Վլադիմիր Գասպարյանը հոգնել է

Վլադիմիր Գասպարյանը հոգնել է

Մարտի 8-ին Գորիսի «Դիանա» սաունայի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի նոր մանրամասներ են պարզվում։ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, որը ծեծի է ենթարկել երիտասարդին, երկար ժամանակ փորձել է ազդել դեպքով զբաղվող իրավապահների գործողությունների վրա։ Անգամ ուշ երեկոյան, երբ դատարանը քննում էր Արթուր Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը, գորիսեցիները նկատել են, որ Գևորգ Ազիզյանը պտույտներ է գործում դատարանի բակում։ «Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին ոչ թե տեսագրության տարածումից հետո, - ասում է Արթուր Գևորգյանի շահերի պաշտպան Համլետ Դավթյանը, -այդ տեսագրությունը ժամեր շարունակ նայում էին, և ոչ ընթացք չէր տրվում։ Միայն այն բանից հետո, երբ մենք բողոք գրեցինք Վլադիմիր Գասպարյանին Արթուր Գևորգյանի անունից, որ Ազիզյանը այս պահին էլ կարող է ազդեցություն ունենա նախաքննության, դատարանների վրա, նրա լիազորությունները կասեցվեցին»։ Նա ասաց նաև, որ Արթուր Գևորգյանի լեզուն վնասված է։ «Հավանաբար, ծեծի ժամանակ ատամն է ծակել լեզուն», - ասում է փաստաբանը։



Հիշեցնենք, որ մարզի դատախազի, նրա տեղակալի, քննչականի պետի աչքի առաջ ծեծված երիտասարդին կալանավորել են և մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։ Նրա եղբայրը՝ Գորիսի ոստիկանության պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանը ազատված է աշխատանքից, իսկ համազգեստի պատվի ջատագով Վլադիմիր Գասպարյանը ընդամենը ժամանակավորապես դադարեցրել է Ազիզյանի լիազորությունները, որը համացանցային ողջ հանրության աչքի առաջ քացիներով ծեծում և այս կողմ այն կողմ էր քարշ տալիս Արթուր Գևորգյանին։



Կատարվածի շուրջ խոսեցինք նախկին ոստիկան «Ոստիկանության Գորիսի վետերանների միավորման» նախագահ Ռոբերտ Հակոբյանի հետ։



-Ինչ եք կարծում, տեսագրությունը բավական չէ՞ր, որ Ազիզյանին ուղղակի հեռացնեին պաշտոնից։ 



- Ես ախր էդ թեմայի հետ կապված ի՞նչ ասեմ։ Ամբողջ հանրապետությունը նայել է։ 



-Ձեր կազմակերպության անդամները նախկին իրավապահներ են, չէ՞։ 



- Հասարակական կազմակերպություն է, առանձնապես ակտիվ չենք գործում։ Մեր անդամները հիմնականում նախկին ոստիկաններ են, այո։ 



- Նորմա՞լ է, որ ոստիկանապետը մարդ է ծեծում։



-Մեր ոստիկանապետը սիրում է ասել՝ ձեռքերդ կկտրեմ, սպառնալ։ Երևի իրարից կրկնօրինակում են։ Ես գնահատականը վերջում կտամ։ Տեսնենք, ինչ են անում, նոր։ Թող քննեն, զննեն, պարզեն, ես ուղղակի ամաչում եմ շատ բաներից, որպես նախկին ոստիկան։



-Իսկ Մուշեղ Գևորգյանը՝ Գորիսի ոստիկանապետի տեղակալը, որին գործից ազատել են, ի՞նչ համարում ունի Գորիսում, ի՞նչ ընտանիքից է։



- Չեմ խորանում այդ հարցերի մեջ, բայց կարող եմ ասել, որ օրինապահ ընտանիքից է։ Նրա հայրը նախկին ոստիկան է, վետերան։ Բայց այդ հարցերը ինձ համար հետաքրքիր չեն։ Սյունիքի, Գորիսի ոստիկանության օգտակար գործակիցը զրո է։ Վլադիմիր Գասպարյանը իրավիճակին չի տիրապետում, ինքը պրոֆեսիոնալ թիմ չունի։ Նրան սխալ են զեկուցում, այսպես ասած՝ տեղները նստած են զեկուցում։ Մինչդեռ պետք է զգաստ կանգնեն, նոր զեկուցեն։ Վլադիմիր Գասպարյանը հոգնել է։ Չկա, պրոֆեսիոնալ կորիզը չկար։ Ես ժամանակին, մի երկու տարի առաջ նրան զեկուցել եմ, որ այս իրավիճակն է լինելու։



-Նախկինում էլ են եղել դեպքեր, երբ ոստիկանները մարդ են ծեծել, ջարդել։ Այս իմաստով իրավիճակը նույնը չէ՞։



-Սա դուք ծեծ ու ջա՞րդ եք համարում։ Հզոր դատախաղությունը, ՀՔԾ-ն, ոստիկանությունը, տաղանդավոր քննիչները նյութերը կուսումնասիրեն, կզեկուցեն, ինչպես պետք է։ Ողբերգություն է սա, իսկ ամենամեծ ողբերգությունը մեր ոստիկանության համար մարզային վարչության պետի պաշտոնում անտեղյակ մարդու պահելն է։ Վլադիմիր Գասպարյանը պետք է դրան գործուղի վանք։ Ես մի երկու տարի առաջ ասել եմ, որ ոստիկանության համակարգին նա չի տիրապետում։ Այդ երիտասարդին ուղարկել է այստեղ, որ ի՞նչ անի։



-Ազիզյանի մասի՞ն է խոսքը։



- Նա անփորձ, անտեղյակ երիտասարդ է, 30-35, նա ի՞նչ պիտի աշխատեր։



- Այդքան երիտասա՞րդ է։ Բայց տեսանյութում հաղթանդամ է երևում։



- Կերած-խմածը տարիքի հետ կապ չունի։



Զանգեցինք նաև Սյունիքի ոստիկանապետ Վախթանք Ազիզյանին։ Նրան երկու հարց ունեինք։ Նախ՝ թե ինչպես է բացատրում որպես պետ այն, որ իր մարզում իր կադրերը նման «բեսպրեդել» են գործում և երկրորդը՝ ինչ կարծիքի է վանք գործուղվելու մասին։ Նա մեզ պատասխանեց․«Ձեր հարցերը ուղղեք լրատվական վարչություն։ Հիմա ես զբաղված եմ, չեմ կարող խոսել»։



Սյուզան Սիմոնյան