Վերջին զանգի դրամահավաքների վերաբերյալ եղել է 11 ահազանգ

Վերջին զանգի դրամահավաքների վերաբերյալ եղել է 11 ահազանգ

Մենք այսօր հայ զինվորների կյանքի գնով կայացնում ենք վերջին զանգը։ Վաղը հանրապետության 1400 դպրոցներում կկազմակերպվի վերջին դաս, կհնչի վերջին զանգը։ Բոլոր դպրոցներում Վերջին զանգի միջոցառումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ հարգելու զոհված զինծառայողների հիշատակը: Այս տարի դպրոցն ավարտում են 25 հազար աշակերտներ, շրջանավարտների թիվը համապատասխանում է անցյալ տարվա թվին։ Հիմնական դպրոցները ավարտում են 30 հազար 9-րդ դասարանցի։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։



Վաղը տարաբնույթ միջոցառումներ են լինելու՝ վերջին դաս դասարանում, դպրոցական դահլիճում։ Ոստիկանությունը ողջ օրը լինելու է դպրոցականների կողքին, վերահսկելու է երթևեկությունը։ Իսկ արդեն երեկոյան՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շրջանավարտների համար ավանդական միջոցառումը կլինի։ ԿԳՆ նախարարը վաղը կլինի Արմավիրի շրջանում։



Անդրադառնալով դրամահավաքների վերաբերյալ հնչած ահազանգերին՝ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ դրանց թիվը բավականին քիչ է՝ 11 ահազանգ, զանգերը հիմնականում անանուն են եղել․ «Հրավիրվել են տնօրեններ և պարզել, որ վերջին զանգը կազմակերպում են ծնողները։ Վերջին զանգի բոլոր խնդիրները տնօրինում են ծնողները։ Եթե երեխաները գնում են խնջույքի, մասնակցում են նաև ծնողները, այստեղ արդեն գումարի չափը մեծանում է, ոչ մի տնօրեն պատասխանատվության չի ենթարկվել»։ Բանախոսը նաև նշեց, որ կան ավելորդ ճոխություններ, բայց դա երեխաների ցանկությամբ է կատարվում, իրենք են ընտրում իրենց հարմար ռեստորաններ։