«ՀԿԵ»-ում ստորագրվեց 2016-2018 թթ. Կոլեկտիվ պայմանագիրը

«ՀԿԵ»-ում ստորագրվեց 2016-2018 թթ. Կոլեկտիվ պայմանագիրը

Հարավկովկասյան երկաթուղում ստորագրվել է նոր Կոլեկտիվ պայմանագիրը 2016-2018 թթ. համար: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի եւ արհմիության նախագահ Ալբինա Մարտիրոսյանի կողմից ստորագրված փաստաթուղթը կարգավորում է 3-հազարանոց աշխատողների կոլեկտիվի եւ գործատուի միջեւ սոցիալ-աշխատանքային հարաբերությունները: Նոր պայմանագրի մշակումն սկսվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների արհմիութենական կազմակերպությունների միության ձեւավորումից հետո: 23 արհմիութենական կառույցները միավորող նոր կառույցի ստեղծման մասին որոշումն ընդունվեց 2015 թվականի դեկտեմբերի 22-ին կայացած ընդհանուր հիմնադիր ժողովի նիստին:



Ինչպես նշեց նոր պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, այս փաստաթուղթը մշակվում էր մոտ 2 ամիս, այն քննարկվեց երկաթուղու բոլոր ստորաբաժանումներում:



«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանի խոսքերով, սոցիալ գործընկերության զարգացման համար նման հիմնարար փաստաթղթի առկայությունը խիստ կարեւոր է ցանկացած կազմակերպության համար: Արհմիության նախագահը նշեց, որ նոր կոլեկտիվ պայմանագրով պահպանվում են երկաթուղայինների բոլոր երաշխիքներն ու արտոնությունները:



Ընդհանուր առմամբ, «ՀԿԵ»-ի աշխատողների համար կգործեն 12 սոցիալական ծրագրեր, որոնց տարեկան ֆինանսավորումը կկազմի մոտ 200 մլն. դրամ:
Նոր կոլեկտիվ պայմանագրով լրացուցիչ գործառույթներ է ստանում երկաթուղայինների արհմիությունը:



Կոլեկտիվ պայմանագրի հիմնական նպատակների թվում նշվել են, մասնավորապես, «ՀԿԵ»-ի կայուն եւ արդյունավետ գործունեությանը, աշխատողների նյութական եւ սոցիալ ապահովությանը, ընկերության գործարար համբավի ամրապնդմանը նպաստող սոցիալ-աշխատանքային հարաբերությունների համակարգի ձեւավորումը, կողմերի սոցիալական պատասխանատվության ամրապնդումը, աշխատանքի անվտանգության մակարդակի բարձրացումը, արտադրողականության աճի ապահովումը, աշխատողների եւ իրենց ընտանիքների, չաշխատող թոշակառուների բարեկեցության եւ սոցիալական ապահովության երաշխավորումը:



Պայմանագրով կանոնակարգվում են աշխատողների եւ գործատուի իրավունքներն ու պատասխանատվությունը, ընկերության կադրային ներուժի զարգացման հիմնական սկզբունքները, ընկերության աշխատողներին եւ իրենց ընտանիքների անդամներին, չաշխատող թոշակառուներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, սոցիալական գործընկերության զարգացման հիմնարար դրույթները:



Փաստաթուղթը նաեւ լայնացնում է երիտասարդ աշխատողների աջակցության հնարավորությունների շրջանակը: Մասնավորապես, գործատուն պարտավորվում է աջակցել երիտասարդ մայրերի վերապատրաստմանը, կազմակերպել երիտասարդական մշակութային եւ մասսայական միջոցառումներ, մասնագիտացված մրցույթներ: