Թումանյանը Նյու Վասյուկի չի դառնա, կամ գլխավոր թեկնածուները հանրապետական «քոթուկներն» են

Թումանյանը Նյու Վասյուկի չի դառնա, կամ գլխավոր թեկնածուները հանրապետական «քոթուկներն» են

Փետրվարի 14-ին Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքներում համայնքապետի եւ ավագանու ընտրություններ են նշանակված։ Թեեւ ընտրությունները վերաբերում են մոտ 22 համայնքների, բնակիչների մոտ այս ընտրություններն առանձնակի էնտուզիազմ եւ ակտիվություն չեն առաջացնում։ Մայիսին այստեղ խոշորացման հանրաքվեներ անցան, եւ 22 համայնքից, ըստ պաշտոնական տվյալների, 16-ը կողմ էր արտահայտվել խոշորացմանը, իսկ Տավուշի եւ Լոռու 6 համայնքներ՝ Աթան, Ահնիձոր, Շամուտ, Գոշ, Թեղուտ, Խաչարձան, դեմ էին քվեարկել։ Դեռ այն ժամանակ մարդիկ մասնավոր զրույցներում քննադատում էին համայնքների խոշորացման ծրագիրը, խոստանում, որ դեմ են քվեարկելու, իսկ երբ այն անցավ, վստահեցնում էին, որ ակցիաներ են անելու, բողոքի ցույցեր։ Բայց ոչ մի բողոք էլ չեղավ, եւ այս անգամ ընտրությունն ավելի կանխատեսելի է։



Մարդիկ միշտ մտածում են, թե ինքնուրույն ավելի լավ է



Նույնիսկ նրանք, ովքեր «ոչ» էին ասում, այսօր «խելոքացել» են։ Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը, օրինակ, հարցին, թե արդյոք ահնիձորցիք կմասնակցե՞ն փետրվարի 14-ի ընտրություններին, պատասխանում է․ «Ո՞նց չեն մասնակցի։ Բոլորն էլ մասնակցելու են»։



- Բայց Ձեր համայնքը դեմ էր քվեարկել խոշորացմանը, հիմա ինչո՞ւ որոշեցիք, որ մասնակցեք։



- Դժվարություններ ունեցել ենք, դե, չգիտե՞ք, մարդիկ միշտ էլ մտածում են, որ ինքնուրույն ավելի լավ է։ Բայց հիմա մտածում ենք, որ մեր համայնքը փոքր է, սեփական եկամուտներն ընդամենը 2-3 մլն. դրամ են, իսկ հիմա կավելանան, դոտացիա կստանանք։



Թումանյանի շրջանում առաջադրված երկու թեկնածուներից նա միայն մեկին է ճանաչում՝ 96 թվականից պաշտոնավարող Լեւոն Ձավարյանին, նրան էլ ընտրելու են, հավանաբար, քանի որ թե ով եւ «ինչացու է» մյուս թեկնածուն՝ Էդգար Պետրոսյանը, նա տեղյակ չէ։ Այն, որ ընտրությունն ուղղորդված է լինելու, երեւում է առաջադրված թեկնածուների փոքր թվաքանակից եւ կուսակցական պատկանելությունից։ Հիմնական թեկնածուները ՀՀԿ-ականներ են, համայնքների գործող ղեկավարները եւ ունեն մեկ կամ երկու ձեւական հակառակորդ։



Հիմա արհեստական չէ, բայց շուտով կարող ա արհեստական դառնա



Թումանյանի քաղաքապետ Ձավարյանի հակառակորդ՝ 31-ամյա Էդգար Պետրոսյանը հենց նույն քաղաքապետարանի աշխատակազմից է։ «Երիտասարդ աշխատող է, փորձում է ուժերը՝ տեսնի կարո՞ղ է ընտրվել, թե՞ չէ»,- ասում է Թումանյանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Լեւոն Ձավարյանն իր հակառակորդի եւ աշխատողի մասին։ Այսինքն՝ արհեստական թեկնածո՞ւ է։ «Առայժմ արհեստական չէ, բայց կարող է վաղն արհեստական թեկնածու դառնա»,- պատասխանում է քաղաքապետը։ Այս «խառը» օրերին նա խիստ ծանրաբեռնված է․ մինչեւ վեցն աշխատում է, իսկ վեցից հետո շրջում է համայնքներում։ Խոշորացման արդյունքում Թումանյանի փնջում 7 համայնքներ են լինելու։ «Քարոզարշավ եմ անում, էլ դրանից դենը կարեւոր բա՞ն»,- ասում է։ Գյուղերում նրան դիմավորում են լացով եւ ողջույններով։



- Մեկը դրական է վերաբերվում, մյուսը՝ բացասական, մեկը ողջունում է, մյուսն ասում՝ էսօր սոված եմ, ինչ-որ բանով օգնի։



- Եվ Դուք հանում փո՞ղ եք տալիս։



- Ժողովուրդը գիտի, որ ես փող չունեմ։



- Բա ի՞նչ եք անելու իրենց համար։



- Օրինակ, 110 մլն․ է էս 7 համայնքի բյուջեն, մինչեւ հիմա սրանով բան դուրս չի եկել։ Հիմա 50 տոկոսը գնում է որպես աշխատավարձ, մնացածը՝ արդեն կորոշենք, թե որից ենք սկսելու։ Թումանյանը Նյու Վասյուկի չի դառնա, բայց ջրագծեր կանցկացնենք, ճանապարհներ կվերանորոգենք, մանկապարտեզները ոտքի կկանգնեցնենք։ ՄԱԿ-ի ծրագրերն են օգնելու, սոցներդրումների հիմնադրամը, գերմանական ծրագրերով կան որոշակի ծրագրեր։



- Մարդիկ հավատո՞ւմ են, որ այդպիսի բաներ եք պատմում գյուղերում։



- Որը որ չի հավատում, ասում ենք. եկեք Թումանյան, տեսեք՝ լուսավորությունը կա, արվեստի դպրոցը, կուլտուրայի պալատը՝ վերանորոգված, մշտական ջուր ունենք։ Էսօր քիչ համայնքներում սա կա, գիտեք, չէ՞։



- Լավ, ինչո՞ւ 7 համայնքներում գոնե մեկ նորմալ հակառակորդ Ձեր դեմ չի դրել թեկնածությունը։



- Մարդիկ զրուցում են, տեսնում են իրենց շանսերը ոնց է, որոշում են։ Մերն ամենամեծն է համայնքների մեջ։ Ժողովրդի հետ ենք աշխատել, լուրջ ծրագրեր ենք իրականացրել։ Մենք սպասում էինք, որ մի քանիսը կդնեն թեկնածություն, նույնիսկ Ռուսաստանից էին եկել, որ դնեն, բայց իրենք, երեւի, հետախուզական աշխատանքներից հետո տեսել են, որ պետք չէ դնեն։ Համ էլ, լավ չէ՞, որ մեզ մոտ այսպես խաղաղ է։ Ես դեմ եմ, որ մի փոքր գյուղ՝ մեկ էլ տեսնում ես 4 մասի բաժանվեց, պատերազմական դաշտեր բացեցին, չգիտեմ ինչեր։ Գյուղ գիտեմ, որ 4 տարի է անցել ընտրությունից, բայց մարդիկ ցեղերով իրար հետ խռով են։



Տաթեւի համայնքապետի դեմ առաջադրվել են 2 համադասարանցիներ՝ Շինուհայրից



Տաթեւում հիմնական թեկնածուն նույնպես ՀՀԿ-ական է՝ համայնքապետ Մուրադ Սիմոնյանը։ Նրա վստահ խոսքից երեւում է, որ ինքն իրեն ամուր է զգում, ամենակարեւորը՝ «շուտ-շուտ» հանդիպում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ։ «Համայնքների խնդիրներին քաջատեղյակ եմ, միշտ մարզպետի հետ շուտ-շուտ հանդիպում ենք, մյուս համայնքների ղեկավարներն իմ ընկերներն են,- ասում է Մուրադ Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ոնց են զգում իրենց մյուս 7 գյուղապետերը՝ հեռանալով այդ պաշտոնից։ -Կռիվ չենք անի հաստատ, որովհետեւ բոլորն էլ իմ կոլեգաներն են, անմիջապես մեր սահմաններով, մեր հողակտորներով հարեւաններ ենք, շատ խաղաղ կընթանա։ Հետո էլ, էս խոշորացումը, որ գնում է, իրենք իրենց գյուղերում լինելու են լիազոր ներկայացուցիչներ։ Ժողովուրդն ընդհանուր ժողովում համաձայնություն կտա, քանի որ միշտ էլ իրենց են ընտրել, ու նրանք կլինեն լիազոր ներկայացուցիչներ»։
Հարցին, թե ով է մարզպետի թեկնածուն, եւ արդյոք Լիսկան պաշտպանելո՞ւ է իրեն, Մուրադ Սիմոնյանը պատասխանեց․ «Մարզպետը՝ չէ, բայց ես Հանրապետականի անդամ եմ, առաջադրվել եմ ՀՀԿ-ի կողմից, մյուսներին չգիտեմ»։ «Մյուսները» երկուսն էլ Շինուհայր համայնքից են՝ նախկին զինվորական, ԵԿՄ անդամ թոշակառու Իգոր Աբրահամյանը եւ նրա ընկեր ու համադասարանցի Վարշամ Բագրատյանը։ Իգոր Աբրահամյանն ասաց, որ իր թեկնածությունը դրել է «համագյուղացիների խնդրանքով», եւ եթե այդ մարդիկ վստահում են իրեն, ապա ինքը չի կարող նրանց դավաճանել։



- Իսկ եթե մարզպետը Ձեզ չպաշտպանի՞։ Նա զինվորականների հետ լավ չէ, օրինակ, Բուդաղյանների։ Նա ՀՀԿ-ական է եւ ՀՀԿ-ի թեկնածու Մուրադ Սիմոնյանին կպաշտպանի։



- Չպաշտպանեց՝ չպաշտպանեց։ Ես իմ մարզպետին հարգում եմ որպես մեր մարզի ղեկավար, հրամանատարներից մեկը, ինձ թվում է՝ կապ չունի, որ ՀՀԿ-ն առաջադրել է նրան։ Մարզպետն ի՞նչ կապ ունի, նրան պետք է ժողովրդի կողմից վստահված անձ։ Հետո, ո՞վ ասեց, որ մեր մարզպետը զինվորականներին չի պաշտպանում։



- Բուդաղյանների մասին ի՞նչ կասեք։



- Դե, դեպք ա, պատահել ա, ես քաղաքական հարցերի ո՞նց պատասխանեմ։



- Լավ, ի՞նչ կանեք համայնքի համար, եթե ընտրվեք։



- Ամեն առավոտ Շինուհայրում իմ ծնողները ձեռքով են բերում խմելու ջուր։ Խմելու եւ ոռոգման ջրի հարցերը կլուծեմ, կոնկրետ մեր գյուղի մասին եմ խոսում։ Մնացած գյուղերի խնդիրներին դեռ չեմ ծանոթացել։ Բյուջեն պետք է դնել առաջնահերթ լուծելիք խնդիրների վրա։



- Իսկ եթե բյուջեն քիչ է, չկա՞։



- Եթե փող չլինի, կդիմենք ղեկավարությանը, կառավարությանը։
Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը գոհ է, որ Տաթեւի գյուղապետի դեմ երկու շինուհայրցի են առաջադրվել։ Ասում է, որ թեթեւ սրտով է հեռանալու գյուղապետի պաշտոնից․ «Ներկայիս գյուղապետերը բոլորն էլ կուզենան աշխատեն եւ բոլորն էլ մնալու են։ Կդառնան ներկայացուցիչներ՝ համայնքի բնակիչների համաձայնությամբ։ Ներկայացուցիչները ընտրություններից հետո արդեն նշանակվելու են համայնքների բնակիչների համաձայնությամբ»։



Դիլիջանի քաղաքապետը պայքարելու է հացի փռի տիրոջ դեմ



Դիլիջանում իրավիճակը գրեթե նույնն է։ Հիմնական թեկնածուն գործող քաղաքապետ, 2005 թվականից այդ աթոռին բազմած ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանն է, երկրորդն էլ նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանն է, որը հիմա մի փոքրիկ հացի փուռ ունի քաղաքում։ Նա 70 տարեկան է։ Քաղաքում խոսում էին, որ Դիլիջանի միջազգային դպրոցի տերը՝ Ռուբեն Վարդանյանը եւս իր թեկնածուն է առաջադրելու համայնքի ղեկավարի պաշտոնին, սակայն հետո փոխել է մտադրությունը։ «Այստեղ ծանոթ-բարեկամներով է ընտրությունը որոշվում։ Ով շատ բարեկամ, ազգություն ունի, նա էլ ձայն է հավաքում,- ասաց մեր աղբյուրը՝ քաղաքի բնակիչներից։- Հացի փռի տերը՝ Ժորան, իհարկե, ավելի մաքուր էր քաղաքը պահում, աղբարկղերը շուտ-շուտ թափում էր։ Նրա ժամանակ քաղաքը լավ բարգավաճում էր, համերգներ էին անում, միջոցառումներ»։ «Ո՞ւմ է ինքն ընտրելու» հարցին մեր դիլիջանցի ծանոթը դժվարացավ պատասխանել։ «Երկուսն էլ հարազատ մարդիկ են։ Չգիտեմ։ Բայց դիլիջանցիք ուրախ են, որ մենք ենք դառնալու կենտրոնը»։ Հիշեցնենք, որ Դիլիջանի փնջում միավորվելու են Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքները։