Դավիթ Լոքյանը հանդես է եկել դասախոսությամբ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ

Դավիթ Լոքյանը հանդես է եկել դասախոսությամբ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ

ՀՀ Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն, ս.թ. մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքները, որոնք նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական և գործնական ունակությունները, ռազմավարական և օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը:



Այսօր հերթական օպերատիվ հավաքի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդես է եկել դասախոսությամբ` «Տարածքային կառավարման մարմինների աշխատանքը զորահավաքի ապահովման ուղղությամբ» թեմայով: Դասախոսությանը ներկա է եղել Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմը` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ:



Ողջունելով ներկաներին` Դավիթ Լոքյանը ներկայացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից զորահավաքային նախապատրաստության բնագավառում կատարված աշխատանքները:



Իր դասախոսության ընթացքում նախարարն արծարծել է տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև տարածքների տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են պետության պաշտպանության համակարգին:



Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԶ նախարարության մամուլի ծառայությունից: