Կենսաբանին փող են տալիս քաղաքագիտական հետազոտությունների համար

Կենսաբանին փող են տալիս քաղաքագիտական հետազոտությունների համար

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի որդին՝ կենսաֆիզիկոս Տիգրան Հարությունյանն, այն երիտասարդներից է, որի բախտը բերում է։ Նա մոտ 30 տարեկան է եւ արդեն իր ձեռքի տակ հետազոտական կենտրոն ունի։ Կոչվում է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն։ Ընդ որում, սա ինչ-որ քրջոտ լաբորատորիա չէ, այլ Կառավարման ակադեմիայի մի մասն է, ունի 6 աշխատող, իսկ Սամվել Հարությունյանը տարեկան 12 մլն. դրամ է տալիս որդուն՝ որպես աշխատավարձի ֆոնդ։ Կենտրոնի մասնագետները, մասնավորապես ինքը՝ Տիգրանը, դասախոսություններ է կարդում տարբեր թեմաներով։ Օրինակ, գիտության ոլորտի բարեփոխումներին նվիրված։



Այս դասախոսությունը, ինչպես տեսնում ենք, կրկին սերտորեն առնչվում է նրա հոր գործունեության հետ։ Գիտության պետական կոմիտեի նախագահը մինչ այդ ֆինանսավորում էր որդու մեկ այլ աշխատատեղը՝ «Նորավանք» հայագիտական կենտրոնը, որտեղ Տիգրանը փոխտնօրեն էր։ Այն ժամանակ նա 30 տարեկան էլ չկար։ Բնականաբար, այն գիտնականները, որոնք տարիներ շարունակ գիտության քարն են կրծել կոպեկներով եւ չունեն փոխկապակցված անձ ֆինանսավորող կառույցներում, կոռուպցիոն ռիսկ են տեսնում հոր եւ որդու համագործակցության մեջ։ Զանգահարեցինք Տիգրան Հարությունյանին եւ գիտնականների մտահոգությունները փոխանցեցինք նրան։ 



- Տարեկան 12 մլն. դրամ աշխատավարձ եք ստանում։ Քանի՞ աշխատող ունեք, ի՞նչ հետազոտություններ եք անում, եւ ո՞վ է ֆինանսավորում։



- ՀՀ-ում գործող բոլոր լաբորատորիաները ֆինանսավորվում են Գիտպետկոմի կողմից։ Մենք ունենք 6 աշխատող։ Ինչո՞ւ է Ձեզ հետաքրքրում լաբորատորիայի աշխատանքը։



- Ես կարծում էի, որ Կառավարման ակադեմիան այլ ոլորտ է, չպետք է գիտության գումարներից ֆինանսավորվի։ Բայց, փաստորեն, ֆինանսավորվում է։



- Ցանկացած բուհ, իսկ Կառավարման ակադեմիան բուհ է, ցանկալի է, որ ունենա գիտության բաժին, գիտությամբ զբաղվող հետազոտական խմբեր։ Կառավարման ակադեմիայում այս պահին գործում է երեք գիտական լաբորատորիա, որոնք զբաղվում են գիտությամբ՝ իրենց համապատասխան հետազոտություններով։ Կառավարման ակադեմիան մինչեւ 2013 թվականը չի ունեցել գիտական մաս, հիմա ունի։



- Դուք ի՞նչ հետազոտություններ եք անում։ Քաղաքագիտակա՞ն։



- Քաղաքագիտական, տնտեսական, գիտակրթական։



- Ճի՞շտ է, որ Ձեր գնալուց հետո «Նորավանքը» մտել է մշակույթի նախարարության մեջ եւ այնտեղից է ֆինանսավորվում։



- Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Ժամանակին դա կառավարության ենթակայության տակ էր։ Ինչքան գիտեմ, հիմա էլ է նույնը, որովհետեւ նրանց խորհրդի նախագահը վարչապետն է։



- Հասկանալի է։ Գիտնականների մեջ կարծիք կա, որ Դուք Ձեր հոր ֆինանսավորմամբ եք աշխատում, ու շատերն այստեղ կոռուպցիոն երեւույթներ են տեսնում, գիտնականները։



- Ես չգիտեմ, թե որ գիտնականն է նման կարծիք հայտնել։ Նրանց հաղորդեք, եթե հայրս Գիտության կոմիտեի ղեկավարն է, ես պետք է իմ գործով չզբաղվե՞մ։ Ի՞նչ պետք է անեմ, որ իրենց դուրը գա։



- Դուք սրա մեջ կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում։



- Իհարկե, ոչ։ Ի՞նչ կոռուպցիա։ Մարդը եթե աշխատում է, ծրագրերի է մասնակցում, աշխատավարձ է ստանում, դա կոռուպցիա՞ է։ Աբսուրդ բան է։ Նման բան ասողը պետք է իրականությունից կտրված լինի։ Հիմա եթե մեկի ծնողը գյուղատնտես է, ինքը գյուղատնտեսությամբ չպե՞տք է զբաղվի, կամ մեկի ծնողը գրող է, իր մոտ էլ գրելու տաղանդ կա, չպե՞տք է գրի։ Կամ՝ եթե մեկի հայրը դասախոս է, ինքը պետք է դաս չտա՞։ Դա ի՞նչ տրամաբանություն է։



- Ուղղակի, Դուք գիտեք, թե ինչ չնչին գումար են այսօր ստանում գիտությանը նվիրված մարդիկ, ու զարմանալի չէ այս մտավախությունը։



- Մենք էլ ենք չնչին գումարներ ստանում։ Գիտության ոլորտն ընդհանրապես ՀՀ-ում ամենացածր վարձատրվող ոլորտներից մեկն է։ Իսկ մենք մեծ աշխատավարձ չենք ստանում։ Կարող եք հաշվել, մեր տարեկան թիվը ճշտել եք արդեն, բաժանել 12-ի, կստանաք, թե ինչքան է մեր աշխատավարձը։



- Մեկ միլիոն ամսակա՞ն։



- Բարձր չի, չէ՞։



ՀԳ․ Բարձր չէ, եթե, իհարկե, հավասար կամ համարյա հավասար բաժանվի 6 գիտնականների միջեւ։ Անհասկանալի է, սակայն, թե ինչ գիտակրթական կամ տնտեսագիտական հետազոտություններ է անում Տիգրանը, եթե նա մասնագիտությամբ կենսաբան է կամ կենսաֆիզիկոս եւ զբաղվել է ԴՆԹ հետազոտություններով։ Ի դեպ, այն ժամանակ նա գրանցված էր Սամվել Հարությունյանի ղեկավարած կենսաֆիզիկայի լաբորատորիայում։ Հետո, 2009 թվականին, կենսաֆիզիկոսը դարձավ հայագիտության կենտրոնի փոխտնօրենը, հետո էլ՝ 2014-ին, տեղափոխվեց քաղաքագիտական, տնտեսագիտական եւ գիտակրթական հետազոտությունների ոլորտ։ Հիմա ո՞նց չասես՝ երանի՜ հորդ։