Օլիգարխները կպայքարեն իրար դեմ

Օլիգարխները կպայքարեն իրար դեմ

Թեեւ Սահմանադրության փոփոխությամբ ամբողջությամբ անցում կատարվեց համամասնական ընտրակարգին, սակայն ընդդիմադիրները չեն դադարում կասկածել, որ իշխանությունն «այլընտրանքային» լուծում է գտնելու եւ Ընտրական օրենսգրքով գործի է դնելու մեծամասնական ընտրակարգի այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել իշխանության վերարտադրությունը: Գրեթե հաստատվում է, որ նոր ԸՕ-ում նախապատվությունը տրվելու է ռեյտինգային քվեարկությանը, իսկ ձայների հաշվարկի դեպքում, ամենայն հավանականությամբ, կգործի 50/50 համամասնությունը։ Այսինքն, սահմանային շեմը հաղթահարած յուրաքանչյուր կուսակցությունից ԱԺ կմտնեն կեսը քաղաքական ցուցակից, մյուս կեսը՝ ռեյտինգով ձայներ հավաքածները։ Այնպես, որ խորհրդարանի ուղիղ կեսը կլինեն «տոկոս ապահովողները», ինչը նշանակում է մի կողմից անցնել համամասնական ձեւին, մյուս կողմից՝ պահել ու ընդլայնել բովանդակությամբ մեծամասնականների թիվը: Եթե նախորդ խորհրդարանում ընդամենը 41 մեծամասնական տեղ գոյություն ուներ, որը հիմնականում բաշխված էր ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ապա ապագայում առնվազն 50-ն են լինելու, որովհետեւ նոր Սահմանադրությամբ պատգամավորների ելակետային թիվ է ընտրված 101-ը, որը, սակայն, կարող է աճել՝ հասնելով մինչեւ 120-131-ի, միայն թե ելակետային 50 մեծամասնական տեղերը բաշխվելու են բոլոր ուժերի միջեւ:



Կարելի է տեսական հաշվարկ կատարել, ընդունենք, որ ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն 40 մանդատ կվերցնի, ապա առնվազն 20-ը կլինեն մեծամասնականով ընտրված «կոճակ սեղմողներ»: Իսկ եթե հաշվի առնենք ռեալ հեռանկարը, որ այս խավի ներկայացուցիչները կարող են իշխանության կողմից ներդրվել այլ կուսակցությունների ցուցակներում եւ հատկապես ԲՀԿ-ում, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ապա իշխանությունը կրկին կտնօրինի առնվազն 30-35 մեծամասնական մանդատ:



Ի դեպ, բացի ՀՀԿ-ից, ռեյտինգային քվեարկության դասական մոդելի վերաբերյալ առարկություններ ունեն մյուս թեկնածուները, քանի որ ողջ հանրապետության մասշտաբով նրանք չունեն այնպիսի հանրաճանաչ եւ փողատեր կուսակիցներ, ինչպիսիք ՀՀԿ-ի «տոկոս խփող» գործարարներն են: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ ընտրությունն ազատ թողնվի, եւ ոչ բոլոր ընտրատարածքներում պարտադիր պայման դառնա ռեյտինգային ցուցակ ներկայացնելը: Այսինքն՝ որ տարածքում որ չունեն նման թեկնածուներ, քվեարկության կդրվի միայն կուսակցության քաղաքական ցուցակը:



Արդեն տեղեկացրել ենք, որ գրեթե երեք անգամ կկրճատվի նաեւ ընտրատարածքների ցանկը, ներկայիս 41-ը կդառնա 13 կամ 14: Այս հանգամանքն էլ իշխանությունն իբրեւ «զենք» է օգտագործելու բոլոր քննադատների դեմ, ովքեր շարունակելու են պնդել, թե մեծամասնական ընտրակարգով հերթական անգամ խորհրդարան են գործուղվելու մականունավորները: Բանն այն է, որ ընտրատարածքները մեծացնելով՝ մեծանալու է տվյալ տարածքի ընտրողների թիվը․ եթե ներկայումս մեկ ընտրատարածքում միջին հաշվարկով 50-60 հազար ընտրող է ընդգրկված, ապա այդ թիվը եռապատկվելու է, հետեւաբար, փոքրանալու է մանդատ ստանալու հավակնություններ ունեցող անձի ազդեցության չափը, բարդանալու է գումար բաժանելու հարցը: Բացի դրանից, ինչպես ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է նկատում, պայքար է մղվելու նաեւ իշխանության թեկնածուների միջեւ, որոնք նույն ընտրատարածքում կպայքարեն առաջինը լինելու համար: