Եթե ուզում եք խելագարվեմ՝ պետք է կինոդահլիճում փակեք ու իմ ֆիլմերը ցուցադրեք

Եթե ուզում եք խելագարվեմ՝ պետք է կինոդահլիճում փակեք ու իմ ֆիլմերը ցուցադրեք

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց ռեժիսոր Սամվել Սպիունի-Սարիբեկյանի «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմը՝ նվիրված անվանի կինոռեժիսորի 75-ամյակին։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր թե Ռոման Բալայանը, թե մշակութային մի շարք գործիչներ։



«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ Ռոման Բալայանը շատ մեծ ռեժիսոր է եւ ոչ միայն հայկական կամ ուկրաինական կինոյի, այլեւ աշխարհի կինոյի համար։ «Ռոման Բալայանին բոլորս սիրում ենք վարպետի, եղբոր նման։ Ռոման, չնայած իր խրոխտ տեսքին, միշտ համեստ ու լուռ է եղել»,-նկատեց Խաչատրյանն ու հավելեց, որ փառատոնի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ռոման Բալայանին հանձնվելու է մեր երկրի բարձրագույն պարգեւներից «Եղիցի լույս» մրցանակը։



Ֆիլմի ռեժիսոր Սամվել Սարիբեկյանն էլ նշեց, որ սա ֆիլմ է իր վարպետի, ուսուցչի մասին, ապա հիշեց, որ ուսանողական տարիներին Բալայանն իրենց սովորեցնում էր ոչ թե ինչպես կինո նկարել, այլ ինչպես մարդ մնալ, իսկ կինոյի հարցում միշտ ասում էր, որ կարող է միայն փեշակին ծանոթացնել. «Ռոման Բալայանն իր էությամբ այն կերպարն է, որ ամբողջ կյանքում մարդ է փնտրել։ Ես աշխատել եմ իրենից մի քիչ փեշակ սովորել, բայց ամենակարեւորը՝ յուրացրել եմ իր պատգամը՝ մարդ մնալ»։



Ֆիլմում Ռոման Բալայանի մասին խոսում են տարբեր սերունդների ճանաչված ռեժիսորներ, դերասաններ, մարդիկ, որոնք շփվել են Բալայանի հետ, սովորել նրա ռեժիսոր եւ մարդ տեսակից։ Հետաքրքիր են հատկապես Բալայանի խոհերը, որտեղ նա մի փոքր նեղսրտած ասում է, որ քանի դեռ հայտնի չէր, դիմում էր հայկական կինոստուդիաներին՝ ֆիլմ նկարելու համար, ու չէր ստանում աջակցություն, հետո, երբ ճանաչում ձեռք բերեց, արդեն իրեն են անընդհատ դիմում, թե երբ է հայկական ֆիլմ նկարելու։



Ֆիլմում Բալայանը պատմում է Սերգեյ Փարաջանովի ու Հրանտ Մաթեւոսյանի հետ ունեցած իր մտերմության մասին, ավելին՝ ֆիլմից իմանում ենք, որ Գեղարդում կնքված Ռոման Բալայանի կնքահայրը հենց Հրանտ Մաթեւոսյանն է եղել, որը կնունքից հետո հարցրել է ռեժիսորին, թե ինչպես է հիմա իրեն զգում, ու ստացել «հիմա ինձ հայ եմ զգում» Բալայանի պատասխանը։ Ի դեպ, Բալայանը նպատակ է ունեցել Մաթեւոսյանի «Գոմեշը» վիպակի հիման վրա ֆիլմ նկարել, բայց սցենարը ձգձգվում է, Մաթեւոսյանը սցենարի իր տարբերակն է ուղարկում, որն այնքան էլ ռեժիսորի սրտով չի լինում, եւ ֆիլմը չի նկարահանվում։



«Ճախրող հրեշտակներ» ֆիլմում Ռոման Բալայանին տեսնում ենք նաեւ իր ծննդավայր Արցախում, որտեղ նա հաճախ է գնում։ Ֆիլմի վերջում Բալայանն ասում է, որ չգիտի, թե իր ֆիլմերն իրենից հետո ինչքան կապրեն, բայց կուզենա, որ իր մասին ասեն՝ Ռոման լավ տղա էր։



Վերջում Բալայանը շնորհակալություն հայտնեց ֆիլմի համար, նշելով, որ հիմա, երբ 2-րդ անգամ այն նայեց, ավելի հավանեց։ «Ուզում եմ ասել, որ ես նորմալ ռեժիսոր եմ, բայց դե՝ հայերը դրանից մեծ բան են սարքում, ես բավականին միջին ռեժիսոր եմ, իմ նման հազարներ կան, բայց իմ նման հայ շատ քիչ կա»,-ասում է Բալայանն ու հավելում, թե միշտ էլ գիտեր, որ Սամվել Սարիբեկյանն իրեն սիրում է, բայց հիմա նա դա ապացուցեց նաեւ էկրանին։ Ֆիլմի հետ կապված՝ Բալայանը մի ուղղում է անում, նա պատմում է՝ կնքվելուց հետո, երբ Հրանտ Մաթեւոսյանն իրեն հարցնում է՝ ո՞նց ես, ինքը պատասխանում է. «Հայ դառա, մեջս վախ ընկավ»։



Ֆիլմի ավարտից հետո Ռոման Բալայանից հետաքրքրվեցինք, թե իր ֆիլմերի դեպքում է՞լ է այդպես․ երբ տարիներ հետո նայում է դրանք, ունենո՞ւմ է չհամաձայնելու, փոփոխելու ցանկություն։ «Իմ ֆիլմերի դեպքում՝ չէ, ուրիշներինը։ Իսկ ընդհանրապես ես իմ ֆիլմերը չեմ սիրում, եթե ուզում եք, որ ես խելագարվեմ, ապա պետք է ինձ կինոդահլիճում փակեք ու իմ ֆիլմերը ցուցադրեք, որովհետեւ ես տեսնում եմ այն, ինչը նույնիսկ քննադատները չեն տեսել»։



«Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմից հետո կարծես ոչինչ չի փոխվել, որովհետեւ լա՞վն է կինոն, թե՞ որովհետեւ կյանքը չի փոխվել. «Փոխվում են ժամանակները, բայց ոչ մարդիկ, հավատացնում եմ ձեզ, 2 հազար տարի առաջ մարդիկ էլի նույնն էին, բայց ժամանակ է անցնում, եւ ժամանակը թելադրում է ուրիշ հայացք»։



Ռեժիսորը հիմա մի սցենար ունի, որի վրա ֆիլմ է պատրաստվում նկարահանել, ներգրավելով ուկրաինական «Օկեան Էլզի» ռոք խմբի մեներգիչ Սվյատոսլավ Վակարչուկին, քանի որ հատուկ նրա համար է գրել այդ սցենարը։ Ասում է՝ հավանաբար, հաջորդ տարի մայիսին այն կնկարահանի, իսկ եթե չստացվի, հոգ չէ. «Ես արդեն շատ հեռու եմ կինոյից, հիմա ինձ ավելի հաճելի է կողքից դատողություններ անել՝ իբր ես լավն եմ ու խելացի»։



Բալայանն ասում է՝ գուցե զարմացնի, բայց վերջին տարիներին կինո չի գնում, անգամ ամենահաջողվածները չի դիտում. «Ես ավելի շատ թատրոն եմ գնում, յուրաքանչյուր պիես իր դրամատուրգիական կառուցվածքով ավելի կատարյալ է, քան ցանկացած սցենար, դա նույնիսկ՝ ամենաանտաղանդ պիեսի դեպքում։ Ես կարողանում եմ, նայելով ներկայացումը, լսել տեքստը, երբ հատկապես վատ են խաղում, իսկ այդպես հաճախ է լինում։ Բայց լինում է նաեւ հակառակը՝ երբ պիեսը հեչ բան է, բայց լավ են խաղում»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ