Ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնում են «նախագահականի» կադրերը

Ռադիոյի տնօրենի պաշտոնին հավակնում են «նախագահականի» կադրերը

Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը թափուր է։ Այն զբաղեցնելու համար հեռուստառադիոընկերության խորհուրդը մրցույթ է հայտարարել։ Մասնակցել ցանկացողները մինչեւ հունվարի 25-ը հայտեր են ներկայացնելու, իսկ հաղթողի անունը հայտարարվելու է փետրվարի 3-ին։ Նա որոշվելու է Հանրային հեռուստառադիոյի խորհրդի կողմից, անդամների ձայների մեծամասնությամբ։



Այս պահին մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում։ Գլխավոր հավակնորդը նախագահի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանն է, որը վերջերս աչքի ընկավ Կարեն Քոչարյանի կազմակերպած հեռուստաշոուի ժամանակ նոր սահմանադրության քարոզով։ Բնականաբար, այս ծանր աշխատանքը պետք է վարձատրվեր, եւ զարմանալի չէ, որ Սաղաթելյանը նաեւ ընկալվում է որպես առավել հավանական թեկնածու։ Սակայն խոսակցություններ կան, որ նա այնքան էլ գոհ չէ առաջարկված պաշտոնից, մանավանդ, որ հեռուստառադիոխորհրդի նախագահի հետ նրա հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։ Չի բացառվում, որ Սաղաթելյանն ավելի բարձր նշանակետ ուներ, բայց առաջարկվել է այն, ինչ եղել է։ Լրացրե՞լ է արդյոք Արման Սաղաթելյանն իր թեկնածությունը ռադիոյի տնօրենի պաշտոնում, մենք ճշտել չկարողացանք, քանի որ Արման Սաղաթելյանի բջջայինը խրոնիկապես անհասանելի էր։ Նրա քիչ թե շատ տեսանելի պաշտոնները, բացի նախագահի խոսնակից, որի դերում նա առանձնապես աչքի չընկավ, եղել են հասարակության հետ կապերի բաժնի պետը «Հայաստան» համահայկական հիմնադրամում եւ հաղորդավարությունը «Զինուժ» ծրագրում։ Հիշեցնենք, որ նախագահի խոսնակի պաշտոնից ազատվելու շրջանում, անցյալ տարվա հուլիսին, Սաղաթելյանը վստահեցնում էր, թե հեռանում է, որպեսզի զբաղվի մասնավոր բիզնեսով։ Ի դեպ, Արման Սաղաթելյանը մասնագիտությամբ անասնաբույժ է։ 



Այսօր հեռուստառադիոխորհրդի հայտարարած մրցույթին մասնակցելու իր հայտը լրացնելու է մեկ այլ թեկնածու՝ ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը։ Նա, ինչպես եւ Արման Սաղաթելյանը, նախագահականի կադրերից է։ Աշխատել է որպես նախագահի խոսնակներ Սամվել Ֆարմանյանի եւ Արմեն Արզումանյանի օգնական, ապա տեղափոխվել է Հանրային ռադիո, զբաղեցնելով արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժինը։ Ռադիոյի այն ժամանակվա տնօրեն Արմեն Ամիրյանի հետ տարաձայնությունների պատճառով նա հեռացավ այս պաշտոնից, նշանակվեց Ամիրյանի խորհրդական, ապա ազատման դիմում գրեց։



«Հանրային ռադիոն արմատական բարեփոխումների կարիք ունի, իսկ ես շատ լավ եմ պատկերացնում այդ աշխատանքը,- այսպես է բացատրում Աստղիկ Ավետիսյանն իր քայլը,- Հանրային ռադիոյի աշխատողների որոշ հատվածն անգործության է մատնված, ոչ կոմպետենտ մարդիկ են, որոնք իրենց տեղը պետք է զիջեն գիտելիքներով հարուստ եւ նոր մտածողությամբ մասնագետներին: Պետք է հատուկ շեշտադրմամբ օգտագործել արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունը, որն ունի լայն հնարավորություններ, բայց չի օգտագործվում հավուր պատշաճի: Ֆինանսական ռեսուրսները պետք է ճիշտ եւ արդարացի օգտագործել: Հանրային ռադիոյում դրական մթնոլորտ պետք է ձեւավորվի, ի վերջո, Հանրային ռադիոն իր անվանը համապատասխան պետք է գործի, ներկայացնի հանրության բոլոր շերտերին»:



Այս օրերին ռադիոտան շենքում այլ թեկնածուների անուններ էլ են հնչում՝ ՊՆ հասարակության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի, որը բարեկամական կապ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եւ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի։ Բայց գեներալ-մայորը կատեգորիկ հերքեց, որ դրել է իր թեկնածությունը, ասելով․ «Դա բացարձակ սուտ է»։ Դե, իսկ Հովիկ Հովեյանը պարզաբանեց, որ ինքը 26 տարի աշխատել է հեռուստառադիոկոմիտեի համակարգում, խմբագիր է եղել։ «Ռադիոյում շրջանառվում է Ձեր անունը» դիտարկմանը նա պատասխանեց․ «Ռադիոյում կուզեն ինձ հետ աշխատել, բայց ես 60 տարեկան մարդ եմ, գնամ այնտեղ ի՞նչ անեմ, թող երիտասարդները գնան»։