմբուդսմեն աշխատեց 2011-2016 թվականներին։