Մենք հիմա խոսում ենք հետները

Մենք հիմա խոսում ենք հետները

Հուլիսի 16-ին ԼՂՀ մի խումբ գործիչներ հռչակագիր են ստորագրել՝ պահանջելով ԼՂՀ հարցի շուրջ նոր բանակցային գործընթաց։ «Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությամբ, պատրվակով կամ ձեւով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որեւէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումն այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաեւ այդ նպատակով իրականացվող քարոզչությունը»,- ասվում է հռչակագրում, որը նաեւ սպառնալից երանգներ ունի․ «Մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության»: Արցախի գործիչներն անընդունելի են համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք՝ կարգավիճակի», «տարածք՝ խաղաղության» կամ «տարածք՝ ավելի կայուն իրավիճակի» դիմաց ձեւակերպումները եւ «անհրաժեշտ են համարում բանակցային գործընթացի հիմքի եւ սկզբունքների վերանայումը»։ Նախաձեռնողները «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, դիվանագետ, նախկին դեսպան Արա Պապյանը է եւ ԼՂՀ հասարակական գործիչ, մասնագիտությամբ ինժեներ-շինարար Վահան Բադասյանն են։ Զուգադիպություն էր, թե օրինաչափություն, բայց հռչակագրի ստորագրման հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը Երեւանում։ Քանի որ Պավլիկ Մանուկյանը եւ նրա ընկերներն արյուն են թափել Արցախի ազատագրման համար եւ Արցախում բազում մարտական ընկերներ ունեն, զարմանալի չէ, որ արցախցի գործիչները խիստ հետաքրքրված են ապստամբների ճակատագրով եւ զգուշորեն փորձում են բանակցել տղաների հետ։ Վահան Բադասյանը ներգրավված է բանակցություններում եւ ամեն վայրկյան լուր է սպասում Երեւանից։ Նրան մի քանի հարց ուղղեցինք, որոնց նա դժկամությամբ էր պատասխանում՝ վախենալով, որ ավելորդ բառը կարող է վնասել բանակցություններին։



- Պարոն Բադասյան, ամսի 16-ին սկսված գործընթացը կապ ունի՞ գրոհայինների պահանջի հետ, որքան հասկացա, նրանք հողերի հանձնման դեմ էին նաեւ արտահայտվում։



- Հա, իհարկե, բայց այս երկու գործընթացները կապ չունեն։ Դա ինքնաբուխ է եղել։



- Ինչպե՞ս եք գնահատում նրանց արարքը։



- Ես չեմ կարող ոչինչ ասել։ Մենք հիմա խոսում ենք հետները։ Եթե ես հիմա կարծիք հայտնեմ, պետք է, ուրեմն, դուրս գամ գործընթացից։



- Այսինքն՝ դուք հիմա հենց գրոհայինների հե՞տ եք զրուցում։



- Ոչ միայն։



- Նաեւ իշխանությա՞ն։ Գուցե փորձում եք միջնորդի դե՞ր կատարել։



- Այո, որ արյուն չթափվի, ես հիմա իրավունք չունեմ խոսելու, ախր, կամ էլ պետք է կանգնեմ կողմ։



- Դուք վտանգ եք զգում, դրա՞ համար եք հռչակագիրն ստորագրել։



- Կա փաստաթուղթ, եւ ոչ ոք չի իմանում, թե ինչ է այնտեղ գրված։ Բայց եթե խոսում են այս մասին, եթե հարցում է անցկացվում Ղարաբաղում, իսկ դուք գիտեք, որ կան այդպիսի սոցհարցումներ, ուրեմն, կա առիթ մտավախության։ Եվ դրա դիմացը մենք էլ այսպես ենք առնում՝ հռչակագիր ստորագրելով։



- Իսկ դուք ունե՞ք արձագանք իշխանությունից՝ մեր կամ ձեր։



- Մեզ արձագանք պետք չէ։ Հռչակագրի ստորագրահավաքը շարունակվում է։ Նոր մարդիկ են ավելանում, մեր քաղաքացիները։ Ուղղակի հիմա մենք զբաղված ենք Երեւանի դեպքերով ու ժամանակավորապես դադարել ենք հռչակագրի հետ կապված գործընթացը։



- Գրվեց, որ Սերժ Սարգսյանին Ղարաբաղում կոշտ են դիմավորել վերջին անգամ, դա ճի՞շտ է։



- Չեմ կարող ասել։ Ում հետ որ նա հանդիպել է, ես նրանց չեմ հասցրել տեսնել։ Այս դեպքերը որ եղան, ամբողջությամբ սրանով եմ զբաղված։



- Իսկ դուք հույս ունե՞ք, որ ապստամբների հետ բանակցությունը դրական ավարտ կունենա։



- Անշուշտ, ես հույս ունեմ, որ հանգուցալուծումը կգտնվի առանց արյունահեղության։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ