Երբ իմ նախագահը կորոշի, ես կողջունեմ

Երբ իմ նախագահը կորոշի, ես կողջունեմ

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունների ձգձգման պատճառն այն է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ: Դաշնակցությունը ցանկանում է երեք՝ Շիրակի, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզպետների պաշտոններն ու երկու՝ էկոնոմիկայի եւ տարածքային կառավարման նախարարությունները, սակայն իշխանությունը կոնտրառաջարկ է անում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունները եւ 2 մարզ՝ Շիրակն ու Արագածոտնը։ ՀՅԴ-ն հրաժարվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելից, ասում են՝ այստեղ պրոբլեմները շատ են, դժգոհությունները՝ եւս, իսկ հաջողության հասնելու շանսերը՝ փոքր, նախընտրում են Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Մարզ, որտեղ ՀՅԴ-ն ուժեղ կառույցներ ունի եւ հույս, որ այս մարզից ընտրությունների ժամանակ կկարողանան բարձր տոկոս «խփել», ինչպես անում էր գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ հօգուտ ՀՀԿ-ի, վստահ, որ իր միակ անելիքը հենց դա է: Ի դեպ, նրան նույնիսկ զգուշացրել են հավաքել իրերը, բայց ինչ-որ մի պահից հարցին լուծում է տրվել։ Մենք զրուցեցինք մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ։



- Պարոն Գրիգորյան, ՀՀԿ-ն կոալիցիայի հրավեր է արել Դաշնակցությանը, ինչպե՞ս եք գնահատում այդ հեռանկարը:



- Քանի որ իմ հետ կապված է հարցը, ես չեմ ուզում խոսել:



- Փաստորեն, Դուք էլ չթաքցրիք, որ հարցը Ձեզ է առնչվում… Ճի՞շտ է, որ բանակցությունների սեղանին նաեւ Ձեր պաշտոնն է:



- Առաջին անգամ եմ, անկեղծ ասած, լսում, մինչեւ անգամ անտեղյակ եմ՝ բանակցություններ ընթանում են, թե ոչ, ես իմ աշխատանքով եմ զբաղված:



- Քաղաքական գործընթացները, փաստորեն, Ձեզ չեն հետաքրքրում:



- Որտեղի՞ց կարող եմ ես տեղյակ լինել, եթե պաշտոնապես ՀՀԿ ԳՄ նիստից հետ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նման հարց չի քննարկվել, ուրեմն մնացածը ես բամբասանք եմ համարում:



- Այդուհանդերձ, կոալիցիան ենթադրում է պաշտոնների հանձնում դաշնակիցներին:



- Ես չեմ կարող ասել, բայց եթե քննարկվում է ու անհրաժեշտություն է, ուրեմն ես ուրախ եմ եւ կողմնակից, որ նման կոալիցիա կամ համագործակցություն ձեւակերպվի: Իսկ եթե նման որոշում կայացվի, ես սիրով կզիջեմ իմ պաշտոնը, ինչպես ինձ են առաջարկել աշխատել այդ պաշտոնում, այնպես էլ ես կառաջարկեմ՝ սիրով:



- Մինչդեռ, ասում են, կանխել եք Ձեզ հանելու որոշումը:



- Դա բամբասանքների ժանրից է:



- Գուցե Ձեր համախոհնե՞րն են բարեխոսել, որ Ձեզ պաշտոնանկ չանեն:



- Դուք արդեն անցնում եք այլ դաշտ, որի մասին ես չեմ ուզում խոսել: Իսկ ինչպե՞ս է Ձեզ թվում, չորս տարիների իմ աշխատանքի ընթացքը Դուք ինչպե՞ս եք տալիս, առանց համախոհների ինչպե՞ս կարող եմ աշխատել:



- Իսկ կուսակցությունում կա՞ համախոհների թիմ, որը պայքարում է այդ պաշտոնում Ձեզ պահելու համար:



- Քանի դեռ չկա պաշտոնական հայտարարություն, ես համարում եմ այս խոսակցություններն անհիմն եւ անլուրջ: Այս պահին ինձ հետ նման հարց չի քննարկվել, իսկ ես միշտ կատարել ու կատարելու եմ կուսակցության գործադիր մարմնի եւ անձամբ նախագահի հանձնարարականները, երբ իմ նախագահը կորոշի, ես կողջունեմ այդ որոշումը:



- ՀՅԴ-ն հայտարարում է, որ պատասխանատվություն է ցանկանում ստանձնել, երկրի վիճակը բարելավել… գուցե Դուք ա՞յլ բացատրություն ունեք:



- Ինչպե՞ս կարելի է միայն ցանկանալ, ցանկանալը դեռ քիչ է: Պատշաճ հիմնավորված պետք է ցանկանան: Ես չեմ հավատում, որ իրենք ցանկություն ունենան այս պաշտոնի հարցում, որովհետեւ, ինչպես տեսնում եմ լրատվամիջոցներից, իրենց ելույթներում, ցանկություն ունեն գալ եւ մասնակցություն ունենալ ղեկավարման, այս երկիրը հանել չգիտեմ ինչ, ինչ… Ես կարծում եմ, որ Գեղարքունիքի մարզում ամեն ինչ նորմալ է, նորմալ հունով ընթանում է:



- Այսինքն՝ Դուք նորմալ կառավարում եք, խնդիրներ չկան, մարզպետին փոխելու պատճառ չկա՞:



- Ես դա՛ չասացի, բերեք համեմատական անցկացնենք, ու կտեսնեք ցուցանիշները:



- Գեղարքունիքը համարվում է իշխանամետ մարզ, ապացույցն ընտրությունների բարձր ցուցանիշներն են հօգուտ իշխանության։



- Այո, համամիտ եմ, որ Գեղարքունիքում ընդդիմադիր կեցվածք ունեցող բնակչության թվաքանակը քիչ է, ընտրություններին էլ բարձր ցուցանիշներ է ազգաբնակչությունն ապահովում: