Երկու ՀԿ մեղադրվում են «գրանտակերության» մեջ

Երկու ՀԿ մեղադրվում են «գրանտակերության» մեջ

Հունվարի կեսերից ՀՀ քննչական կոմիտեն ՀԿ-ների դեմ քննում է մի արտասովոր գործ, որը վերաբերում է գրանտակերությանը։ Այս երեւույթի, ինչպես նաեւ «ատկատով» գրանտների մասին շատ է խոսվել, բայց դրանք հազվադեպ են քննության առարկա դարձել, քանի որ «ատկատ» վերցնողները հաճախ հետագայում էլ օգնում են գրանտակերին հաշվետվություններ կազմել եւ նորանոր գումարներ ստանալ։ Այս դեպքը նրանով է արտառոց, որ հենց դրամաշնորհ տվող կազմակերպությունն է ըմբոստացել եւ դիմել իրավապահ մարմիններին։ 



Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային եւ աուդիտի բաժինն ստուգումներ է անցկացրել եւ հայտնաբերել, որ հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով)։ Դրամաշնորհ ստացող կազմակերպությունների անունները, այլ մանրամասներ Քննչական կոմիտեն չի հայտնել՝ գտնելով, որ այս փուլում դա նպատակահարմար չէ։ Ստիպված եղանք լրագրողական հետաքննություն անցկացնել եւ երկու ամիս անց պարզեցինք, որ հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել երկու ՀԿ-ների ղեկավարներին՝ «Մարտունու ուսանողական խորհրդին» եւ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնին»։



Երկրորդը՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը», ավելի հայտնի է, իբր, կանանց իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացմամբ, ինչի համար էլ ստացել էր դրամաշնորհը։ Այժմ իրավապահները փորձում են հստակեցնել, թե դրա որ մասն է իրացվել, իսկ որը՝ յուրացվել։ Պարզվում է իրական հափշտակության չափը։ Այս կազմակերպության ղեկավարը Սվետլանա Ասլանյանն է։ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը» գործում է 96 թվականից, ամենահին գրանտ ստացողներից է եւ մի քանի տասնյակ ծրագրեր է իրականացրել։ Այն զբաղվել է ամեն ինչով՝ թրաֆիքինգից մինչեւ փախստականների համար սեմինարներ, տարատեսակ դասընթացներ, ազգային փոքրամասնությունների մշակութային խնդիրներ, կանանց իրավունքների պաշտպանություն։ Մի խոսքով, դասական գրանտակեր։



Այս կազմակերպությունը գործել է «ոչ միայն հացիվ» կարգախոսի տակ, իսկ դրա ղեկավար Սվետլանա Ասլանյանն իր կայքում մի անհեթեթ նախադասությամբ է ներկայացնում իր ՀԿ-ն՝ «հասարակական կազմակերպություն, որը կհավաստիացնի, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է իր իրավունքներն ու պարտականությունները եւ իր ներդրումն է ունենում ժողովրդավարական երկրի կառուցման մեջ»։ Թե ինչ քաջագործություններ է նա արել, ինչու է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանը չցանկացավ պատասխանել, մեզ փոխանցելով, որ շատ հիվանդ է եւ զանգերի չի կարող պատասխանել, ապա անջատեց հեռախոսը։ Քաղաքացիական հասարակության գաղափարներին «խիստ նվիրված» նրա կազմակերպությունից ՀԿ գործադիր տնօրեն Անահիտ Աբրահամյանի հետ կապվելու համար մի մեռած հեռախոսահամար տվեցին, որտեղից երկարատեւ զանգերից հետո, արձագանքեցին, թե պարտավոր չեն հարցերին պատասխանել կամ ներկայանալ։



Երկրորդ ՀԿ-ն «Մարտունու ուսանողական խորհուրդն» է, որն այնքան անհայտ է, որ անգամ Մարտունու մյուս ՀԿ-ները չգիտեին, թե ովքեր են սրանք եւ ինչպես սրանց հետ կապվել։ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ից մեզ հայտնեցին, որ այս կազմակերպությունը Մարտունիում գրանցված չէ։ Իսկ համացանցում սրանք մի ֆիկտիվ էջ ունեն, որտեղ ոչ համար կա, ոչ հասցե։ Ընդամենը մի քանի հերթապահ տվյալ է նշված՝ որ ՀԿ-ն հիմնվել է 2009 թվականին, որ նախագահը ոմն Ա․ Ավոյանն է, եւ որ այն զբաղվում է ուսանողության համախմբման եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Ի դեպ, այս ուսխորհուրդը համագործակցում է Հայ առաքելական եկեղեցու հետ։ Մենք հարցում ուղարկեցինք ԵՄ գրասենյակ՝ պարզելու, թե, այնուամենայնիվ, ինչ խախտումներ է հայտնաբերել իրենց աուդիտի բաժինը ՀԿ-ների աշխատանքներում, եւ մեզ խոստացան, որ պատասխանները չեն ուշանա։



ՀԳ․ Այն, որ տարբեր ճարպիկներ ցանկանում են փող աշխատել եւ տարատեսակ ծրագրեր «կպցնել» գրանտատուներից, ընդունված երեւույթ է, բայց մեդալը երկու երես ունի։ Զարմանալի է, թե ինչու է ԵՄ-ի պես լուրջ կառույցն օժանդակում մի ՀԿ-ի, որին հարազատ քաղաքում անգամ ոչ ոք չի ճանաչում։