«Շանթի» Յուրան պա՞րտք է եղել սպանված գործարարին

«Շանթի» Յուրան պա՞րտք է եղել սպանված գործարարին

«Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա /Վարշամ/ Ղարիբյանի տանը անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին հայտնված և այդ տան մեջ սպանված Գևորգ Սարգսյանի՝ հեղինակություն Գեչի Սամոյի փեսայի գործով իրավապահները լիակատար լռություն են պահում։ Քննությանը հետևող փաստաբաններ չկան։ Կողմերը հրաժարվել են փաստաբանների ծառայությունից, թեև նրանցից ոչ մեկը անապահով չէ։ 4 ամիս անց միակ զարգացումն այն է, որ գործը քննչական կոմիտեից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն։ Պաշտոնական հիմնավորում չկա։ ՀՔԾ օրենքով այն քրեական գործերի նախաքննությունն է վարում, որոնք վերաբերում են օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց, կամ կապված են ընտրական գործընթացների հետ։ Այս գործով նման անձինք ոչ տուժող են, ոչ մեղադրյալ, ոչ էլ հանցակից։ Թե Յուրա Ղարիբյանը, թե սպանվածը երկուսն էլ գործարարներ են։ Սա մտածել է տալիս, որ գլխավոր դատախազությունը մտավախություն ուներ, որ քննչական կոմիտեն չի կարող անկողմնակալ քննություն իրականացնել, քանի որ կոմիտեի նախագահը՝ Աղվան Հովսեփյանը, Շանթի Յուրայի վաղեմի ընկերն է, ինչպես պատմում են՝ «հացի ընկերը»։ Ժամանակին գրվում էր նաև, որ Աղվան Հովսեփյանը, լինելով գլխավոր դատախազ, պաշտպանում էր Վարշամ Ղարիբյանին վերջինիս եղբոր՝ Մանվել Ղարիբյանի դեմ անվերջանալի դատական վեճերում։ Ահա ինչու, երբ ներկայիս դատախազ Կոստանյանը գործը փոխանցվեց ՀՔԾ, ոչ ոք չզարմացավ։



Ի սկզբանե, այն ներկայացվում էր ոչ թե որպես սպանություն, ինչը ճիշտ կլիներ, այլ ավազակային հարձակում, մեղադրանք է առաջադրել ավազակային հարձակման հոդվածով։ Կարծես, տունը, որի վրա, իբր, հարձակվել էին, ավելի մեծ արժեք լինի, քան մարդկային կյանքը, որը խլվել էր (հիշեցնում է Լիսկայի տան վրա հարձակումը)։ Հարձակման մասին ահազանգել են Վարշամ Ղարիբյանի տնեցիները ՝ զինված և դիմակավորված անձը մուտք է գործել տուն, զենքի սպառնալիքով պահանջել է, որ զարդերն ու գումարը դնեն սեղանին, հրացանից կրակել է «Շանթի» Յուրայի ընտանիքի անդամների վրա, որոնք էլ դիմադրություն են ցույց տվել ու դանակով հարվածել են գործարարին։ «Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է», - հաղորդում էին իրավապահները։ Դեպքից անմիջապես հետո Գագիկ Շամշյանի տարածած օպերատիվ տեսանյութում երևում է, սակայն, որ Յուրա Ղարիբյանի տանը ոչ թե մարմնական վնասվածքներ ստացած, այլ մեռած մարդու մարմին է։ Ոստիկաններից մեկը նույնիսկ արտաբերում է․ «Մեռած է», և բառն այս հստակ լսվում էր տեսաձայնագրության նախնական տարբերակում։ Հետո այդ տարբերակը խմբագրվեց, և այդ և որոշ այլ հատվածներում ձայնը ուղղակի մաքրվեց «վիդեոյից»։ Սպանությունից հետո հարցեր բարձրացվեցին մամուլում։ Հասկանալի չէր, թե ինչու է ավազակային հարձակման մտադրություն ունեցող անձը տուն գալիս օրը ցերեկով, երբ մարդիկ տանն են, և տուն մուտք գործում կիսաբաց դռնով։ Այսինքն, նա դիմակ է հագնում, զենք է վերցնում, ու գալիս է, հույսով, որ տան դուռը բաց կլինի, ու ինքը անմիջապես մուտք կգործի։ Կամ՝ ինչպե՞ս ստացվեց, որ Յուրայի զոքանչը կարողանում է զինված տղամարդուն այնպես հարվածել, որ նա տեղում է մնում, առանց որևէ մեկին լուրջ վնասվածք հասցնելու։



Իրավապահները չեն շտապում պատասխանել այս հարցերին, և ինչպես պատահում է նման դեպքերում, ծնվում են ժողովրդական վարկածներ։ Ըստ դրանց` վաղեմի ունեցվածքային վեճ է եղել Յուրա Ղարիբյանի և սպանվածի աներոջ միջեւ։ Ըստ մյուս վարկածի, Վարշամ Ղարիբյանը մեծ գումար է պարտք եղել Գևորգ Սարգսյանին։ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին գնացել է նրա տուն՝ այդ գումարը ստանալու հույսով։ Ըստ իրավապահների, Ղարիբյանը Գևորգ Սարգսյանի սպանության պահին տանը չի եղել։ Ըստ ժողովրդական վարկածի, սակայն, նա տանն էր, խոսակցությունը նրա և հանգուցյալի միջև կայացել է։ Կողմերը տաքացել են, վեճը թեժացել է և ավարտվել է հյուրի մահով։ Վարշամ Ղարիբյանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում, նա վաղուց չի պատասխանում ԶԼՄ-ների զանգերին, իսկ սպանվածի հարազատերը չեն ցանկանում խոսել այս մասին։ Նրանք ապրում են Վարշամ Ղարիբյանի հարևանությամբ, և չի բացառվում, որ ուղղակի լավ բանի չեն հավատում` նախընտրելով լռել։ ՀՔԾ մամուլի խոսնակը հրաժարվում է անգամ պատասխանել, թե ինչու է ՀՔԾ-ն զբաղվում գործով և կա արդյոք այլ վարկած։ Բոլոր հարցերին նա պատասխանում է՝ «նախաքննության փուլ է»։



Սյուզան Սիմոնյան