Օսիկյանը ամեն տարի նախորդից լավ է աշխատում, կամ՝ «Բա Նունեն ո՞նց ա, Նունեն»։

Օսիկյանը ամեն տարի նախորդից լավ է աշխատում, կամ՝ «Բա Նունեն ո՞նց ա, Նունեն»։

Երբ որ Արթուր Օսիկյանը 2014-ի սեպտեմբերին ՔԿՎ պետ նշանակվեց, որպես նրա առավելություն ընդգծվում էին առաջադեմ մտածողությունը, գիտնական տեսակը, մաքուր կենսագրությունը, այն, որ կոռուպցիոն սկանդալներում չէր երեւացել։ Իր նշանակումից մի քանի ամիս հետո նա նույնիսկ Ստրասբուրգ գործուղվեց՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստին մասնակցելու։ Բայց, հակառակ սպասումներին, Օսիկյանը դարձավ համակարգի ամենավատ ավանդույթների շարունակողը։ Գուցե արմատական ոստիկան, փակ համակարգի ջատագով, վատ խոսք եւ առոգանություն ունեցող գեներալ Հայկ Հարությունյանին սազում էր սակավախոսությունը։



Սակայն Արթուր Օսիկյանից սա ոչ ոք չէր սպասում։ Նույնիսկ 2015 թվականի իր տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ նա լրագրողի դեմք չցանկացավ տեսնել եւ ընդամենը մի թվախեղդ հաղորդագրություն տարածեց, որի առանցքը հետեւյալ միտքն է․ 2015 թվականին քրեակատարողական համակարգն աշխատել է էլ ավելի լավ, քան 2014-ին։ Այս միտքն ապացուցվում է թվերով, որոնք ստուգել չես կարող, այլ միայն պետք է դրանց հավատալ։ Բայց սա՝ դեռ մի կողմ։ Ահա Օսիկյանի հիմնավորումները։ Ուրեմն պարզվում է, որ 2014-ին կալանավայրերում 38 մարդ է մահացել, բայց 2015-ին՝ ընդամենը 28, որ 2014-ին 4 մարդ է ինքնասպան եղել, բայց, այ, 2015-ին՝ ընդամենը 3 մարդ։ «Ոնց որ սահմանի սվոդկա լինի»,- կասեին դատապարտյալները։ Մեկով պակասել է նաեւ առգրավված բջջային հեռախոսների թիվը։ Ուրեմն, 2014-ին առգրավվել է 2 հազար 459 բջջային, իսկ անցյալ տարի՝ 2 հազար 458։ Ահա, այսքանով ավելի լավ է աշխատել օպերատիվ ծառայությունը։ 2014-ին հայտնաբերվել է 202 գրամ թմրամիջոց, իսկ 2015-ին` 484 գրամ: Երեւի, 2015-ին ավելի լավ են սկսել կշռել։ 9 ցմահի փակից կիսափակ ռեժիմ են հանել, բայց ո՞ւմ է սա պետք, երբ վաղաժամկետ ազատում չկա, որն օրենքով է սահմանված՝ կալանավայրում 20 տարի անցկացնելուց հետո։ Այ, սա կլիներ ցուցանիշ, առաջխաղացում։ Դրա փոխարեն ՔԿՎ-ն, որպես իր լավ աշխատանքի արդյունք, նշում է նույնականացման քարտերի տրամադրումը․ «2014թ. նույնականացման քարտեր չեն տրամադրվել, սակայն 2015թ.-ին դրանք տրամադրվել են 325 դատապարտյալների»: Սրանով Օսիկյանը կասկածելի մտքերի տեղիք է տալիս։ Գուցե այս քարտերը տվել են դատապարտյալներին սահմանադրական հանրաքվեին մասնակցելո՞ւ համար։ 



«Արմավիր» ՔԿՀ ղեկավար Տիգրան Նավասարդյանը, ասում են, բավականին ակտիվ ՀՀԿ-ական է եւ մեծ քարոզչական աշխատանք է կատարել։ Ցնցող է ծառայողական քննությունների վիճակագրությունը։ «2014թ.-ին անցկացվել են 84 ծառայողական քննություններ, իսկ 2015թ.-ին`141»: Սրա փոխարեն կարելի էր նշել, թե ՔԿՀ-ների աշխատողներից քանիսին են պատժել, բայց այս մասին, իհարկե, Օսիկյանը լռում է։ Մի լավ տվյալ, այնուամենայնիվ, կա։ «2015թ.-ին բոլոր հիմնարկներում երկու անգամ իրականացվել են դեզինֆեկցիոն եւ դեզինսեկցիոն աշխատանքներ»։ Դատապարտյալները եւ նրանց հարազատներն ընդունում են, որ անցյալ տարի հիմնարկներում ավելի մաքուր է եղել, միայն թե մոծակներն անցած ամառ լավ տանջեցին խեղճերին։ Սարքավորումների մասով Օսիկյանը չափազանցրել է․ «Ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, մասնավորապես` սոնոգրաֆ, լարինգոսկոպ, օտոսկոպ, էլեկտրասրտագիր, կոագուլյատոր եւ այլն»։ Ասում են՝ հիմնարկներից մեկում մինչ օրս օգտագործում են 1962 թվականին Մերգելյան ինստիտուտում ստեղծված սոնոգրաֆը։ «Չգիտեմ՝ կա, թե ոչ նման սոնոգրաֆ, բայց անձամբ տեսել եմ սովետի արտադրության հին ստոմատոլոգիական բազմոց»,- ասաց ՔԿՀ-ներում մշտադիտարկում իրականացնող խմբի ղեկավար Ռոբերտ Սարգսյանը։ Թե ինչ քանակի սարքավորումներ են ձեռք բերվել հիմնարկների համար եւ ինչ ընթացակարգով են գնվել, նա եւս չգիտեր։ «Մենք դիմել ենք ՔԿՎ, որպեսզի մանրամասն տեղեկացնեն այս մասին,- ասաց նա,- իսկ սարքավորումների կարիք բոլորն ունեն։ Հիմնարկ կա, որ միայն ֆոնենդոսկոպ եւ ճնշում չափելու սարք ունի, իսկ Վանաձորի կալանավայրում նույնիսկ բժիշկ չկա, եւ կամ շտապօգնություն են կանչում մարդկանց օգնելու համար, կամ ամիսը մեկ կամ երկու անգամ այլ բուժհիմնարկների աշխատողներն են ծառայություն մատուցում դատապարտյալներին»։ Օսիկյանի զեկույցն անհասկանալի տեղեկությունների կույտ է՝ անցկացվել են ուսումնական դասընթացներ, բազմաթիվ մշակութային, մարզական եւ հոգեւոր միջոցառումներ, զբաղվածությունն է ապահովվել եւ այլն։



Մեզ ծանոթ դատապարտյալին հարց էինք փոխանցել, թե ինչ են ուսանել բանտում։ Պատասխանել էր․ «Մի բան՝ ազատություն սիրել»։ Հիմնական հարցը, որ հետաքրքրում է դատապարտյալներին, մեկն է՝ վաղաժամկետ ազատման խնդիրը։ Եվ զեկույցը կարդալուց հետո ակամայից ուզում ես ավելացնել, ինչպես «Յոթ ու կեսի» տղաներն են ասում․ «Բա Նունե՞ն ոնց ա, Նունե՛ն»։