Ինչո՞ւ մեր հաշվին

Ինչո՞ւ մեր հաշվին

Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պետական ամառանոցների մասին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նա ասաց, որ մենք գումար ենք վճարում, որպեսզի Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում բնակվեն երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահը, վարչապետը, ԱԺ եւ ՍԴ նախագահները։ Նա ասաց, որ, իր կարծիքով, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների սուղ պայմանները, նրանք պետք է գնան իրենց բնակարաններում բնակվեն, ոչ թե մենք նրանց համար վճարենք, որ տուն վարձակալեն մեր հաշվին։ Իսկ մեր վճարած գումարները թող ուղղվեն ՀՀ կարիքավոր քաղաքացիներին։ 



«Եվ ես կուզենամ ձեզանից պարզաբանում ստանալ, թե որ իրավական հիմքով են այս մարդիկ այնտեղ բնակվում, 1991 թվականից առայսօր քանի՞ անտուն նախագահ, անտուն վարչապետ է այնտեղ բնակվել, որքա՞ն են կազմել այդ գումարները, որ նրանք այնտեղ բնակվել են, եւ չե՞ք պատրաստվում արդյոք փոխել եւ այս մարդկանց ուղարկել իրենց սեփական բնակարաններն ու պետության միջոցներն այսպես չվատնել»,-կառավարությանը հարց տվեց Փոստանջյանը։ Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ «Պատճառը մեկն է․ խոսքը վերաբերում է պետության խիստ սահմանափակ թվով բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց անվտանգության ապահովման հետ կապված՝ անհրաժեշտ է ունենալ հատուկ պաշտպանվող բնակարաններ։ Իհարկե, պոպուլիստական առումով հարցը գեղեցիկ է հնչում, եւ տպավորությունն այն է, որ տեղ եք գտել, որտեղ կարելի է գումարները խնայել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե այդ անձինք շարունակեն բնակվել իրենց տներում, ապա անվտանգության միջոցները, ես չեմ բացառում, որ պետության վրա նստեն շատ ավելի դժվար»,-ասաց Դավիթ Հարությունյանը։



Արձագանքելով՝ Փոստանջյանը նկատեց, որ գումարների չափը չնշվեց, բացի այդ, ՀՀԿ-ի հայտնի տատիկը՝ Սուսաննա Սարգսյանը, բազմիցս իրեն դիմել է բնակարանի հետ կապված խնդրով, եւ պատգամավորն առաջարկեց. «Աջակցեք՝ ձեր ՀՀԿ-ի տատիկին էլ այնտեղ ինչ-որ մի տարածք տվեք, որ բնակվի»։ Դավիթ Հարությունյանը ձեւացրեց, թե չի հասկանում «ՀՀԿ տատիկն» ով է. «Ձեր տատիկի վերաբերյալ ես լավ չհասկացա, թե ինչ եք մեզ առաջարկում անել։ Եթե Ձեր տատիկը Ձեզ մտահոգում է, ապա այդ տատիկը Ձեր խնդիրն է, ՀՀԿ-ն տատիկ չունի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ