Կինոկենտրոնի շենքի գինը հնգամյակը մեկ փոխվում է

Կինոկենտրոնի շենքի գինը հնգամյակը մեկ փոխվում է

Տերյան 2 հասցեում, բազմաբնակարան նորակառույցների արանքում խցկված մի երկհարկանի շինություն կա՝ անխնամ, պատերը ծակված, կողպած դարպասով։ Ցուցանակի վրա գրված է. «Հայաստանի ազգային կինոկենտրոն, կինոարվեստի ստուդիա»։ Երեւում է, որ այս ձմեռ շենքը առնվազն չի տաքացվել եւ այցելուներ էլ հաստատ քիչ է ունեցել։ Բայց տեղը լավն է՝ Ամիրյան փողոցին գրեթե կպած, որտեղ ամեն քառակուսու վրա մի բարձրահարկ էլիտար են կառուցում։ Երեկ կառավարության նիստում հայտնի դարձավ, որ պետությունը 198,6 մակերեսով այս շենքը՝ հարակից հողատարածքով, հետ է վերցնում Կինոկենտրոնից ու տրամադրում է Հայաստանի հանրային ռադիոընկերությանը։ Սրա վերաբերյալ որոշումը երեկ կառավարության նիստի հաստատմանն էր բերել պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Հիմնավորումն անհասկանալի էր՝ ռադիոընկերության կարիքների համար։



Ռադիոընկերությունը, ինչպես հայտնի է, Ալեք Մանուկյան փողոցի վրա մի ահռելի շենք ունի, ընդարձակ տարածք, որտեղ ոչ միայն ռադիոն եւ հեռուստառադիոխորհրդի աշխատակազմն են տեղավորված, այլեւ մի քանի մասնավոր ընկերություններ, որոնք ռադիոյից տարածք են վարձակալում։ Հանուն արդարության պետք է ընդունել, որ Ռուբեն Ջաղինյանի օրոք այդ ընկերությունների թիվը նվազել է, մի քանիսին նա դուրս է հանել շենքից։ Թե ռադիոընկերության ինչին է պետք այս տարածքը, ինչ հատուկ կարիքներ ունի՝ ոչ որոշման մեջ, ոչ էլ կառավարության նիստի ժամանակ չպարզաբանվեց։ Արման Սահակյանը գործադիրի հաստատմանն էր բերել ակնհայտ հում մի փաստաթուղթ, որը բազմաթիվ վիճելի կետեր ուներ։ Օրինակ, ըստ նախագծի, շենքի գնահատված արժեքը 98 մլն. 633 հազար դրամ է։ Այն ձեւակերպվում է որպես ներդրում ռադիոընկերության կանոնադրական կապիտալում, այլ կերպ ասած՝ ռադիոընկերության կանոնադրական կապիտալը 99 մլն. դրամով աճում է։ Բայց ի՞նչ գին է սա, ինչո՞ւ այն չի հաշվարկվում շուկայական գնով, որքա՞ն է այս շենքի շուկայական գինը. այս հարցերի պատասխաններն Արման Սահակյանը չուներ։ Մինչդեռ պարզ է, որ երբ այն անցնի Հանրային ռադիոյին, եւ Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը որոշի, որ այն հիմնանորոգում է պետական միջոցներով եւ, ասենք, ձայնագրման պրոֆեսիոնալ ստուդիա է սարքում, ապա այդ ապագա ստուդիայի ծառայությունների արժեքը հաշվարկվելու է շուկայական գնով։ Կամ՝ ինչո՞ւ է այս տարածքը տրամադրվում անհատույց սեփականության իրավունքով, ոչ թե, ասենք, օգտագործման, կամ՝ առաջարկվել է քննարկել տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով, կամ վարձակալությամբ։ Ոչ մի բացատրություն, ոչ մի հիմնավորում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ժամանակ ասաց, որ այս շենքը ժամանակին վաճառքի է հանվել 500 հազար դոլարով։ 



«Էն ժամանակ առաջարկվում էր վաճառել 500 հազար դոլարով: Եթե մենք միայն 200 մետրը հիմա մոտ 300 հազար դոլար ենք գնահատում, շենքն էն ժամանակ ինչի՞ էր էդքան էժան գնահատվել, ի՞նչն էր պատճառը: Վաճառել էինք, չէ՞, 500 հազարով էդ շենքը»,- ասաց վարչապետը։ Հստակ պատասխան չհետեւեց։ Ի դեպ, 2006 թվականին եւս մեկ կառավարության որոշում է եղել այս շենքի վերաբերյալ։ Այն ժամանակ այս շենքը, ի թիվս այլ տարածքների, նոր էր հանձնվում Կինոկենտրոնին։ Այդ որոշման մեջ բոլորովին այլ արժեք է նշված՝ մոտ 22 մլն., երկու անգամ ավելի տարածքի՝ 390 քառ. մետրի համար։



Արման Սահակյանի ղեկավարած գերատեսչությունում խուսափում են այս շենքի մասին հարցերից, եւ ինչ կլինի, դեռ պարզ չէ։ Վարչապետը հարցը քննարկելու եւ մանրամասն ներկայացնելու ժամանակ տվեց պետգույքի կառավարման վարչությանը։ Պարզ չէ նաեւ, թե ուր է գնալու Կինոկենտրոնի ստուդիան։ Տերյան 2 հասցեում դասեր էին անցկացվում ուսանողների համար, տաղավար կա, բեմ, ուսումնական ստուդիա։ Հնարավոր է, որ Կինոկենտրոնին տեղ տրամադրեն «Հայֆիլմի» շենքում։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց ընկերության տնօրեն Գեւորգ Գեւորգյանը։ «Սա դեռ վերջնական որոշում չէ, բայց վարչապետը խոստացել է լուծել մեր շենքի հարցը։ Եթե տեղափոխվենք «Հայֆիլմ», ապա մեզ այնտեղ ընդարձակ տեղ են հատկացնելու՝ դահլիճով, տաղավարներով։ Իհարկե, մեզ համար ավելի լավ կլիներ մի հարմար տարածք ունենայինք քաղաքի կենտրոնում, որ ուսանողները հեշտությամբ տեղ հասնեին»,- ասաց նա։ Շենքը փլուզման եզրին է, եւ վերանորոգման կարիք կա, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր միջոցներով ի վիճակի չէ իրականացնել։ «Մենք ուզում էինք վերանորոգել որոշ ժամանակ առաջ, բայց շենքը կողքից կցված-սարքված է, մի մասն ամուր հիմք չունի»,- ասում է Գեւորգ Գեւորգյանը։ Հավանաբար, հիմնանորոգումների հարցերով կզբաղվի նոր տերը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը։