ՀԱԿ նախկին ակտիվիստը նեղացել է կուսակիցներից

ՀԱԿ նախկին ակտիվիստը նեղացել է կուսակիցներից

ՀԱԿ նախկին ակտիվիստ, ներկայումս շորթման համար մեղադրվող Տիգրան Առաքելյանը, որի գործով զբաղվում են ԱԱԾ քննիչները, լիակատար մեկուսացման մեջ է։ Առաքելյանը «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հայտնվեց անցյալ տարվա օգոստոսին, երբ հայտնի դարձավ, որ նա սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի է ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանին և Էդուարդ Շարմազանովին և նրանցից մեծ գումար է փորձել կորզել (ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդված) սկայպով մոսկվացի մարմնավաճառողների հրահրմամբ արված տեսաձայնագրության դիմաց։ Այս մասին հայտնի է դարձել ԱԱԾ-ին, և Առաքելյանին անմիջապես ձերբակալել են։ Իհարկե, պատգամավորները հերքում են այս տեղեկությունները, իսկ ԱԱԾ-ն և անգամ Տիգրանի հարազատները լիակատար լռություն են պահպանում այս գործի վերաբերյալ։ Տիգրան Առաքելյանը չունի փաստաբան, իսկ ՀԱԿ իրավաբանները, որոնք մշտապես օգնել են նախկինում քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, այժմ նրան որևէ կերպ չեն սատարում, նրա անունը լսելով, հրաժարվում են մեկնաբանել կատարվածը։



ՀԱԿ-ում վիրավորված են Տիգրանի արարքից և համարում են, որ նա վարկաբեկել է Կոնգրեսը։ «Եթե Տիգրանը նպատակ դներ ցույց տալու ՀՀԿ-ականների իրական դեմքը, դեռ մի տեղ կհասկանայինք, բայց ասում են, նա գումար է ուզել, այսինքն, նրա նպատակը գումար պոկելն է եղել, և մենք նրա հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ չենք ցանկանում», - ասաց Տիգրանի նախկին ընկերներից մեկը ՀԱԿ-ից։



Իր հերթին Առաքելյանը վիավորված է իր նախկին կուսակիցներից, համարելով, որ նրանք լքել են իրեն, երբ ինքը ծանր վիճակում է հայտնվել։ Ասում են, Տիգրան Առաքելյանն իր ցուցմունքներում ՀԱԿ տարբեր անդամների անուններ է տվել։ Մեր տեղեկություններով, Տիգրան Առաքելյանի գործում, բացի ՀՀԿ-ական պատգամավորներին վերաբերող դրվագներից, շորթման այլ էպիզոդներ էլ կան, այլ անձանց մասնակցությամբ։ Սակայն ճշտել այս տվյալը որևէ կերպ չի հաջողվում։