Դեմպինգ չէ, գների իջեցում է

Դեմպինգ չէ, գների իջեցում է

Դեղորայք ներկրող եւ արտադրող ընկերությունները խուճապի մեջ են, նրանք ահազանգում են, որ «Վագա ֆարմ» դեղագործական ընկերությունը միտումնավոր դեմպինգ է իրականացնում, վերջին օրերին շեշտակի՝ ինքնարժեքից ցածր գնով վաճառք իրականացնելով, որը կարող է կաթվածահար անել դեղերի շուկան՝ մրցակցությունից դուրս մղելով փոքր ընկերություններին։ «Վագա ֆարմի» տնօրեն Վահե Վարսանյանը երեկ մեր լրագրողին վստահեցրել է, որ ընկերությունը ոչ թե դեմպինգ է իրականացնում, այլ դեղերի գներն է իջեցրել․ «Մենք նորմալ վերադիրով վաճառում ենք, պարզապես դեղերի վաճառքը որ քչացել է, նաեւ ստվերային ճանապարհով այլ երկրներից Հայաստան դեղ է բերվում, մենք մեր շահույթների հաշվին ինչքան հնարավորություն ենք ունեցել, գներն իջեցրել ենք, որ անօրինական ներկրումները Հայաստան քչանան»։ Տնօրենը շեշտեց նաեւ, որ «նորմալ, ժողովրդական» գներ են գործում։ Իսկ նախկինում չկա՞ր ստվերային շրջանառություն։



«Նախկինում շրջանառությունն ավելի նորմալ էր, բացի դրանից, մենք իմանում ենք, որ գնալով դրսից ավելի շատ է ստվերային գալիս, քանի որ մեր առողջապահության նախարարությունը ճիշտ քաղաքականություն չի վարում։ Հիմա մենք որպեսզի կարողանանք աշխատել շուկայում, պետք է արձագանքենք շուկայի մարտահրավերներին, դրա համար էլ գներն էժանացրել ենք, որ ստվերային շրջանառությունը քչանա»։ Վ. Վարսանյանը չկոնկրետացրեց, թե որ ընկերություններն են ստվերային շրջանառություն իրականացնում։ Ի դեպ, «Վագա ֆարմի» տնօրեն Վահե Վարսանյանը նախկին ԱԺՄ անդամ է եւ մտերիմ է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, անգամ, ըստ որոշ աղբյուրների, ընկերության մեջ փայատեր է նաեւ նախկին վարչապետը: