Դաշնակցական նախարարին ԾԻԳ-ի յուրային տնօրեն էր պետք

Դաշնակցական նախարարին ԾԻԳ-ի յուրային տնօրեն էր պետք

Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վերջերս ԾԻԳ-ի նոր տնօրեն ունի՝ Գրիշա Հովհաննիսյան։ Նա «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի տնօրեն է նշանակվել վարչապետի հունիսի 22-ին հրամանով։ Գրիշա Հովհաննիսյանը ՀՀԿ անդամ է, և առաջիկայում կրթության ոլորտում բազմամիլիոնանոց վարկեր կան, մասնավորապես, ավագ դպրոցների զարգացման համար տրված ՀԲ մոտ 18 մլն դոլարի վարկը։ Նախատեսվում է առաջիկա երկու-երեք տարիներին բարելավել ավագ դպրոցների շենքային պայմանները, այնպես որ առաջիկա երկու տարիներին ԾԻԳ-ը շինարարական մեծ աշխատանքներ է իրականացնելու։ Հավանաբար, սա է պատճառը, որ դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը նրան նշանակեց տնօրեն` ազատվելով ԾԻԳ-ի նախկին տնօրեն Հասմիկ Ղազարյանից։ Իսկ Գրիշա Հովհաննիսյանը նոր պաշտոն ստանալու կապակցությամբ հրաժարվեց բնապահպան ծրագրերով զբաղվելուց և ազատման դիմում գրեց։



Ինքը՝ Հովհաննիսյանը չի պայմանավորում իր նոր պաշտոնը ավագ դպրոցների վարկի հետ։ «Ես նմանատիպ աշխատանքի հարուստ փորձ ունեմ, - ասում է, - և բացի դա, գրասենյակը բազմաթիվ այլ ծրագրեր է իրականացնում, ի՞նչ կապ ունի ավագ դպրոցների ծրագիրը։ Ես խոսակցությունները չեմ մեկնաբանում»։ Թե ինչ պլաններով է եկել պաշտոնի և ինչ կարևոր փոփոխություններն են լինելու ոլորտում իր գալով, Գրիշա Հովհաննիսյանը դեռ չգիտի։ «Այսօրվա վիճակով ես դեռ ծանոթանում եմ գրասենյակի ծրագրերին և որևէ մեկնաբանություն չունեմ» - ասում է ԾԻԳ-ի պետը։ Բայց եթե բնապահպանության նախարարությունից ձեր ցանկությամբ ազատվեցիք, նշանակում է, այստեղ ավելի կարևոր ծրագրե՞ր են, Ձեզ ավելի հոգեհարազատ։ Հարցին պատասխանելով` Գրիշա Հովհաննիսյանը հիշեցրեց, որ շատ վաղուց է կրթության ոլորտում աշխատոմ՝ 90-ականների վերջից․ «Կրթության բնագավառում 15 տարի եմ աշխատել, իսկ այնտեղ՝ երկու տարի։ Որոշումը, թե որն է հոգեհարազատ, թողնում եմ ձեզ»։ Մասնագիտական շրջանակներում այնուամենայնիվ Գրիշա Հովհաննիսյանի վերադարձը կրթության ոլորտ միանշանակ չեն ընկալում։ Հիշում են, որ մինչև բնապահպանության նախարարությունում աշխատելը, նա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ)-ի աշխատակազմի ղեկավարն էր, ֆինանսատնտեսական հարցերի գծով պրոռեկտորը և հեռացավ պոլիտեխնիկից մութ պատմությունից հետո։ Գրիշա Հովհաննիսյանի դեմ բուհից բողոք էր գնացել իրավապահ մարմիններին, նրան մեղադրել էին ինչ-որ ֆինանսական խախտումների համար։ Քրեական գործ էր հարուցվել, նախաքննություն ընթացել։ Գրիշա Հովհաննիսյանը հակված չէր մանրամանսներ հայտնելու․ «Դա պատմություն էր, որը հանցակազմի բացակայությամբ կարճվեց, ինչ-որ մեկը բողոքել էր, ստուգեցինք, պարզվեց, սուտ էր», - ասում է Հովհաննիսյանը` խորհուրդ տալով դիմել պոլիտեխնիկի այն ժամանակվա ռեկտոր Արա Ավետիսյանին։ Արա Ավետիսյանի հետ Գրիշա Հովհաննիսյանին վաղեմի և ջերմ գործընկերական հարաբերություններ ունի։ Նրա հետ աշխատել է դեռ կրթության նախարարությունում, երբ Արա Ավետիսյանը կրթության փոխնախարար էր։ Բնականաբար, Ավետիսյանը հին ընկերոջը պաշտպանում է․ «Նման բոլոր բողոքներն անամոթ ստեր են, իմացեք Հովհաննիսյանին, նոր վատաբանեք», - բարկացավ Արա Ավետիսյանը։ 



Սյուզան Սիմոնյան