2017թ. ԱԺ-ում եւս կունենանք «քինդեր-սյուրպրիզ». Խաչիկ Գալստյան

2017թ. ԱԺ-ում եւս կունենանք «քինդեր-սյուրպրիզ». Խաչիկ Գալստյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։



-Պարոն Գալստյան, մեկ տարի է մնացել մինչեւ 2017թ. ԱԺ ընտրություններ։ Այս ընթացքում ձեւավորվել են նոր կուսակցություններ, հները վերակազմավորվում են։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ ԱԺ կունենանք 2017թ.։



-2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում կձեւավորվի մեկ խոշոր կուսակցության եւ մի քանի փոքր կուսակցությունների խճանկար։



-Ըստ Ձեզ՝ այդ կուսակցությունները ԱԺ-ում կբաշխվեն ըստ ռուսամետ եւ արեւմտամետ կողմնորոշմա՞ն։



-Իմ կարծիքով՝ 2017թ. արեւմտամետ կամ հակառուսական հռետորաբանությունը մեր Ազգային ժողովում մի քիչ կշատանա՝ ի հաշիվ քաղաքական այն պրոյեկտների, որոնք ունեն հստակ ընդգծված արեւմտյան վեկտոր։



-Իսկ դրանք կլինեն հի՞ն, թե՞ նորաստեղծ կուսակցությունները։



-Ընդհանրապես վերջին քսան տարիների ՀՀ ԱԺ ընտրությունների դինամիկան ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ լինում է «քինդեր-սյուրպրիզ», մի նոր քաղաքական ուժ, որը համալրում է ԱԺ կուսակցությունների շարքը։ Այս անգամ էլ, կարծում եմ, բացառություն չի լինի, եւ նոր քաղաքական ուժ մենք անպայման կտեսնենք խորհրդարանում։



-Իսկ հին կուսակցություններից որո՞նց կտեսնենք, ըստ Ձեզ, ԱԺ-ում։



-Հներից կլինեն Հանրապետական կուսակցությունը, Քաղաքական համաձայնագրի շրջանակներում որոշակի վարչական ռեսուրս ձեռք բերած Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Մյուսներն ունեն հավասար շանսեր։ Մեր նման երկրներում քաղաքական զարգացումները լինում են կարտելային համաձայնությունների շրջանակներում, երբ մի քանի քաղաքական ուժեր պայմանավորվում են, գալիս են համաձայնության եւ իրենց մեջ բաշխում են եւ՛ ընդդիմադիր, եւ՛ իշխանամետ դիրքորոշումները։



-Ինչու՞ է այսպիսի աժիոտաժ առաջացրել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը։



-Վարդան Օսկանյանն ունի սահմանադրական իրավունք նոր կուսակցություն ստեղծելու։ Իսկ աժիոտաժի պայմանավորում եմ այն բանով, որ նա Հայաստանի ամենահին եւ կարեւոր պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչներից է։



Թագուհի Հակոբյան