Համատիրությունները՝ «արդարադատության» հովանու ներքո

Համատիրությունները՝ «արդարադատության» հովանու ներքո

Թվում է, թե բնակչության զայրույթն առաջացնող համատիրությունների գործելաոճի մասին շատ է գրվել, խոսվել բոլոր լրատվամիջոցներում, բարձրաձայնվել տարբեր ամբիոններից, բայց սայլը համառորեն տեղից չի շարժվում։ Պետք է հետեւություն անել, որ համատիրությունների ղեկավարներն ամուր թիկունք ունեն։ Սակայն, երբ դատարաններն էլ են կանգնում համատիրությունների անօրեն գործունեությունն արդարացնողի դիրքում, դա արդեն պետք է խորապես մտահոգի։ Դա էլ ինձ դրդեց կրկին անդրադառնալ այս չարչրկված հարցին։



Սկսեմ նրանից, որ Սուրենյան փողոց (նախկին Զեյթունի 8-րդ փողոց) 1-4 շենքերում ստեղծվել էր «Զեյթուն-1» համատիրություն, որը մի օր միաձուլվեց «Հաղթանակ» համատիրության հետ՝ առանց բնակիչների կարծիքը հարցնելու, առանց որեւէ ժողովի որոշման, ինչն օրենքի կոպտագույն խախտում է։ Հետագայում պարզվեց, որ այդ գործընթացն ընդհանուր բնույթ է կրում։ Թե ինչ միտումով է դա արվում՝ դժվար չէ կռահելը։ Ամեն դեպքում՝ ոչ բնակչի շահերից ելնելով։ Հասկանալի է, որ ինչքան շատ շենք է ընդգրկված համատիրությունում, այնքան դժվար է ապահովել դրանց սպասարկումը։ Մյուս կողմից՝ ինչքան շատ շենք, այնքան շատ բնակիչ, շատ գանձվող գումարներ, այսինքն՝ չարաշահումների մեծ հնարավորություն։ Համատիրությունների ղեկավարները դարձան անկառավարելի, կորավ, ավելի ճիշտ՝ կորսվեց օրենքով պահանջվող անմիջական կապը շինությունների սեփականատերերի հետ։



«Հաղթանակ» համատիրությունը, որը, ըստ իրենց, ներկայումս ընդգրկում է մոտ 40 շենք, բացի նրանից, որ, մեղմ ասած, շատ թերի է կատարում օրենքով իր վրա դրված պարտականությունները, ընդհանրապես հաշվի չի նստում բնակիչների հետ՝ արհամարհելով նրանց իրավունքները։ Համատիրությունների գործունեությունը կարգավորող երկու օրենքում էլ հստակ նշված է, որ համատիրության կառավարման բարձրագույն մարմինը սեփականատերերի ընդհանուր ժողովն է, որն էլ միայն իրավասու է քննարկել եւ հաստատել աշխատանքների ծրագրերը, ֆինանսական հաշվետվությունները, բյուջեն եւ այլն։ Սակայն ավելորդ է ասել, որ օրենքի այդ պահանջները գոյություն չունեն «Հաղթանակ» համատիրության համար։



Իմ անախորժությունները, «Հաղթանակ» համատիրության հետ կապված, սկսվեցին այն պահից, երբ ես պահանջեցի ներկայացնել հաշվետվություն, թե ինչի վրա են ծախսվել իմ արդեն վճարված գումարները՝ պայմանավորելով հետագա վճարումներս դրանով։ Պահանջը տեղին էր, քանի որ համատիրությունը բառիս բուն իմաստով ոչ մի աշխատանք, ամեն դեպքում՝ տեսանելի, չէր անում։ Սակայն ոչ մի արձագանք չեղավ ոչ բանավոր, ոչ էլ գրավոր երկու դիմումներիս։ Ծայրահեղ արհամարհական մոտեցում։
Բնակիչներից գանձվող գումարներով գոյատեւող համատիրության պահվածքը, երբ պահանջվում է մուծել, բայց հարկ չի համարվում հաշվետու լինել, պարզապես նմանվում է ռեկետի։ Համատիրության՝ դատարան տալու սպառնալիքին ես պատասխանեցի, որ երբեք չեմ խուսափել օրինական վճարումներից, բայց սկզբունքորեն չեմ վճարի, մինչեւ չներկայացնեն օրենքով պահանջվող հաշվետվություն։ Հակառակ դեպքում թող դիմեն դատարան։



Միամիտս հավատացած էի, որ գոնե դատարանը, վերջիվերջո, կբերի համատիրությանն օրինական դաշտ, կստիպի հարգել օրենքը եւ կհաստատի իմ պահանջի եւ պահվածքի օրինականությունը։ Չլսելով բարեկամներիս հորդորները՝ իզուր նյարդեր չքայքայելու համար, քանի որ, եթե համատիրություններն այդպիսի լկտի կերպով են վարվում, ապա վստահ են իրենց անպատժելիության մեջ եւ, հետեւաբար, դատարանում էլ «ջրից չոր դուրս կգան», ես, այսպես ասած, «արդարություն» գոչեցի։ Սակայն Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Հովսեփյանը «քմծիծաղեց» վերեւից։ Նախ՝ նա անտեսեց հայցադիմումում հայցվորի կողմից թույլ տրված կեղծիքները, որոնց մասին ես նշել էի իմ պատասխանում, եւ որոնց՝ իրականությանը չհամապատասխանելն ապացուցվեց դատարանում։ Անտեսվեց նաեւ այն հանգամանքը, որ համատիրությունը հաշվետվություններ չի ներկայացրել, ոչ մի հարց բնակիչների հետ չի համաձայնեցրել, չի պատասխանել իմ գրավոր դիմումներին, մի խոսքով՝ չի կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները։ Հետաքրքիր մի դրվագ. համատիրության իրավաբան Արաքսյա Գրիգորյանը, որը, ի դեպ, ընդունվել է աշխատանքի առանց համատիրության ընդհանուր ժողովի համաձայնության, ինչն օրենքի եւս մի խախտում է, ցուցաբերելով օրենքից իր անտեղյակությունը, դատարանում պնդում էր, որ օրենքը չի պահանջում ներկայացնել ամսական հաշվետվություն։ Բայց դատավորի հուշումից եւ նիստը հետաձգելուց հետո նա ներկայացնում է կնքված փաստաթուղթ, թե, իբր, հաշվետվություններ ներկայացրել են, բայց ոչ միշտ, ինչը բացարձակ սուտ է։ Իմ միջամտությունը, թե բնակիչները կարող են վկայել այդ մասին, անտեսվեց։ Այդ տեսակի հուշումներ հայցվորին, թե ինչ անի, ինչ փաստաթուղթ պատրաստի (մոգոնի), դատավորի կողմից հաճախ էին լինում։



Ի վերջո, դատարանը վճռեց, որ ես վճարեմ համատիրությանը բոլոր տարիներին կուտակված «պարտքը»՝ անտեսելով այն հանգամանքը, որ դրանք չեն վճարվել համատիրության պահվածքի պատճառով, որ իմ պահանջը՝ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների եւ ծախսված գումարների վերաբերյալ, եղել են օրինական։ Եվ ոչ մի խոսք համատիրության կողմից օրենքի կոպտագույն խախտումների, քաղաքացու իրավունքների անտեսման, նրա հանդեպ արհամարհական վերաբերմունքի մասին։ Եթե դատարանի մոտեցումն այսպիսին է, է՞լ ինչ արդարադատության մասին կարող է խոսք գնալ։ Մնում է միայն գոչել, ինչպես հայտնի ֆիլմում. «Կեցցե մեր ամենաարդար դատարանը»։



Սրանից հետո ի՞նչ պահանջես համատիրությունից, որին, փաստորեն, «կանաչ լույս» տրվեց՝ շարունակելու ոտնահարել օրենքը, քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, տնօրինել բնակչությունից գանձվող գումարները՝ ըստ իրենց քմահաճույքի։



Արմեն ԱՍԼԱՆՅԱՆ