Հայկական սփյուռքը ողջունում է Անգլիայի ապահարզանը

Հայկական սփյուռքը ողջունում է Անգլիայի ապահարզանը

Հայկական սփյուռքում հիմնականում ուրախությամբ են ընդունել անգլիական հանրաքվեի արդյունքները։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության» վարչապետ Արամ Մկրտչյանը, որը բնակվում է Գերմանիայի Մայնց քաղաքում եւ ներսից է դիտում «անառակ որդու»՝ Անգլիայի հեռացման հետ կապված կրքերը եվրոպական օջախից։ Ըստ նրա, վերաբաժանման հեռանկարը Մեծ Բրիտանիայի կողմից գիտակցված է․ «Եթե ոմանք կարծում են, որ Շոտլանդիայի անկախացումը վնասելու է Մեծ Բրիտանիային, մեղմ ասած, սխալվում են։ Այդ մոդելը վտանգավոր է թույլ տնտեսական հզորություններ ունեցող երկրների համար, օրինակ՝ Թուրքիայի Հանրապետության կամ Ռուսաստանի։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր իրավունքները պաշտպանել եվրոասիական դաշտում եւ Արցախ-Ադրբեջան դաշտում՝ Մեծ Բրիտանիայի օրինակով»։



Ըստ մեր հայրենակցի, այժմ հանրաքվեների շքերթ է սպասվում Եվրոպայի ողջ տարածքով։ Գերմանիայում եւ Ֆրանսիայում, որոնք ունեն համանման խնդիրներ, Գերմանիան՝ Բայերնի հետ, իսկ Ֆրանսիան՝ բասկերի, այժմ հիմնովին պատրաստվում են դրան։ Ինչո՞ւ են այդչափ ցայտնոտային սպասելիքներ Եվրոպայում՝ անգլիական հանրաքվեի հետ կապված։ «Մեծ Բրիտանիան իր կամքը թելադրում է ԵՄ հանրությանը, եւ ԵՄ հզոր երկրներ Գերմանիան ու Ֆրանսիան ստիպված են իրենց քայլերն իրականացնել՝ ելնելով փաստացի իրավիճակից։ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի համար հաստատեց նոր օրակարգ, հանրաքվեն այսուհետ հասարակության կամքի արտահայտման միակ դեմոկրատական ձեւն է։ ԵՄ հանրությունը կազմված է միապետական եւ կառավարման այլ ձեւերից, որտեղ միապետական կառավարման համակարգի մեջ վերջին խոսքը պատկանում է միապետին՝ «այո» կամ «ոչ» ձեւով, իսկ ԵՄ երկրների մյուս կառավարման համակարգերում հանրաքվեն վերջնական է եւ վերահաստատման կարիք չունի»,- ասում է Մկրտչյանը, հիշեցնելով մի նրբություն՝ Մեծ Բրիտանիա երկիրը Միացյալ Թագավորություն է, այսինքն՝ ԵՄ կազմից դուրս է գալիս Միացյալ Թագավորությունը․ «Մեծ Բրիտանիայի դեմոկրատական իշխանական ինստիտուտները կատարել են իրենց պարտավորությունները, եւ հիմա խոսքը պատկանում է միապետին՝ թագուհուն։ Դա նշանակում է, որ թագուհին է որոշում այս քաղաքակրթության ճակատագիրը»։



Ըստ հասարակական գործչի, քաղաքական առումով ԵՄ-ն չի տուժելու, իսկ ֆինանսական առումով որոշակի լարվածություն կլինի, սակայն արագ կհաղթահարվի, եվրոպական բիզնեսը բավականին ճկուն է եւ ունի կուտակած ռեսուրսներ՝ խուսափելու խորքային ցնցումներից։ «ԵՄ փաստացի տերերը՝ Անգլիա, Ֆրանսիա եւ Գերմանիա, պետք է նորից պայմանավորվեն, ուժերի վերադասավորումը պարտադիր է, անգլո-սաքսական եւ կոնտինենտալ գերմանական իրավունքները գտնվում են հակասության մեջ։ ԱՄՆ առաջադրած առեւտրաարտադրական հարաբերությունները ԵՄ-ի հետ հակասում են անգլո-սաքսական տնտեսական շահերին։ Քաղաքակրթական առումով հետեւանքները դրական են լինելու՝ Անգլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան պարտավոր են նորից վերաբաշխելու իրենց իրավունքները։ ԵՄ տարածքում կավելանա մինի պետությունների թիվը, ՆԱՏՕ-ն ավելի կհզորանա»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ