Ոստիկանությունը փող է աշխատելու «թիթիզ» ավտովարողներից

Ոստիկանությունը փող է աշխատելու «թիթիզ» ավտովարողներից

Կառավարությունն այսօր «դաբրո» տրվեց ոստիկանության մի խիստ կոմերցիոն գաղափարի։ Այն է՝ մեքենաների համարանիշներում նոր տառեր ավելացնել՝ «G» և «X»։ Մինչ այս օգտագործվում էին միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերը: Համարանիշներն, ինչպես հայտնի է, կառուցվում են հետևյալ կերպ․ երկու թիվ սկզբում, երկու տառ, երեք թիվ վերջում, կամ՝ ինչպես պետական համարների դեպքում է՝ երեք թիվ սկզբում, երկու տառ, երկու թիվ վերջում։ Ասենք՝ 04 AC 120, կամ, օրինակ, 111DF10։ Իհարկե, սրանք հասարակ, «խլամ» համարներ են, որոնց պահանջարկը, պարզվում է, չկա։ Ավելի մեծ պահանջարկ են վայելում «gold» համարները, բայց դրանց համար տառերը քչություն են անում։ Ահա ինչ հիմնավորում է բերում ոստիկանությունը համարանիշներում տառերի տեսականու ավելացման համար /մտքի սխալների վրա ուշադրություն չդարձնեք- Ս․Ս․/ «Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ՝ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են»:



Մարդկային լեզվով ասած՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների թիվը, որոնք թանկ են և հաճախ մի քանի միլիոն դրամ արժեն, նվազում է, հետաքրքրություն ներկայացնող համարները գրեթե սպառվել են և նոր «gold» համարներ են պետք։ Փաստորեն, Հայաստանում, որի բնակչության 30 տոկոսն աղքատներ են, ավելանում է թանկարժեք համարանիշների պահանջարկը։ Թե չէ, ոստիկանությունը չգիտի, ինչ առաջարկել փողատերերին։ Հո «չմո» համարներով մեքենա չե՞ն քշելու։ Սա, իրոք, լուրջ խնդիր է։ Չէ՞ որ մեր խեղճ փողատերերն ու օլիգարխները առանց այդ էլ զրկված են շատ հաճույքներից։ Օրինակ, Վրաստանի ավտովարողները հանգիստ կարող են համարանիշի տառերից իրենք անունը հավաքել։ Այնտեղ համարանիշը երկու տառ երեք թիվ, ևս երկու տառ է պարունակում։ Ասենք, Գիվի անունով մեկը կարող է GI 144 VI համարով ավտո ունենալ։ Մերոնք այս «կայֆերից» զրկված են։ Մեզ մոտ թվերին են զոռ տվել, իսկ տառերն ընդամենը երկուսն են։ Լավագույն դեպքում կարող են անվան և ազգանվան երկու տառը դնել համարի մեջ, կամ, ասենք, ոչ թե իրենց, այլ սիրուհիների։ Բայց վերադառնանք ոստիկանապետի և նրա թիմի մտահղացմանը։ Այժմ նա իր համակարգը նոր միլիոններով սնելու հնարավորություն է ստացել, քանի որ «G» ու «X»-ը նորանոր «gold»-երի հնարավորություն են ստեղծում։ Սա հատկապես մեծ նվեր է լինելու Lexus GX և Mercedes GL քշողների համար, որոնք, անկասկած շռայլորեն վարձահատույց կլինեն իրենց մակնիշներին համապատասխան կոմբինացիաներով համարանիշներ ունենալու համար։ Mercedes GL քշողները հենց այս տառերը կգնեն, իսկ Lexus GX-ի սիրահարները՝ «ջիիքսոտ» համարներ և «supergold» վիճակում կհայտնվեն, քանի որ շատերի համար մեքենայի համարանիշը ուղղակի թվերի և տառերի համադրություն չէ, այլ հոգեվիճակ է։



Սյուզան Սիմոնյան