Հիմա Շիրակի մարզպետը խաղադրույք կատարե՞լ է, թե՞ ոչ

Հիմա Շիրակի մարզպետը խաղադրույք կատարե՞լ է, թե՞ ոչ

Երեկ ընթանում էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ խաղը։ Մրցում էին Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Գյումրիից մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ՝ խաղից առաջ՝ երեկոյան 7-8-ի սահմաններում, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին նկատել են «Վիվառո» բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս։ Ըստ երևույթին՝ մարզպետը որոշել էր խաղադրույք կատարել։ Մեր աղբյուրը նախ ճանաչել է մարզպետի մեքենան՝ 027 LL 55 պետհամարանիշով սև Toyota Prado ամենագնացը, հետո տեսել է նաև մարզպետին ու վարորդին՝ մեքենայից իջնելիս և «Վիվառո» մտնելիս։



Hraparak.am-ը զանգահարեց մարզպետ Սիմոնյանին՝ պարզելու, թե ո՞ր թիմի երկրպագու է և ի՞նչ խաղադրույք է կատարել։



«Բայց ուժեղ եք ասում... ընդհանրապես ես էդ ֆուտբոլը չեմ նայել, էդ ժամին էլ քնած եմ եղել՝ շատ խորը ու բավական հոգնած։ Էդ ինչ- որ ասում ես, ես չգիտեմ՝ էդ ում է վերաբերվում, ինչի ես ասում դա»,-ասաց նա։



-Գյումրիում մեր աղբյուրը նկատել է Ձեր մեքենան «Վիվառոյի» գրասենյակի մոտ, Դուք էլ վարորդի հետ իջել եք մեքենայից ու մտել «Վիվառոյի» գրասենյակ։



-Ու՞մ մեքենան էր, կարո՞ղ եք իմ մեքենայի համարն ասել։



-Այո՝ 027 LL 55։



-Հա, Դուք մտածում եք, որ ես եղել եմ «Վիվառոյի» դուռը, հա՞։



-Ոչ թե մտածում եմ, այլ մեզ այդպես փոխանցեցին Գյումրիից։ Դուք, առհասարակ, ֆուտբոլային հետաքրքրություններ ունե՞ք։



-Ոչ,ոչ։



-Բայց պետհամարանիշը ճի՞շտ ասացինք՝ 027 LL 55:



-Այո, բա մարզպետի պետհամարանիշը չգիտենա՞ք, ինչ է։ Էդ մեքենան, ընդհանրապես, ես որ գալիս եմ տուն, ինքը կանգնում է։



-Այդ դեպքում ու՞մ մեքենան է եղել այդ պետհամարանիշով։



-Ես չգիտեմ՝ ում մեքենան է եղել, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ