Կոտայքի մարզպետարանի շենքում զուգարաններ կկառուցեն

Կոտայքի մարզպետարանի շենքում զուգարաններ կկառուցեն

Կոտայքի մարզպետարանում հեղափոխություն է։ Վերջապես նորոգում են մարզպետարանի հին, փտած շենքը։ Ասում են՝ ջեռուցում է լինելու այստեղ, զուգարաններ՝ բոլոր հարկերում։ Այնպես չէ, որ բոլոր հարկերն են փտած։ Այստեղ կան ճոխ-ճոխ հարկեր։ Օրինակ, չորրորդը, որը մարզպետի հարկն է, հինգերորդը, որտեղ նստում է Հրազդանի քաղաքապետը, էլի ոչինչ։ Վերեւում՝ 6 եւ 7-րդ հարկերում, աղքատ ազգականի նման տեղավորվել են տեղի հեռուստաընկերությունն ու աղբահանության եւ այլ գումարներ հավաքող ոչ առեւտրային կազմակերպությունները։ Բացառություն է կազմում քաղաքապետի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանի աշխատասենյակը, որի հատուկ եւ արտոնյալ դիրքի մասին գիտեն բոլորը։ Մի խոսքով, 7 հարկանի այս շենքը հայաստանյան հիմնարկ-ձեռնարկությունների սոցիալական վիճակի ցուցիչ է, եւ ամենավատ վիճակում, պարզվում է, մամուլն ու համայնքային կառույցներն են։ Սրանց վիճակը սարսափելի է։ Մանրահատակը ոտքի տակից դուրս է գալիս, զուգարաններն էլ երկսեռ են։ Այսինքն՝ միաժամանակ եւ տղամարդկանց, եւ կանանց համար նախատեսված, եւ երբ կին է ներսում բնական կարիք հոգում, մեկ այլ կին հերթապահում է դռան մոտ։



Ժամանակին, դեռ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ժամանակ, 7-րդ հարկում էլ կար կանանց զուգարան։ Բայց նախկին մարզպետն այն փակել տվեց եւ իր համար հանգստի սենյակ սարքեց։ Հիմա նախկին կանացի զուգարանում հանգստանում է Կարո Գուլոյանը։ Երկրորդ հարկն էլ վատ չի ապրում։ Այստեղ քաղաքաշինության տեսչություն կա, որը պետք է պայքարի անօրինական շինությունների դեմ, բայց այս տեսչության աշխատողները գնում են, բնակիչներից մի երկու կոպեկ են վերցնում, իբր, խախտումներով կառուցված գարաժի կամ «բուդկի» համար, ասենք, գարաժը՝ 20 դոլար, ու հեռանում են։ Սրանց աշխատասենյակներն էլ ոչինչ՝ լավ սարքված են։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ