Օդիոզի օդիոզը – 2

Օդիոզի օդիոզը – 2

Ես այդ բիզնեսում չկամ: Ո՞վ է ասում: Պառլամենտի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Չի ասում, որ բիզնեսմեն չէ, բիզնես չունի, Սահմանադրությունը եւ օրենքը հարգող դեպուտատ է: Ասում է, որ բիզնեսմեն է, բայց գազի բիզնեսում չկա, ԱԳԼՃԿ չունի: Նորմալ երկրի պառլամենտում նույն պահին կբարձրացնեին բիզնեսմեն դեպուտատին մանդատից զրկելու հարց: Ո՞նց թե, եթե դեպուտատը խախտում է Սահմանադրությունը եւ բիզնես է անում, պիտի ընտրի կամ մեկը, կամ մյուսը: Եթե կամավոր չի ընտրում, նրան ենթարկում են իմփիչմենթի: Լիտվայի սահմանադրությունը, օրինակ, դեպուտատին ենթարկում է իմփիչմենթի, եթե պառլամենտի էթիկայի հանձնաժողովը հայտնաբերում է, որ նա պետական աշխատավարձից բացի այլ դրամական եկամուտներ ունի: Լիտվայում դեպուտատին թույլ է տրված միայն ստեղծագործել եւ հոնորար ստանալ: Վարդան Այվազյանի դեպքում ոչ ոք նրան չի ստուգել, ինքն է պառլամենտում ասել, որ գազի բիզնեսում չկա: Հասկացվում է, որ ուրիշ բիզնեսներում կա: Բայց ինչո՞ւ հարց չի բարձրացվում, թե Սահմանադրության կամ ԱԺ կանոնակարգի որ հոդվածի հիման վրա է նա բիզնես անում: Չի բարձրացվում, քանի որ պառլամենտի բոլոր դեպուտատներն էլ մի ձեւով բիզնեսմեն են: Տարբերությունը չափերի, եկամուտների, քվոտաների մեջ է:



Բիզնեսմեն է նաեւ պառլամենտական օպոզիցիան: Բոլորը գիտեն, թե դեպուտատներից ով ինչ ունի: Մենք ունենք բիզնեսմեն պառլամենտ: Եվ այնքան էլ պրինցիպիալ չէ, թե նոր պառլամենտը համամասնականո՞վ է ընտրվելու, խա՞ռը, թե՞ ռեյտինգային քվեարկությամբ: Մեկ է, նորից բիզնեսմեններն են գալու: Իշխող կուսակցության պառլամենտական ֆրակցիայի ղեկավարն է ասում, որ դա աշխարհի փորձն է, պառլամենտում հարուստներն են ընտրվում: Ճիշտ է ասում: Միայն թե հարուստները հարուստ երկրում որ դեպուտատ են ընտրվում, քաղաքացին վատ չի զգում, որովհետեւ ինքն էլ աղքատ չէ, օրվա հացի պրոբլեմ չունի: Մեր քաղաքացիների 33 տոկոսը, ֆորմալ տվյալներով, աղքատ է: Եվ մեր նման երկրի դեպուտատը գոնե ֆորմալ էթիկան պիտի պահի: Ոչ թե «գողականով» ասի, որ ինքը գազի բիզնեսում չկա՝ ի դժբախտություն իրեն: Եկեք ազգովին խնդրենք, որ օլիգարխիան նեղ անի՝ գազի բիզնեսում դեպուտատին տեղ անի: Գուցե դրանից հետո բենզինն սկսի էժանանա՞լ…



Հայկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ