Չինագիտական կենտրոնի բացումը՝ ուշագրավ դրվագներով, կոնյակով ու թեյով (ֆոտո)

Չինագիտական կենտրոնի բացումը՝ ուշագրավ դրվագներով, կոնյակով ու թեյով (ֆոտո)

Այսօր Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ ԵՊԼՀ չինագիտական կենտրոնի հանդիսավոր բացումը։ Կենտրոնի բացմանն աջակցել է «Global Group International Holding of Suite» ընկերությունը։ Կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով։ Միջոցառմանը ներկա էին ՊԵԿ նախագահ, ԵՊԼՀ խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը և այլք։ Հրավիրված էին նաև կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, սակայն նրանք ներկա չէին։



Կարմիր ժապավենը կտրելուց հետո տեղի ունեցավ ԵՊԼՀ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման գործում մեծ ներդրում ունենալու համար ԵՊԼՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց կենտրոնի բացմանն աջակցած Ջոննի Հոնին, Ճեն Յոնսիոնին և Ծինբո Սոնին։



Երկուստեք ելույթներ եղան հայ-չինական բարեկամության, երկու երկրների պատմամշակութային արժեքների, անցած ճանապարհի, Հայաստանի և Չինաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ։ Չինաստանից ժամանած հյուրերի կողմից հատկապես ընդգծվեց Հայաստանի դերը՝ որպես Մետաքսի ճանապարհին առանցքային դեր ունեցող երկրի, ինչպես նաև Հայաստանը կարևորվեց որպես մի երկիր, որը մշտապես Եվրոպան Ասիայի հետ կապող կամուրջ է հանդիսացել։



Միջոցառումն ընթացավ յուրահատուկ և ուշագրավ դրվագներով։ Ավարտին տեղի ունեցավ նվերների փոխանակում։ ԵՊԼՀ-ն չինացի հյուրերին նվիրեց հայկական «Արարատ» բրենդի 5 տարվա հնության կոնյակներ՝ շշերի վրա չինացի հյուրերի անվանական պատկերներով։ Չինաստանից ժամանած հյուրերն էլ ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանին և բուհի խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյանին չինական թեյ նվիրեցին։ Վերջում խմբակային լուանկարվեցին։ Ներկաներից մեկի առաջարկով հայ և չինացի գործընկերները ձեռքերը հատուկ ձևով միացրած լուսանկարվեցին, ինչը բավականին հետաքրքիր և ժպիտ առաջացնող տեսարան էր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ