Սոցիալական ծառայության աշխատողների գործը մտել է դատարան

Սոցիալական ծառայության աշխատողների գործը մտել է դատարան

Անցյալ տարեվերջին ահազանգեցինք սոցապհամակարգում կոռուպցիոն նոր սկանդալի մասին։ Այս անգամ հերոսները կանայք էին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեւանի Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի աշխատակիցներ, որոնք աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացուց կաշառք էին պահանջել: Խոսքը ծառայության պետ Վարդուհի Գեւորգյանի եւ նրա աշխատակցի՝ Մարգարիտա Ստեփանյանի մասին էր։ «ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում, դատարանի որոշման հիման վրա, իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես՝ ձայնագրառվել է քաղաքացու եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետի միջեւ կաշառք ստանալու պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ խոսակցությունը, ապա քաղաքացուն տրամադրվել հատուկ քիմիական նյութով մշակված 100.000 ՀՀ դրամ գումար, որը վերջինս փոխանցել է Վ. Գեւորգյանին»,- գրված էր հաղորդագրության մեջ։ Հավանաբար, միտում կար թաքցնելու այս գործը, որովհետեւ պաշտոնական տեղեկությունները տարածվեցին միայն մեր հրապարակումից հետո։ Որքան էր մեծ մեր զարմանքը, երբ օրերս իմացանք, որ այս գործը կարճ քննությունից հետո ուղարկել են դատարան, իսկ հերոսուհիները երկուսն էլ ազատության մեջ են։ Ըստ մեղադրական եզրակացության, Վարդուհի Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, «ունենալով ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենսաթոշակների նշանակման եւ վճարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումն ապահովելու լիազորություն, իր լիազորությունների շրջանակներում ՀՀ քաղաքացի Գագիկ Գաբրիելյանին կենսաթոշակ նշանակելու համար 2015թ. նոյեմբեր ամսվա կեսերին նույն բաժնի ավագ մասնագետ Մարգարիտա Ստեփանյանի օժանդակությամբ, շորթմամբ Գագիկ Գաբրիելյանից պահանջել է 100.000 ՀՀ դրամ կաշառք՝ հակառակ պարագայում սպառնալով ոտնահարել Գ. Գաբրիելյանի 63 տարին լրանալու կապակցությամբ կենսաթոշակ նշանակելու իրավունքը, որպիսի դիտավորյալ գործողություններով Գ. Գաբրիելյանի համար ստեղծել է իր օրինական իրավունքների իրականացումը բացառապես կաշառք տալու միջոցով պաշտպանելու համար անհրաժեշտ պայմաններ՝ Գ. Գաբրիելյանին հայտնելով, որ իրեն կաշառք չտալու պարագայում վերջինիս կենսաթոշակը կձեւակերպի միայն 65 տարին լրանալուց հետո»։ Մարգարիտա Ստեփանյանը, որը ծառայության հասարակ աշխատող է, նախաքննության ընթացքում ստորագրություն էր տվել չբացակայելու մասին, նույնիսկ գործից չի ազատվել։ Նա այսօր էլ աշխատում է նույն հիմնարկում։ Իսկ Վարդուհի Գեւորգյանի խափանման միջոցը կարճատեւ կալանքից հետո փոխվեց։ Ասում են՝ նրան երաշխավորողն ԱԺ ինչ-որ պատգամավոր է եղել։ Վարդուհի Գեւորգյանի փոխարեն հիմա բաժնի պետ է նշանակվել աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության նախկին մամուլի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը։ Վատ չէ, եթե մեր իրավապահներն այսքան արագ ապացուցում են մարդկանց անմեղությունը, բայց ի՞նչ եղավ կաշառք տալու վերաբերյալ տեսաձայնագրությունը, որի մասին հայտնել են իրավապահները։ 



ՀԳ․ Այս նույն սխեմայով բազմաթիվ գործեր են բացվում ու փակվում։ Տեղը տեղին ուտում են, հետո աչքներիս մի երկու ամիս թոզ են փչում, թե կոռուպցիա ենք բացահայտել, գործը մոռանալ են տալիս ու ծածուկ լուծում են թալանչիների օգտին։



Սյուզան Սիմոնյան