Համացանցի դարում գրականության այրմանը համարժեք մեթոդը ստեղծագործությունը կայքից հանելն է։

Համացանցի դարում գրականության այրմանը համարժեք մեթոդը ստեղծագործությունը կայքից հանելն է։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Կարինե Հակոբյանի նախագահությամբ, այսօր սկսեց և ավարտեց «Հրապարակ» թերթի վերաքննիչ բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանի որոշման։ Այդ որոշմամբ մենք պարտավորվում ենք նախ գրել, որ իրականությանը չի համապատասխանում հոդվածի հետևյալ պարբերությունը, որը տհաճ էր Սեյրան Օհանյանի կնոջ համար․ «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, հիշեցին եւ տարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը դառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց է շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները գրում էին քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին։ Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի դարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս եկան»։ Ձևակերպումից չի հասկացվում, թե ինչը չի համապատասխանում իրականությանը։ Բայց այս մասին շատ ենք գրել։ Կրկնվել չարժե։



Մյուս պահանջը, որն ավելի ծիծաղելի է, «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը մեր կայքից հանելն է։ Պահանջն այս Օհանյանի կնոջ փաստաբանը հիմնավորում է նրանով, որ պետք է վերականգնվի մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը, և եթե հոդվածը մնա, ապա ամեն անգամ ընթերցողները կմտնեն կայք և կրկին ու կրկին կկարդան իր վստահորդին «զրպարտող» տեղեկությունը։ Այս հիմքով կարելի է պահանջել, որ քանդվի ապօրինի կիսակառույցը, բայց ոչ լրագրողական ստեղծագործությունը։ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում, որը սահմանում է, թե ինչ միջոցներ կարող է պահանջել անձը զրպարտության դեպքում, հոդվածի հեռացում կայքից ուղղակի նախատեսված չէ։ Չնայած, եղել են պատմության մեջ գրավոր խոսքը վերացնել ցանկացողներ։ Օրինակ, ֆաշիստական առաջնորդ Հիտլերը, որը գրքեր էր այրում։ Համացանցի դարում գրականության այրմանը համարժեք մեթոդը ստեղծագործությունը կայքից հանելն է։ Այնպես որ, կարելի է ասել, որ Ռուբեն Վարդազարյանը, որը կայացրել է այս որոշումը, կապկել է նացիստներին։ Եւ Կարինե Հակոբյանը, եթե վերահաստատի Վարդազարյանի վճիռը, նույնպես կկապկի նացիստներին։ Դատարանը որոշումը կկայացնի մարտի 29-ին, սակայն քննության տեմպից ակնհայտ է, որ այն զուտ ձևական էր, որոշումն էլ` կանխատեսելի։



Սյուզան Սիմոնյան