Եթե խնդիր չունես արատավոր համակարգին ծառայելու

Եթե խնդիր չունես արատավոր համակարգին ծառայելու

Ի՞նչ է կատարվում «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հետ, որին մեղադրում են ոստիկանության կապիտան, «հրեշտակապետ» Գեղամ Խաչատրյանի նկատմամբ ամանորի գիշերը «Ազատության» հրապարակում բռնություն գործադրելու համար։ Ինֆորմացիա չեն տալիս ոչ իրավապաշտպանները, ոչ նրա շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Վերջինս ընդամենը ահազանգում է, որ Գևորգը բռնությունների և խոշտանգումների է ենթարկվել, հույս ունենալով, որ այս կերպ կթեթևացնի Սաֆարյանի վիճակը։ Մինչդեռ կալանավայրերի վարչությունը պաշտոնապես հաղորդում է, որ բուժզննությամբ Սաֆարյանի մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերվել և որ նա «հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի»։



Նկատենք, սակայն որ սա դասական հերքում չէ, և բռնության փաստը վարչությունը չի հերքում։ Այն, որ Սաֆարյանը ժխտողական հայտարարություն է արել, նույնպես զարմանալի չէ, նկատի ունենալով վերջինիս անօգնական վիճակը։ Իհարկե, ցանկալի կլիներ իմանայինք, որ Գեւորգ Սաֆարյանը գրողի ծոցն է ուղարկել իրենից նման հայտարարություն կորզողներին, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մեր տեղեկություններով՝ Գևորգի խոշտանգումը հանձնարարել են այլ կալանավորների, նրանց ձեռքով են պատժել ակտիվիստին։ Ճնշման այս եղանակը քրեակատարողական հիմնարկներում լայնորեն կիրառվում է։ Ինչո՞ւ չեք հայտնում, թե ով և ինչպես է խոշտանգել Սաֆարյանին։ Այս հարցին պատասխանելով, Սաֆարյանի փաստաբանն ասաց, որ չի կարող մանրամասնել, քանի որ իր ցանկացած հայտարարություն կարող է օգտագործվել իր պաշտպանյալի դեմ։



Նա նաև հայտնեց, որ Սաֆարյանին այցելել են իրավապաշտպաններ, որոնք մի քանի օրից զեկույց են հրապարակելու։ Քիչ առաջ իրավիճակին արձագանքեց քրեակատարողական հիմնարկներում աշխատող հասարակական դիտորդների խումբը, որն այսօր այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ՝ Սաֆարյանին և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է արձանագրել։ «Հանդիպման ընթացքում արձանագրված իրավիճակը մտահոգություն է առաջացրել Խմբի մոտ», - գրված է հայտարարության մեջ, բայց ինչ են տեսել դիտորդները, նրանք չեն հայտնում։ Կհայտնեն պաշտոնական մեկնաբանություն ստանալուց հետո, որի համար եռօրյա ժամկետ է սահմանված։



Այսպիսով, թե ինչ է կատարվում Սաֆարյանի հետ, նրանք ևս չեն ասում, և սա հասկանալի է։ Եթե ասեն, արդարադատության նախարարությունը այլևս չի թողնի նրանց կալանավայրեր։ Չէ՞ որ խումբը ձևավորելուց առաջ հասարակական դիտորդները «չհրապարակման» պայմանագիր են կնքել մարմինների հետ, այսպիսով, վերջիններիս հնարավորություն տալով դեմոկրատիայի շղարշ ստեղծելու։ Մինչդեռ նման պայմաններում ամենաարդյունավետ պաշտպանության և հակազդման ձևը խոսելն է, փակ դռների հետևում կատարվող ապօրինությունների մասին անմիջապես բարձրաձայնելը, եթե, իհարկե, խնդիր չունես արատավոր համակարգին ծառայելու։



Սյուզան Սիմոնյան