Թե ինչպես է Նաիրա Զոհրաբյանը հարուցել երկրային և երկնային օրենքների զայրույթը. պատմում է Գևորգ Պետրոսյանը

Թե ինչպես է Նաիրա Զոհրաբյանը հարուցել երկրային և երկնային օրենքների զայրույթը. պատմում է Գևորգ Պետրոսյանը

«Սա իմ անձնական կռիվը չէ, ես իմ անձնական կռիվը համապատասխան որոշումը ստանալուց հետո կմղեմ դատարանում, բայց սա բազմահազար կուսակցականների դժգոհությունն է այսօրվա ղեկավարի վարած անհեռատես, անորոշ քաղաքականության վերաբերյալ».- հայտարարում է արդեն նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը, ով այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ և պատմեց իր և ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի միջև ծագած «պատերազմի» մասին:



Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանին հեռացրել են ԲՀԿ-ի շարքերից: Վերջին շրջանում Գևորգ Պետրոսյանը, ով ևս կոալիցիա կազմելու կողմնակից է, իր ֆեյսբուքյան էջում հանդես էր գալիս ԲՀԿ նախագահի հասցեին քննադատություններով, ինչն էլ պատճառ է դարձել վերջինիս կուսակցությունից հեռացնելու համար: Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ իրեն անօրինական են հեռացրել կուսակցությունից, ինքն այդ հարցը բողոքարկելու է դատարանում:



«Ես կուսակցությունը լքել էի 2010 թվականից և 5 տարի անկուսակցական էի, ինձ հրավեր եղավ կուսակցությունից և անձամբ տիկին Զոհրաբյանի կողմից: Ինձ հետաքրքրող առաջին հարցը, որ բարձրացրեցի այն էր, թե ինչ պայմաններում պետք է լինի մեր համագործակցությունը: Իմ առաջին պայմանը եղել է այն, որ ես կարծիք հայտնելու ազատություն պետք է ունենամ՝ իհարկե պահպանելով կուսակցության ընդհանուր գիծը: Նա համաձայնել է, երկրորդ պայմանս այն էր, որ պատասխանատու որոշումները կայացվեն համապատասխան քննարկումների արդյունքում, ոչ թե միանձնյա որոշումներ կայացվեն և հնչեցվեն կուսակցության կողմից: Երկու հիմնական պայմանները, որոնք տիկին Զոհրաբյանը տվեց համաձայնություն դեմ առ դեմ նստած, խախտվեցին».- պատմում է Գևորգ Պետրոսյան:



«Ինքը պարապ ժամանակ, ասում է` ընթերցանությամբ է զբաղվում, ես խիստ կասկածում եմ, նա գուցե միայն սնվելիս այդ գործը չանի, այն էլ գուցե, իր սովորության համաձայն պետք է անպայման քանդի ինչ-որ մեկի պատվանդանը: Նա պարապ չի կարող մնալ, բայց եթե իսկապես այդպես չէ, թող բարի լինի կարդալ օրենքները և իր գործողություններով չհարուցի երկրային և երկնային օրենքների զայրույթը».- ասաց Գևորգ Պետրոսյանը:



Նախկին ԲՀԿ-ականի խոսքերով՝ երբ դեռ նոր էր վերադարձել կուսակցություն և խնդիր էր դրված արտահերթ համագումար անցկացնելու, կարծիք է հայտնել, որ արտահերթ համագումարի նախադրյալներ չկան, իսկ եթե գնում են արտահերթ համագումարի, շատ լավ առիթ է, որ քննարկվեն նաև այլ հարցեր. «Սա արժանացավ կոշտ դիմադրության և իմ կարծիքը դիտվեց որպես շատ կոպիտ նախաձեռնություն, ընդդիմախոսություն իմ կողմից: Ես դեմ էի օրակարգի թիվ առաջին հարցին, Նաիրա Զոհրաբյանի ցանկությունն այն է, որ արտահերթ համագումար հրավիրվի իր լիազորություններն ավելացնելու համար: Այդ հանդիպումից հետո այլևս բացառվեց իմ և նրա հանդիպումները, ես որևէ գործընթացի չէի ներգրավվում»:



Բանախոսը պնդում է, թե փորձել եմ երկխոսել ԲՀԿ ղեկավարի հետ. «Մի քանի անգամ զանգահարել եմ, հարցրել ինչ հանձնարարություններ ունի ինձ համար: Ես կզանգեմ, տեղյակ կպահեմ, այդպես արհեստականորեն խոչընդոտում էր իմ մասնակցությանը»:



Գևորգ Պետրոսյանի խորին համոզմամբ` Նաիրա Զոհրաբյանը քանդում է կուսակցությունը, նախկին ԲՀԿ-ականը համարում է նաև, որ կուսակցությունը գաղափարախոսություն չունի: «Երբ տիկին Զոհրաբյանը համառորեն հրաժարվում է քաղաքական խորհրդի նիստեր և համագումարներ հրավիրելուց, խախտելով օրենքը, իմ խորին համոզմամբ, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նա ասելիք չունի կուսակցականներին, դրա համար անընդհատ խորշում է զանգվածային հանդիպումներից»:



Վերջնանպատակը ո՞րն է, Նաիրա Զոհրաբյանին դատի եք տալիս, որպեսզի վերադառնաք կուսակցությու՞ն, թե՞ «պատժելու» համար, հետաքրքրվեցինք Գևորգ Պետրոսյանից.  «Ես Նաիրա Զոհրաբյանին պատժելու գործառույթ չունեմ: Այստեղ կա 2 խնդիր՝ իմ անձի խախտված իրավունքների պաշտպանությունն է, որը խնդրի իրավական կողմն է, ես չեմ ուզում ներգրավել ոչ մի կուսակցականի, դա իմ անձնական կռիվն է: Եվ խնդիրն ունի նաև քաղաքական կողմ, որ ես որպես անդամ, որ 2006-ից կուսակցության հիմնադրման օրվանից մեծ ներդրում ունեմ այդ կուսակցության կայացման գործում, այսօր ինձ համար շատ ցավալի է, որ ԲՀԿ-ն գնում է դեպի անկում: Մշուշոտ ապագա ունի»:



Իսկ ո՞ւմ եք տեսնում Նաիրա Զոհրաբյանի փոխարեն. «Ես այսօր չեմ ցանկանա անուններ տալ, որովհետև եթե ես տամ որևէ անուն, տիկին Զոհրաբյանը կաճապարի այդ անունը վերցնել և սարքել մատի փաթաթան, ասել, որ Պետրոսյան Գևորգը բանուգործը թողել այսինչի գովքն է անում: Բայց որ իրենից լավ հաստատ կուսակցություն ղեկավարողներ կլինեն, ես դրանում խորապես համոզված եմ»: