«Հայկական ժամանակ». Ռուսները նյարդայնացել են

«Հայկական ժամանակ». Ռուսները նյարդայնացել են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ «Գազպրոմի» ղեկավարությանը նյարդայնացրել է ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ։



Խնդիրն այն է, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է իրանական կողմին Հայաստանին գազ մատակարարել առաջիկա մեկ ամսվա ընթացքում, քանի որ ՌԴ-ից Հայաստան եկող գազամուղի վրա վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այդպիսի աշխատանքներ հաճախակի են արվում եւ այդ ընթացքում Հայաստանն օգտագործում է գազապահեստարաններում կուտակված գազը։ Կուտակված գազի ծավալը մանավանդ ամռանը Հայաստանի պահանջարկը կարող է բավարարել ավելի քան երկու ամիս, եւ Իրանից գազի մատակարարման կարիք չկա։



Ռուսական կողմը լուրջ մտահոգություններ ունի, որ ՀՀ իշխանությունները փորձում են ռուսական գազի այլընտրանք գտնել եւ ստեղծված առիթը օգտագործում են Հայաստանում իրանական գազի «ոտքը պնդացնելու» համար։



Ընդգծենք, որ Ռուսաստանի համար սկզբունքային հարց է եւ տարիներ շարունակ ՌԴ-ն ջանքեր է թափել Հայաստանը իրանական գազից հնարավորինս հեռու պահելու եւ ՀՀ-ի կախվածությանը ռուսական գազից խորացնելու համար։ Իրանից ներքին սպառման համար գազ մատակարարելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը կարող է էապես թուլացնել Հայաստանի կախվածությունը ռուսական գազից»:



    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում