Վճռաբեկը վարույթ է ընդունել

Վճռաբեկը վարույթ է ընդունել

Դեկտեմբերի 24-ին վճռաբեկ դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա վերաբացման վարույթ է սկսել Վարդենիսի բնակիչ Նարինե Նալբանդյանի գործով։ Հիշեցնենք, որ Նարինեն եւ նրա ամուսինը՝ Բագրատը, կալանավորվել են 2004 թվականին եւ մեղավոր են ճանաչվել դստեր համադասարանցու սպանության մեջ։ Նարինեն 11 տարի է ազատազրկված, իսկ նրա ամուսինը 9 տարի նստելուց հետո ազատվել է։ 2015 թվականի մարտին ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց այս գործով, գտավ, որ խախտվել է Նալբանդյանների արդար դատաքննության եւ դատական մարմիններում պաշտպանության իրավունքը, որ նրանք խոշտանգումների են ենթարկվել։



Շուտով մեկ տարին կլրանա, բայց Նարինեն դեռ կալանավայրում է, իսկ նրա շահերի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը դժվարանում է ասել, թե երբ վերջապես կփոխեն Նալբանդյանի խափանման միջոցը, եւ նա կհայտնվի ազատության մեջ։ Նա երկու բողոք էր ուղղել այս գործով։ «Երկրորդը վերաբերում էր նրան, որ այս գործով արդյունավետ նախաքննություն չի իրականացվել, որ իրավապահները բռնության են ենթարկել Նարինեին, նրա ամուսնուն եւ դստերը, սակայն այս փաստով հարուցված քրեական գործը ժամանակին կարճվել էր։ Անհասկանալի պատճառներով, վճռաբեկ դատարանը քննիչների որոշումների դեմ վարույթը չի սկսում»,- ասում է Սեդա Սաֆարյանը։



Բռնությունների մասին 2004 թվականին Գեղարքունիքի դատախազությանն էր դիմել Նարինե Նալբանդյանի դուստրը՝ Արեւիկը։ Այն ժամանակ դատախազությունը միակողմանի քննություն էր տարել, լսել էր միայն քննիչին, օպերաշխատողներին, ապա կարճման որոշում կայացրել։ Այս ձգձգումներն ապացուցում են, որ վճռաբեկ դատարանը դժվարությամբ է «նեղացնում» քննիչներին եւ դատախազներին։