Թաթոյանը «ջրում է» հանրաքվեի մասին զեկույցը, իսկ այն գրեթե ավարտված էր

Թաթոյանը «ջրում է» հանրաքվեի մասին զեկույցը, իսկ այն գրեթե ավարտված էր

ՄԻՊ Արման Թաթոյանը դեռ չգիտի, ինքը կարդալու է հատուկ զեկույց սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ, թե ոչ։ Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասաց, որ դեռ ուսումնասիրում է Կարեն Անդրեասյանի հավաքած նյութերը։ «Կոնկրետ հիմա ես ուսումնասիրում եմ հանրաքվեի ընթացքում, երբ ահազանգեր էին ուղարկվել պարոն Անդրեասյանից իրավապահ մարմիններին։ Հիմա այդ ուսումնասիրության փուլն է, այս պահին ես արդյունքը կանխորոշող որևէ բան չեմ կարող ասել, բայց փուլային առումով կարող եմ ասել, ես որ փուլում եմ գտնվում»։ Այս փուլում Արման Թաթոյանը «լռվել» է և ոչ մի կերպ առաջ չի շարժվում։ Փորձեցինք ճշտել․



- Հիմա զեկույց լինելո՞ւ է, թե՞ ոչ, չե՞ք կարող ասել։
-Ոչ, օբյեկտիվորեն հնարավոր չէ ասել։ Նախ ռեսուրսների ամբողջ ծավալն ուղղված է տարեկան զեկույցի պատրաստմանը, որովհետև ես մինչև մարտի վերջ  ժամանակ ունեմ։ Որովհետև, պատկերացրեք, երկու ամիս օբյեկտիվորեն ոչինչ չի արվել զեկույցի կազման ուղղությամբ, աշխատակիցները չէին էլ կարող անել, առանց ՄԻՊ-ի։ Հիմա էլ կա ընդամենը 20 օր ժամանակ, աշխատանքային՝ շատ ավելի քիչ, որ տարեկան զեկույցը, ընդ որում՝ ոչ միայն ՄԻՊ, այլ նաև որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, այստեղ ներառվելու են քրեակատարողական, սոցապ, գիշերօթիկներում արձանագրված խնդիրները։ Այն ժամանակ գոնե սրա հետ կապված նյութ կունենամ ձեզ ասելու։ 



Այս հախուռն, կրքոտ պատասխանից եզրակացնում ենք, որ հանրաքվեի խախտումների զեկույցի գլխին քար են քցելու, բայց սահուն, աննկատ։ Մինչդեռ, մեր աղբյուրները վկայում են, որ միջազգային  իրավապաշտպան և դիտորդական կառույցներում արդեն որոշակի լարվածությամբ են սպասում Հայաստանի նոր օմբուդսմենի զեկույցին։ Կառույցների անհանգստությունը հասկանալի է։ Հանրաքվեի ընթացքում աղաղակող խախտումներ են արձանագրվել, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խումբն իր զեկույցում պաշտոնապես արձանագրել է, որ Հայաստանի օմբուդսմենը 67 խախտումներ է ֆիքսել։ Ու՞ր են այդ խախտումները, ի՞նչ արեցին պետական կառույցները, նման միջադեպերը հետագայում կանխելու համար, հայտնի չէ։ Հանրաքվեից 3 ամիս անց նույնիսկ հայտնի չէ, թե արդյոք զեկույցն այս լինելու է, թե ոչ։ Մեր տեղեկությունենրով, որոնք ստացել ենք ՄԻՊ գրասենյակին մերձ շրջանակից, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի զեկույցը հանրաքվեի վերաբերյալ համարյա պատրաստ էր, նյութերը վերլուծված էին, և բերված փաստերն ուսումնասիրության կարիք չունեին, քանի որ դրանց մեծ մասն ապացուցվում էր կից ներկայացված տեսագրություններով։ Կարեն Անդրեասյանը հանդիպել էր բոլոր դիտորդական կազմակերպությունների հետ, իր փաստերն ուղարկել էր իրավապահ մարմիններին, և Թաթոյանին մնում էր գրել, թե արձանագրված խախտումներին պետական մարմիններն ընթացք տվել են, թե ոչ և արդյոք սրանք կարող էին էական ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա։ Մինչդեռ նա իր գործողություններով, իր երկար-բարակ ուսումնասիրություններով ցույց է տալիս, որ ուղղակի չի վստահում Կարեն Անդրեասյանին, կամ էլ հանձնարարություն ունի «ջրելու» նրա զեկույցը։



Ի վերջո, Թաթոյանը կարող է ասել, որ հանրաքվեի ընթացքին մի գլուխ, կամ մի քանի նախադասություն կնվիրի իր տարեկան զեկույցում։ Վերջինիս մասին Թաթոյանը հետևյալն ասաց․ «Ինչ նախատեսված է եղել տարեկան զեկույցում որպես նյութ, դա միանշանակ տարեկան զեկույցում լինելու է»։ Մենք զրուցեցինք դիտորդություն իրականացրած կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք ևս սպասում են հանրաքվեի մասին ՄԻՊ զեկույցին։



«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, որ լսելով ՄԻՊ պատասխանները, իր մոտ ևս կարծիք է ձևավորվել, որ հանրաքվեի մասին զեկույցը ջրելու փորձ է արվում։ «ՄԻՊ-ը ոչ թե անձ է, այլ ինստիտուտ, որն արել է իր գործը։ Նրա ողջ անելիքը պետք է պայմանավորված լինի արդյունքի հրապարակումով։ Մեր կազմակերպությունը հանրաքվեին հաջորդած օրերին հանդիպել է օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, թարմ ինֆորմացիան տվել ենք նրանց՝ քանի արձագանք, ինչ բողոքներ, ապացույցներ ունենք, և դրանից հետո կապ չի եղել»։



«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը պատմեց, որ իրենց ՀԿ-ն ևս հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի հետ, մասնավորապես ՄԻՊ նախկին տեղակալ Արմենը Գրիգորյանի։ «Նրանք ասում էին, որ մինչև ամանօրյա տոները ուզում են հրապարակել զեկույցը և սեղմ գրաֆիկով աշխատում էին զեկույցի վրա, ու դրանից հետո եղավ Անդրեասյանի հրաժարականը։ Ես չգիտեմ, արդյոք կհրապարակվի զեկույցը, բայց կարծում եմ, որ եթե մինչև հիմա չի հրապարակվել, ուրեմն, չի էլ հրապարակվի։ Տպավորությունս այդպիսին է։ Հիշում եք, Կարեն Անդրեասյանը օպերատիվ կարգով՝ դեկտեմբերի 10-ին, նամակ էր հղել պատասխանատու մարմիններին սահմանադրական հանրաքվեի օրը գրասենյակի կողմից ստացված ահազանգերի վերաբերյալ՝ տեսաժապավեններով, տեղեկություններով, թե որտեղ ինչ է եղել։ Կարծում եմ, նրանք ինտենսիվ աշխատում էին, իրենք իրենց համար վերջնաժամկետ էին սահմանել՝ դեկտեմբերի վերջը»։ 



Սյուզան Սիմոնյան