Սահմանամերձ գյուղերում սովոր են կրակոցներին. ֆոտո

Սահմանամերձ գյուղերում սովոր են կրակոցներին. ֆոտո

Վերջին օրերին ադրբեջանական զինուժը տարբեր զինատեսակներից կրակ է բացել Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի վրա։ ԶԼՄ-ներում հրապարակվել են տեղեկություններ հրազենային վիրավորում ստացած քաղաքացու եւ պայմանագրային զինծառայողի մասին։ Փորձեցինք հենց սահմանամերձ համայնքների ղեկավարներից տեղականալ տիրող վիճակի մասին:



Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը բավարարվեց նշելով միայն, որ իրենց գյուղում ամեն ինչ նորմալ է եւ անջատեց հեռախոսը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում ասաց, գյուղում սովոր են հրետակոծություններին եւ գիտեն, թե նման իրավիճակներում ինչպես պետք է պաշտպանվել։ Ըստ նրա՝ ժողովուրդը զբաղված է գարնանացանով, այգեգործությամբ, տիրում է հարաբերական անդորր, չկան խուճապային տրամադրություններ։



Կիրանց գյուղի գյուղապետ Հմայակ Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հենակետերում լինում են կրակոցներ, որոնք արձագանք են գտնում նաեւ գյուղում։ Մեր հարցին, թե գյուղում չկա՞ն արտագաղթի տրամադրություններ, Հմայակ Նազարյանը հերքեց՝ ասելով, որ մարդիկ գնում են արտագնա աշխատանքի, հետո՝ վերադառնում։ Նա ասաց, որ գյուղում կան նորաստեղծ ընտանիքներ, նոր շենքեր են կառուցվում, ինչը ցույց է տալիս, որ մարդիկ գյուղի հետ հույսեր են կապում։ Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղում կրակոցներ չեն հնչել։ Իսկ գյուղից, ըստ նրա, չկա արտագաղթ, մեկ-երկու ընտանիք են միայն տեղափոխվել, որը կապ չունի արտագաղթի հետ։ Պտղավան գյուղի գյուղապետ Արայիկ Պարանյանին էլ մտահոգում է, որ իրենց գյուղից պայմանագրային զինծառայող է վիրավորվել Կոթիում եւ հոսպիտալացվել է։ «Սովորական բան է դառել, ինչի՞ց պետք է վախենանք»,-մեր հարցին, թե ինչպես են գյուղում վերաբերվում հրետակոծություններին՝ արձագանքեց գյուղապետը։



Հիշեցնենք, որ մարտի 25-ի երեկոյան, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ, հրազենային վնասվածք է ստացել ՀՀ քաղաքացի, 55-ամյա Նորիկ Ալիխանյանը, խոցվել է նրա ուսը։ Իսկ մարտի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բերքաբերի բնակիչ Ռադիկ Քոչարյանի «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ավտոմեքենան ադրբեջանական գնդակներից վնասվել է։ Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաեւ գյուղի տների, տանիքների վրա։



Մարտի 26-ին էլ, ժամը 17.30-ին, աջ ուսի հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Պտղավան գյուղի 32-ամյա բնակիչ Աշոտ Ռեւազյանը։ Գնդակը կոտրել էր նրա աջ ուսի ոսկորը։