Արթուր Բաղդասարյանը ողջունում է Ռուսաստանի «վերածնունդը»

Արթուր Բաղդասարյանը ողջունում է Ռուսաստանի «վերածնունդը»

«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների «ստարտից» առաջ բուռն նախապատրաստական գործընթացների մեջ է: Hraparak.am-ի տեղեկություններով` այս օրերին Արթուր Բաղդասարյանը գտնվում է Բրյուսելում, իսկ դրանից առաջ էլ «ճանապարհորդել է» Ռուսաստանում:



Արթուր Բաղդասարյանի «ճանապարհորդությունների» մասին լուրը հաստատեց «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը. «Բրյուսել այցելությունը. Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն է մեկնել: Այնտեղ մի շարք հանդիպումներ են եղել հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այդ հանդիպումները գործընթացի մեջ են դեռ, հանդիպել են նաև ԵԺԿ նախագահի հետ: Իսկ Մոսկվա այցելության հետ կապված նույնպես ձեր ինֆորմացիան ճիշտ է, բայց դրա մասին՝ առաջիկայում, քանի որ դեռ գործընթացներ են տեղի ունենում, ավելի մանրամասն կհաղորդենք».- եղավ Վահե Մոսինյանի պատասխանը:



Ի դեպ, Ռուսաստանում գտնվելու ընթացքում Արթուր Բաղդասարյանը հասցրել է նույնիսկ հարցազրույց տալ «Мир 24» հեռուստաընկերությանը, որտեղ բավականին հետաքրքրիր մտքեր է արտահայտել «վերածնունդի» մասին:



Հաղորդվարի այն հարցին, թե ինչ սպասելիքներ կան Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, ով այժմ հանդիսանում է ԵՏՄ-ի գործադիր մարմնի ղեկավարը, Արթուր Բաղդասարյանը պատասխանել է. «Մեր ներկայացուցիչը՝ Տիգրան Սարգսյանը, փորձառու է, ես կարծում եմ ունի շատ հետաքրքրիր մոտեցումներ և իր կոլեգաների հետ միասին կարող է նոր մոտեցումներ ցուցաբերել, այնպես որ հանձնաժողովը հիմա շատ էֆեկտիվ պետք է աշխատի, շատ բան կախված է նաև երկրներից, երկրների ձգտումներից, ավելի էֆեկտիվ մոտեցումներից այս ոլորտում, ինչպես նաև այն օրգանին, որը կորդինացման ֆունկցիա է իրականացնում: Մենք չպետք է նստենք և սպասենք, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան անի մեր փոխարեն, մենք պետք է լինենք շատ նախաձեռնող, առաջարկենք մեր գործընկերներին նոր մեթոդներ, հետաքրքրիր պրոյեկտներ, ծրագրեր և առաջ շարժվենք»: Իսկ վերջում, երբ Արթուր Բաղդասարյանը պետք է  ի մի բերեր հարցազրույցը, ահա այսպիսի վերջաբան է տվել խոսակցությանը. «Ես «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական ընդդիմադիր կուսակցության ղեկավարն եմ, դա նշանակում է, որ մենք հանդես ենք գալիս Հայաստանի վերածննդի համար, մենք նաև ողջունում ենք Ռուսաստանի վերածնունդը: Որպեսզի այդ ամբողջ պոտենցիալը ռեալիզացնել, պետք է հարաբերությունների ռազմավարություն, հասկանում եք, պետք է մշակել ռազմավարություն և ավելացնել շատ-շատ «կոնկրետներ», նշանակել այնպիսի  պատասխանատու մարդկանց, որոնք ունեն հնարավորություն, ինտելեկտ»: Ամբողջ հարցազրույցը կարող եք դիտել ստորև: