Արձանների մասին

Արձանների մասին

94-ի գարնան մի օր Խաչենի կամրջի խաչմերուկում գյուղի հարեւանիս հանդիպեցի: Կարճաժամկետ արձակուրդ էին տվել: 20-25 կիլոմետր քայլել, հոգնած էր: Երեսին՝ մի երկու շաբաթվա թրաշ, շորերը, տատիս խոսքը հիշեցի՝ «օձի բերանը մզեիր, կսատկեր»՝ կեղտակուր: Քրտնմխած նստել էր ճամեզրի քարին, սապոգները, հոտած գուլպաները հանել՝ ոտքերը մեկնել էր նորաբույս խոտերի մեջ:



Գալիս էր Քարվենդ-Գյուլլիջա-Սեյսուլան գծի դիրքերից, որտեղ, ինչպես ռազմաճակատային ամփոփագրերում են ասում, «վերջին օրերին հաստատվել էր հարաբերական անդորր»: Բարեւեցինք, խոսեցինք: Դժգոհեց, որ ճակատում գոնե մի սեյսուլանցի տեսած չկա, իրենք գնացել՝ խրամատներում անձրեւից, խոնավությունից «մամռակալում են»:



Հետո պատմեց, որ դիրքերը Սեյսուլանի գերեզմանոցի մոտ են: Մի քանի օր է՝ չեն կրակում, պարապությունից վերցրել, տապալված գերեզմանաքարերը ետ կանգնեցնում, վրայի գիրը ցեխից մաքրում, կարգի են բերում՝ թշնամու աչքի դեմը: Մահվան սպառնալիքի տակ:



Ասաց. «Ի՞նչ գիտեմ, չի՞ կրակելու, բայց դե, հայի գերեզման է, գործ է, անում ենք»:
Խոսեցինք, ծխեցինք, սպասեցինք՝ մեքենա չկար: Օրն էլ մթնելու վրա էր: Սապոգները հագավ, ուսապարկը մեջքին առավ, նոր նկատեցի՝ խոտերի մեջ մի խուրձ կար, վերցրեց: Տարակուսանքիս ի պատասխան բացատրեց. «Տանում եմ տնկեմ»,- արքայախնձորենու բարալիկ շիվեր էին: «Մեզ մոտ բերք կտա՞»,- հարցրի: Ասաց. «Փորձենք, էլի»:



Մի քանի տարի հետո նա տնամերձ այգում ցույց տվեց արքայախնձորենու ճառագած ծառը: Երեւի քսան-երեսուն շիվից արմատակալել, հասակ նետել, բերք էր տալիս միայն մեկը: Եվ հարեւանս ուրախ էր, որ փորձը հաջողվել է: Ուրիշներն էլ ունեն: Դաշտի պտղատու ծառերը հարմարվել են մեր գյուղին, բերք են տալիս: Պատերազմից աշխարհազորային տղաների «ռազմավարն» այդ ծառերն են:



…Եթե ես քանդակագործ լինեի, կստեղծեի արձան, ինչպես գյուղի հարեւանիս նկարագրեցի՝ ուսապարկը մեջքին, քայլ է անում, իսկ ձեռքին պտղատու ծառի շիվեր են՝ նվազ արմատներով՝ դաշտի սեւահողի չորացած գուղձերը վրան:



Նրանք կռվել են, որպեսզի վերականգնեն թուրքի ավերած գերեզմանները, եւ խաղաղության օրով իրենց տան-դռանը բերքատու ծառ աճի…