«Զոն նայողների» օդերը փակում են

«Զոն նայողների» օդերը փակում են

Կալանավայրերում վերափոխումների շրջան է։ Չասենք՝ բարեփոխման, քանի որ բարին եւ չարը խառնված են։ Օրինակ, բարի՞ լուր է, թե՞ չար այն, որ 1987 թվականից քրեակատարողական համակարգում աշխատող Սմբատ Բուլղադարյանին հանել են «Նուբարաշեն» ՔՀԿ պետի տեղակալի պաշտոնից եւ տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ։ Ինչպես վստահեցնում են վարչությունից՝ «ռոտացիոն կարգով»։ Սմբատ Բուլղադարյանը 1987 թվականից գաղութների համակարգում է աշխատում, նա սովետական բերդի հին կարծրացած դեմքերից է, եւ նրան վաղուց պետք է հրաժեշտ տված լինեին, գոնե հանուն համակարգում անցկացված դատաիրավական բարեփոխումների եւ կալանավայրերի քաղաքակիրթ դիմագիծն ընդգծելու։ Բայց Բուլղադարյանը Հայկ Արտյոմիչի մոտիկներից է, իսկ վերջինս նախագահի հետ է լավ հարաբերություններում, եւ լավագույնը, ինչ կարողանում են անել ՔԿՎ պետերը, Բուլղադարյանին «փոխանցիկ կարմիր դրոշի» պես մի տեղից հանել, մյուս տեղը մտցնելն է։ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության գծով տեղակալի պաշտոնից նրան տարիներ առաջ ուղարկեցին «Էրեբունի» ՔԿՀ՝ անվտանգության հասարակ աշխատողի կարգավիճակով։ Բայց Բուլղադարյանն ամեն ինչ արեց «ամենապրեստիժնի» տեղը վերադառնալու համար։



Այս տեսանկյունից նրա հեռացումը, երեւի, դրական քայլ է, «Նուբարաշենում» մթնոլորտ փոխող, բայց թե ամենանոր կալանավայրի՝ «Հրազդանի» մթնոլորտի հետ ինչ կկատարվի, Աստված գիտի։ Այս պահին, սակայն, ոչ այնքան մարդկային, որքան խիստ դեմքն է կարեւորվում։ Ողջ համակարգում խստացումներ են արվում, որոնք դրսեւորվում են «զոն նայողների» «օդերը» փակելու եւ հանձնուքները սահմանափակելու մեջ։ Չգրված եւ բերդերի պետերի կողմից «չխոստովանված» ճշմարտություն է, որ «զոն նայողները» կալանավայրերում արտոնյալ դիրք ունեն։ Նրանք զբաղեցնում են ամենալավ խցերը, նրանց խցերի դռները չեն փակվում, եւ կալանավայրի պետը սովորաբար նրանց հետ անմիջական կոնտակտի մեջ է լինում։ Հիմա այս կանոնները վերանայվում են։



«Նուբարաշենի» պետ Սերոբ Հարությունյանը, մեր տեղեկություններով, փակել է տվել «զոն նայողների» խցերը, որոնց դռները միշտ բաց են եղել։ Այժմ նրանք տարածքը կարող են «նայել» միայն դռան դիտանցքից։ Պատճառը ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի կամ «Նուբարաշենի» պետ, նախկին ԱԱԾ-ական Սերոբ Հարությունյանի անզիջում վերաբերմունքը չէ հանցագործ աշխարհի նկատմամբ։ Համենայնդեպս, Սերոբ Հարությունյանը լավ էլ հանդուրժում է հանցագործ աշխարհն ու, որքան հիշում ենք մամուլի հրապարակումներից, դեմ չէ անգամ սեղան նստել հանցագործների հետ։ Հենց այդ թերության պատճառով էլ, այսինքն՝ գողականների հետ խնջույքի մասնակցելու համար, նրան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատել էր Կոտայքի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից։ Ասում են՝ կալանավայրերում կատարվող խստացումները, «զոն նայողների» արտոնությունների կրճատումն ԱԱԾ նոր պետ Գեորգի Կուտոյանի նախաձեռնությունն է, որը որոշել է պայքարել կալանավայրերում տասնյակ տարիներ կուտակված թերությունների դեմ։ Իհարկե, «զոն նայողներն» իշխանություն չունեն, եւ նրանց դեմ ոտնձգությունը նշանակում է ոտնձգություն «փողի պռախոդի» դեմ։ Հենց «նայողների» միջոցով են կալանավայրերում փողերը ներքեւից վերեւ գնում, եւ այս համակարգի դեմ է դուրս եկել ԱԱԾ նոր պետը։ Հարությունյանը Կուտոյանի կադրն է եւ մեծ ջանասիրությամբ իրագործում է «շեֆի» «բարեփոխիչ» հրահանգները։ Դրանք, թերեւս, չեն վերաբերում «ղումարին», որն իսկական պատուհաս է դարձել ազատազրկվածների եւ նրանց հարազատների գլխին։ «Ղումարի» վրա նստեցնելը բերդում ստանդարտ պրոցեդուրա է, եւ քչերին է հաջողվում խուսափել այս խաչից ու չկորցնել ունեցվածքը։



«Ղումարի» դեմ պայքարում կալանավայրերը «մշտադիտարկող» մեր աղբյուրներն առայժմ առաջընթաց չեն գրանցել։ Դրա փոխարեն մանրակրկիտ ձեւով ստուգվում են հանձնուքները։ Կալանավորների հարազատները պատմում են, որ դրանց քանակությունը կտրուկ սահմանափակում են՝ կալանավորին թողնելով «բալանդայի» հույսին։ Այս մասին որեւէ պաշտոնական մեկնաբանություն ՔԿՎ պաշտոնյաները չեն տալիս։
«Հիմնարկի ղեկավարությունը շարժվում է բացառապես օրենքով։ Իսկ հանձնուքներն օրենքով սահմանված կարգով ընդունվում են, ոչ մի խնդիր չկա»,- մամուլի պատասխանատուի բերանից այսքանը կարողացանք պոկել։ «Հանձնուք ստանալը կալանավորի օրինական իրավունքն է,- ասաց համակարգին մոտ մեր աղբյուրը,- կարելի է, իհարկե, անվտանգության կանոններից ելնելով, որոշ սահմանափակումներ անել։ Օրինակ՝ ներս չթողնել հում սնունդ։ Սա մեկնաբանում են, ասելով՝ պլիտա են միացնում, հոսանք են ծախսում։ Բայց հանձնուք չընդունելը սխալ կլինի։ Մարդ կա՝ դիետիկ է սնվում, իսկ հիմնարկը կարողանո՞ւմ է ապահովել կառավարության որոշմամբ սահմանված սննդի հասանելիք չափերը կամ դիետիկ սննդի պահանջը»։ Մյուս կողմից՝ կալանավայրերում վաղուց ձեւավորվել է սննդի ապահովման մի համակարգ, որի նպատակը ոչ թե մարդկանց, այլ խոզերին կերակրելն է։ Հայտնի է, որ բերդերին կից գործել են եւ հիմա էլ գործում են խոզաբուծարաններ։ Հայկ Հարությունյանի եղբայրը, որը գաղութի պետ էր, «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքում, Կոշ գյուղում, ժամանակին մեծ խոզաբուծարան ուներ։ Խոզաբուծարաններ կային «Արթիկ» ՔԿՀ-ին կից, «Նուբարաշենի» բերդում։



Բացառություն էր, թերեւս, «Աբովյան» ՔԿՀ-ի խոզանոցը, որը գործում էր դատապարտյալներին թարմ մսով ապահովելու նպատակով։ Այն լավ պահում էր «Աբովյանի» պետ Յուրի Ջամալյանը, բայց նրա գնալուց հետո կալանավայրին կից արտադրությունների ու արհեստանոցների մեծ մասը փակվեց, դատապարտյալների զբաղվածության, սննդի մասին մտածելու անհրաժեշտությունը գրեթե վերացավ։ Այնպես որ, կալանավայրերի սնունդը կարգավորելու համար անհրաժեշտ է նախ դրա որակը բարելավել, մասնագետ խոհարարների հրավիրել, ոչ թե դատապարտյալների ուժերով ճաշ եփել, որը եւս ընդունված պրակտիկա է, հետո նոր պայքարել գերքաշային «տուլիկների» դեմ։ Ի դեպ, ՔԿՎ պետի մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը բարձր կարծիքի է ՔԿՀ-ների սննդի որակի մասին։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․ «Ես հաճախ եմ այնտեղ ճաշում»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ