Բնակարաններից զրկված արթիկցիներից յուրաքանչյուրը կստանա 4մլն դրամ

Բնակարաններից զրկված արթիկցիներից յուրաքանչյուրը կստանա 4մլն դրամ

Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցեց վարչապետին Արթիկում տեղի ունեցած հեղեղի վերացման աշխատանքների մասին: «Այսօր քաղաքում բացված է հեղեղուտը, դադարել է ջրի հոսքը, այնտեղ տեղում այս պահին աշխատում են էքսկավատորներ, որոնք տվել են տարբեր գերատեսչություններ: Քաղաքում ջրամատակարարումը և գազը վերականգնված է, ջուր չկա միայն հեղեղուտի հատվածում, բայց այնտեղ շլանգներով են ջուր մոտեցնում: Երկու-երեք փողոցի մաքրման աշխատանքները ավարտված են, մյուսներինը այս պահին դեռ ընթացքի մեջ են»,-ասաց նախարարը:



Դավիթ Լոքյանը հայտնեց, որ իր տեղակալը գտնվում է Արթիկում, հետեւում է աշխատանքներին: Նիստում հաստատվեց հեղեղուտների հետեւանքների վերացմանն ուղղված որոշում, որով Կառավարությունը պահուստային ֆոնդից 9 ամսում Շիրակի մարզպետարանին հատկացնելու է 41 մլն 746 հազար դրամ:



Այս գումարից 22մլն տրամադրվելու է հեղեղումների հետեւանքով բնակարաններից զրկված բնակիչներին, նրանցից յուրաքանչյուրը ստանալու է մինչև 4մլն 600 հազար դրամ նոր բնակտարածք գնելու, կամ հինը նորոգելու համար: Տուժածներից յուրաքանչյուրին 2մլն 400 հազար է տրամադրվելու հեղեղումների ժամանակ խեղդված կենդանիների եւ ոչնչացված ցանքատարածությունների համար: 16մլն էլ ծախսվելու է մաքրման աշխատանքների համար:



Վարչապետը Լոքյանին հանձնարարեց ավելի հաճախ հանրությանը տեղեկացնել իրավիճակի մասին, քանի որ մեծ դժգոհություններ կան, ինչին Լոքյանը պատասխանեց, որ աղետի առաջին օրվանից Արթիկում են, աշխատանքներ են իրականացնում եւ իրենք մեղավո՞ր են, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր ուզում են քաղաքապետ դառնալ, չգիտեմ, ավագանի դառնալ:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դրան ուշադրություն պետք չէ դարձնել։ «Ի՞նչ կա ամաչելու, պարոն Լոքյան, հիմա եթե մարդ ուզում է քաղաքապետ դառնալ ու դրա համար փնովում է կառավարության աշխատանքը, դա արդար չի, կոռեկտ ասած։ Պետք է հակառակն ասել, որ գործ է արվում և այսօր էլ մենք ֆինանսները տրամադրում ենք», - ասաց վարչապետը։  



Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները: Դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասել էր մոտ 40 սմ-ի: Ջրալցվել էր նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխա և 23 աշխատակից:



Հունիսի 25-ին աղետալի հետևանքները կանխելու համար Արթիկ էր տեղափոխվել հատուկ տեխնիկա: Նույն օրը շտապ Արթիկ էր մեկնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:



Ի դեպ, արթիկցիներին աջակցելու նպատակով բացվել է հաշվեհամար, քանի որ մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը, վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները: Ցանկացողները կարող են դրամական փոխանցում կատարել «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվեհամարներին` 220353350089000 AMD, 220353350014001 USD, 220353350014958 RUR, կամ առցանց եղանակով (on-line) հիմնադրամի www.fda.am կայքում: