Հին հեռուստացույցները աղբանոց կնետենք ամռանը

Հին հեռուստացույցները աղբանոց կնետենք ամռանը

Անալոգային հեռուստացույցները պետք է անջատվեին մարտի 6-ին, բայց կառավարությունը որոշում ընդունեց, որով ժամկետն այս հետաձգվեց անորոշ ժամանակով։ Ե՞րբ Հայաստանը վերջապես կանցնի թվային հեռարձակման, ի՞նչ փուլում է գործընթացը։ Հարցերին պատասխանեց դրա պատասխանատու մարմնի՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։



-Բոլորը խոսում են, որ թվայնացման ժամկետը երկարաձգվել է, բայց մինչև երբ, չի նշվում։ Կ՞ա մի հստակ ժամկետ, որից սկսած հին հեռուստացույցները չեն աշխատի։



-Այս պահին հստակ սահմանված ժամկետ չկա, որովհետև կառավարության որոշում է եղել՝ անապահովներին ապակոդավորող սարքերի լրացուցիչ խմբաքանակ տրամադրելու մասին։ Մոտավորապես կարող եմ ասել, որ գործընթացը կավարտվի ամռանը։ Տեխնիկական հարցեր կան՝ ֆինանսավորում, լրացուցիչ քանակի ձեռք բերում։ Մինչև դա հասնի Հայաստան և բաշխվի, կարծում եմ, իրատեսական ժամկետը ամառն է։



-Քանի՞ սարք է արդեն բաժանվել։



-Այս պահին բաժանվել է 46 հազար 733 հատ սարք Հայաստանում, և հիմա թիվը համալրվելու է մինչև 108 հազար։



-Այսինքն, մոտենում ենք անապահով ընտանիքների պաշտոնական թվին՝ 130 հազար։



- Անապահովները դասակարգվում են տարբեր խմբերի։ Ես խոսում եմ միայն իմ ոլորտին վերաբերող թվի մասին՝ 108 հազար ընտանիք է սահմանված կառավարության որոշմամբ։



-Այն ընտանիքները, որոնք երկու- երեք հին հեռուստացույց ունեն, անալոգային, միանգամից 20-30 հազար պետք է ծախսի։ Չե՞ք կարծում, որ սա մեծ թիվ է։



-Նկատի ունեք, սոցիալական անապահով ընտանիքը, որը 3 հեռուստացույց ունի՞։



-Չէ, սովորական ընտանիքները։ Սոցիալական մանր մաղով անցկացված զանգվածի մասին չի խոսքը։ Համարում եք, որ թվայնացում հասանելի՞ է միջին կենսամակարդակ ունեցող խավին։



-Ինքը թող որոշի։ Ես չեմ կարող գնահատական տալ դրան։ Ես ընդամենը կարող եմ գնահատել, որ երկրում կան սոցիալապես անապահովներ, որոնց մասին կառավարությունն արդեն որոշումներ կայացրել է։



Հիշեցնենք, որ շատերը համարում են, որ Հայաստանում դեռ վաղ է բացառապես թվային հեռարձակմանը անցնելը։ Անապահով ընտանիքների սահմանված թվաքանակը շատ հեռու է իրական աղքատության չափից, այն է՝ բնակչության 36 տոկոսը։ Սրան հակադարձվում է պետական բյուջեն լցնելու տրամաբանությունը, քանի որ թվայնացմամբ մեծ թվով հաճախականություններ են ազատվում, որոնք կբաժանվեն ստուդիաներին և տրանսպորտի նախարարությունը նոր փողեր կստանա։



Սյուզան Սիմոնյան