Վարչապետն իր աչքով պիտի տեսնի, որ օգնի

Վարչապետն  իր աչքով պիտի տեսնի, որ օգնի

Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի բերած մի քանի նախագծերը, որոնք կարելի է համարել վարչապետի այցի հետեւանքը Տավուշի ու Լոռու մարզեր:
Վարչապետը գնացել էր եւ մի շարք թերություններ էր հայտնաբերել այդ համայնքներում, այժմ էլ աջակցում է վերացնել թերությունները:



Այսպես, Լոռու մարզի Թումանյանի մանկապարտեզի կառուցման համար եւ այդտեղ գտնվող մի բազմաբնակարան շենքի տանիքի վերականգնման համար կտան 23,5 միլիոն դրամ։ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի սահմանային ճանապարհի վերականգնման համար 20մլն դրամ հատկացվեց բյուջեից, իսկ Ջուջևան համայնքում ջրագիծ անցկացնելու համար՝ մոտ 12 մլն դրամ։ 



Տավուշի մարզի Զորական գյուղի դպրոցի շենքը փլված վիճակում է, վերականգնման ենթակա չէ։ Որոշվել է նոր շենք կառուցել դպրոցի համար, գումար տրամադրվեց նախագծային աշխատանքների համար։ Իսկ Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում ջրագիծը կառուցումը ավարտելու համար տրամադրվեց 6 մլն դրամ:



Դավիթ Լոքյանը ներկայացրեց նաեւ առաջարկ՝ Նոյեմբերյան համայնքը մտցնել պետական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ, ինչը նշանակում է, որ այս համայնքների բնակիչները փոխհատուցում են ստանալու օգտագործած էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց։ Ըստ այդմ՝ 165 ընտանիք մեկ տարում 48 մլն դրամ փոխհատուցում կստանան գազի եւ էլեկտրաէներգիայի օգտագործման դիմաց: