Ափսոս է, որ առաջադեմ անձինք ծառերի ու կանաչի թշնամիների շարքերն են համալրել

Ափսոս է, որ առաջադեմ անձինք ծառերի ու կանաչի թշնամիների շարքերն են համալրել

Մարտի 9-ին անդրադարձել էինք մի ցավոտ իրադարձության։ Ռադիոտան նոր ղեկավարությունն ի դեմս տնօրեն Արման Սաղաթելյանի, որոշել է ոչնչացնել շենքի բակում գտնվող այգին։ Մոտ 20-30 մրգատու ծառեր և արծաթափայլ եղևնիներ են հատվել։ Կարելի է ասել, որ այնտեղ այգի այլևս չկա։ Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը պարզաբանեց, որ այսկերպ պատրաստվում են ծառատունկի՝ կտրում են հին, փչացած ծառերը։ Քաղաքապետարանից մեզ խոստացան պատասխանել, և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ փոխանցեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից ստացած պատասխանը․ «Քանի որ այդ տարածքը մասնավոր է, պատկանում է «Ազգային ռադիոյին», քաղաքապետարանն իրավասու չէ մտնել այնտեղ։ Այդ տարածքներով զբաղբում է բնապահպանության համապատասխան տեսչությունը»։ 



Բնապահպանության տեսչությունը, որը բնապահպանության նախարարության կառուցվածքում է գործում, իրոք, պարտավոր էր, ստանալով ահազանգը ծառահատումների մասին, գնալ և տեղում արձանագրեր կատարվածը և ակտ կազմեր։ Ինչո՞ւ չեն ակտավորել։ Այս հարցին ի պատասխան բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը մեզ հայտնեց․ «Քանի որ ռադիոտունը Երևանի տարածքում է, մենք, համաձայն կարգի, առաջինը դիմում ենք համայնքի ղեկավարությանը, այսինքն, Երևանի քաղաքապետարան։ Հատումները տեղի են ունեցել ոչ աշխատանքային օրերին, և անմիջապես առաջին աշխատանքային օրը՝ մարտի 9-ին, մենք քաղաքապետարան դիմում ենք ուղարկել, և պարզել ենք, որ քաղաքապետարանը թույլ էր տվել հատումները»։ Ահա ինչ է պատասխանել բնապահպանության վարչության պետ Ա․ Մարտիրոսյանը․ «Տեղեկացնում ենք, որ նշված տարածքում գտնվող ծառատեսակներն, ըստ մեր ուսումնասիրության, ծերացած են, կորցրել են իրենց դեկորատիվ տեսքը և գերաճ են տվել։ Այս ամենը վկայում է ծառերի վերափոխման անհրաժեշտության մասին»։



Առաջին հայացքից թվում է, քաղաքապետարանը երկակի խաղերի մեջ է, մամուլում աղմուկից խուսափելու համար նախընտրում է պաշտոնապես ստեր տարածել։ Բայց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պատասխանում ծառահատման թույլտվություն կարծես թե չկա՝ խոսքը գնում է «ծառերի վերափոխման անհրաժեշտության մասին», ինչը, ըստ մասնագետների բոլորովին հատում չի նշանակում, դա կարող է նշանակել՝ տեղափոխել ծառերը, էտել, բուժել, փոխարինել առողջ տնկիներով։



Բացի այդ՝ ծառահատման թույլտվության հետ կապված գործառույթներ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը չունի՝ նա կարող է միայն արձանագրել փաստը եւ ներկայացնել Բնապահպանական տեսչությանը, որն արդեն տուգանելու, պատժելու գործառույթ ունի։ Ակնհայտ է, որ Տեսչությունը իր գործառույթները չի կատարում, այլ զբաղված է մեղքը իր ուսերից ուրիշների ուսերին տեղափոխելով։
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը սրա հետ կապված դեպք հիշեց․ «Մարտիրոս Սարյանի պուրակի ներքևի մասում մի սրճարան կար։ Կենդանի, գեղեցիկ ծառերը կտրել էին։ Երբ դիմեցինք քաղաքապետարանին, ասեցին՝ չորացած են եղել։ Միասին են անում այս ամենը, հանցագործը հանցագործի համար փաստաթուղթ է ստեղծում»։ Սանասարյանն ասաց, որ ինքը չի տեսել տարածքը, և չի կարող ասել, ծառերը այդքան վատն էին արդյոք և ծեր, բայց «արծաթափայլ եղևնիները 100-120 տարի են ապրում։ Ես չգիտեմ, դրանց ծերանալը երբ էր, եթե դրանք ընդամենը 50-60 տարի առաջ են տնկվել»։



Հ․ Գ․ Մեր երկրում տարիներ շարունակ աննպատակ, իրար կրկնող կառույցներ են ստեղծվել՝ պետական բյուջեից ֆինանսավորվող, հաստիքացուցակով, կանոնադրությամբ, գործառույթներով, որոնք սակայն զուտ իմիտացիոն բնույթի են։ Նրանց գործը գործի իմիտացիա ստեղծելն է, իրականում սակայն փող են ստանում իրենց աշխատանքային պարտականությունները չկատարելու, մեղքը իրար վրա բարդելու համար։ Այսպիսի կառույցներից են քաղաքապետարանի բնապահպանական վարչությունը եւ բնապահպանության նախարարության տեսչությունը։ Ի վերջո, ծառեր են հատվել եւ պարզ չէ, թե ով է թերացել դրանում, ով է նպաստել դրան եւ ում պարտականությունն է պատժել ծառերը հատողին, որ չի արել։ Ափսոս է նաեւ, որ առաջադեմ ներկայացող անձինք՝ Հայաստանի «կավեենի» երբեմնի հպարտություն Ռուբեն Ջաղինյանը, որը, ժամանակին «Երևան» ամսագիրն էր նախաձեռնել, ազնիվ տղայի դեմքով Արման Սաղաթելյանը ծառերի ու կանաչի թշնամիների շարքերն են համալրել։



 Սյուզան Սիմոնյան