«Հայկական վերածնունդը» առաջարկում է ԸՕ-ի քննարկման իր ձեւաչափը

«Հայկական վերածնունդը» առաջարկում է ԸՕ-ի քննարկման իր ձեւաչափը

«Հայկական վերածնունդ» կուսակցության հայտարարություն է տարածել նոր Ընտրական օրենսգրքի բարելավման սկզբունքային առաջարկների և քննարկման ձևաչափի վերաբերյալ.



1.Ցուցակների ճշգրտում վրացական տարբերակով` ապահովելով նաև ճշգրտված ցուցակներում ընտրություններին մասնակցողների և արդեն իսկ քվեարկված ցուցակների հրապարակայնությունը: Ոչ ուշ, քան քարոզարշավի մեկնարկից կամ նվազագույնն ընտրություններից 10 օր առաջ ընտրատեղամասերում փակցվում են ընտրողների վերջնական ցուցակները: Ընտրողների վերջնական ցուցակներում հետագա փոփոխությունը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ:



2. Քվեարկությանը մասնակցող անձանց էլեկտրոնային եղանակով մատնահետքի միջոցով նույնականացում մասնակցողի լուսանկարի ցուցադրմամբ` ապահովելով բոլոր ընտրողների համար ID քարտեր:



3. Բոլոր ընտրական տեղամասերում տեսանկարահանման ապահովում:



4. Ընտրատարածքային հանձնաժողովների ձևավորում ըստ մարզերի` թվով 10, Երևանում՝ 5` երաշխավորելով ընտրությունների արդյունքների ամփոփումն ընտրատարածքային հանձնաժողովների միջոցով` յուրաքանչյուր տեղամասի և ընտրատարածքային հանձնաժողովի համար նախատեսելով ժամանակային սահմանափակումներ` մինչև 500 ընտրողի համար 3 ժամ, մինչև 1000 ընտրողի համար 6 ժամ, մինչև 2000 ընտրողի համար առավելագույնը 8 ժամ:



5. Ընտրությունների անցկացում միայն համամասնական սկզբունքով կամ նվազագույնը դրա սահմանափակում 85/15 հարաբերակցությամբ` 85 % համամասնական, 15 % ռեյտինգային: Գաղտնիք չէ նաև, որ թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար առաջնային պայման է հանդիսանում իշխանությունների քաղաքական կամքը: Միաժամանակ, Ընտրական օրենսգրքի բարելավումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար և խիստ անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ և´ քաղաքական-հասարակական, և´ մասնագիտական դաշտի ամբողջ սպեկտրի մասնակցությամբ:



Նախկինում Հայաստանի Հանրապետությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը մի շարք դեպքերում եղել է ընդդիմության և իշխանության բանավեճերի պայմաններում՝ տարբեր ձևաչափերով: Խիստ տարօրինակ է, որ Ընտրական օրենսգրքի ներկա փոփոխությունների նախագծին մեր հասարակությունը ծանոթացել է Վենետիկի հանձնաժողովի կայքէջում անգլերեն լեզվով հրապարակումից հետո, ինչը անընդունելի մոտեցում է:



Այս գործընթացում հասարակության բոլոր շահագրգիռ ուժերին ներգրավելու համար անհրաժեշտ է, որպեսզի և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը, և´ քաղաքացիական հասարակությունը, և´ ԶԼՄ-ները, և´ փորձագիտական հանրույթը կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու մոտեցումները: Անհրաժեշտ է նաև, որպեսզի պարտադիր հաշվի առնվեն միջազգային կազմակերպությունների կարծիքները:
Ուստի «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի քննարկման հետևյալ քաղաքական ձևաչափը` համամասնորեն ներգրավել ՀՀ ԱԺ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: